Անօրինական բերման ենթարկելու փաստերը շարունակվում են
00:00, April 7, 2008 | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2008 թ. ապրիլի 6-ին Գուգարքի ոստիկանության աշխատակիցները, առանց որևէ բացատրության, բերման են ենթարկել վանաձորցի Սեյրան Անդրեասյանին:
Սեյրան Անդրեասյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից մեկը: Նա մասնակցել է Երևանում կայացած բոլոր հանրահավաքներին, գրի է առել դրանց ընթացքը: 2008թ-ի մարտի 1-ին` խաղաղ նստացույցը ցրելիս, ոստիկանները նույնիսկ ռետինե մահակով 3 անգամ հարվածել են նրան:
Ս. Անդրեասյանի կնոջ՝ Լիդա Անդրեասյանի հավաստմամբ՝ 2008թ. ապրիլի 6-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, Գուգարքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից մեկը՝ Արմեն անունով, այցելել է Ս. Անդրեասյանի տուն: Ոստիկանության մի քանի այլ աշխատակիցներ հավաքված են եղել տան բակում: Ոստիկանության աշխատակիցները պահանջել են Սեյրանից արագ հանգվել և իրենց հետ ներկայանալ ոստիկանության բաժին:
Երկու ժամ անց՝ մոտ ժամը 10:00-ին, Սեյրան Անդրեասյանի կինը գնացել է ոստիկանություն՝ ամուսնու վերաբերյալ տեղեկություններ իմանալու: Ոստիկանությունում Լիդա Անդրեասյանը տեսել է ամուսնուն, բայց հնարավորություն չի ունեցել զրուցել նրա հետ:
Ոստիկանության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ աշխատակիցներից մեկը՝ Կարեն Խանումյանը, հայտարարել է, որ Ս. Անդրեասյանն արդեն ամեն ինչ խոստովանել է: Նրա տված ցուցմունքների համաձայն՝ քրեական գործ է հարուցվել:
Ս. Անդրեասյանը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է ֆրանսիական դեսպանատան մոտ, մասնակցել խանութների թալանին:
Լիդա Անդրեասյանը քննիչին տեղեկացրել է, որ իր ամուսինը մանկամիտ է, խեղճ է և չէր կարող նման բան անել: Քննիչը ևս հավաստել է, որ ինքը ևս նկատել է Սեյրան Անդրեասյանի տարօրինակությունները:
2008թ. ապրիլի 7-ին ոստիկանության քննիչը տեղեկացրել է Լիդա Անդրեասյանին, որ ամուսնուն տարել են Երևան: