«Վախեցող չկա, իր իրավունքների համար պայքարից հրաժարվող չկա»
00:00, March 31, 2008 | Մամլո հաղորդագրություններՀարցազրույց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Արտակարգ դրության 20 օրերը ի՞նչ տվեցին իշխանություններին, ի՞նչ հասարակությանը: Ով ի՞նչ հետեւություն պետք է անի:
Նախ ուզում եմ արձանագրել, որ արտակարգ դրությունը իր ծագմամբ անօրինական էր, որովհետեւ մարդու իրավունքների սահմանափակում կարող է արվել միայն օրենքով: Սա սահմանված է եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ Սահմանադրությամբ: Արտակարգ դրությունը հայտարարվեց նախագահի հրամանագրով, ինչը հակասահմանադրական էր: Ի հավելումն, արտակարգ դրություն հայտարարելու համար հիմքերը բավարար չէին: Օրինակ «ՏԵՑ-ի Կռուգի» դեպքերից հետո, երբ մարդիկ սպանվեցին, արտակարգ դրություն չհայտարարվեց: Միանշանակ էր, որ 10 օրյա խաղաղ նստացույցները եւ երթերը հիմք չէին տալիս իշխանություններին արտակարգ դրություն հայտարարել կամ կիրառել այն մեթոդները, որ կիրառեցին եւ այս տեսակետից գտնում եմ, որ հենց իշխանությունները են կազմակերպել ամեն ինչ, որ ունենան որեւէ փաստարկ խաղաղ ցուցարարների եւ ընդդիմության դեմ: Արտակարգ դրության ռեժիմի օրերին իշխանությունները (իշխանություն բառին պետք է վերապահումով մոտենալ, Հայաստանում իշխանություն չկա, կա խունտա` փոքրամասնության իշխանություն) շարունակեցին դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ սկսված քաղաքական ընդդիմադիրներին քրեական հետապնդումներով լռեցնելը, նրանց ազատազրկելը, քաղաքացիներին եւ հասարակությանը իշխանություններին ոչ հաճո տեղեկատվությունից եւ կարծիքներից զրկելը եւ հասարակությանը ապատեղեկացնելը: Սա էր արտակարգ դրության ամբողջ նպատակը: Իհարկե ակտիվ քաղաքացիները իրենց հասու ձեւերով կարողացան ինֆորմացիա ստանալ եւ տարածել, բայց հասարակության մեծամասնությունը գտնվում է ապատեղեկացված վիճակում է: 20 օրվա ընթացքում փակվեց հրապարակային գործունեության դաշտը, քաղաքացիական հասարակությունը բռնադատվեց: Ընդդիմադիրներին ոչ միայն անօրինական, այլ նաեւ անպատժելի բերման ենթարկելն ու «Մեր դեմ խաղ չկաե մտածելակերպը ամենածաղկուն ձեւով արտահայտվեցին այս 20 օրում: Բայց հասարակությունն էլ ցույց տվեց որ չի հուսահատվելու: Դա երեւաց մարտի 21-ին, երբ բավական մեծ թվով մարդիկ փողոց դուրս եկան: Հասարակությունը ցույց տվեց, որ վախեցող չկա, հասարակությունը ցույց տվեց, որ չի հրաժարվել իր իրավունքների համար պայքարից:
Մարդու իրավունքների սահմանափակումները օրենքի ուժ են ստանում: Իսկ հասարակական կազմակերպությունները հայտարարում են, որ շարունակելու են պայքարը: Ինչի՞ կբերի այս վիճակը:
Արտակարգ դրությունը միայն Երեւանում էր, մենք Վանաձորում փորձեցինք հանրահավաք անցկացնել եւ թերթ տպել: Չթողեցին: Մենք մեր քայլերը իրավական դաշտում շարունակվելու են, իսկ նրանց ամեն քայլ ոչ իրավական է: Նրանց ամեն մի փաստաթուղթ իրենց իրավական անգրագիտության եւ ապուշության արձանագրումն է: Վիճակի վտանգավորությունը նրանում է, որ փոքրամասնությունն է իշխում մեծամասնությանը: Բայց գործընթացների առումով վտանգ չկա: Իշխող ռեժիմն է վտանգավոր: Իսկ իշխող ռեժիմը վտանգ է տեսնում ցանկացած քաղաքացիական ակտիվությունից: Հանրահավաք անցկացնելը արգելում են, պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել մարդկանց կյանքն ու առողջությունը: Սա նշանակում է, որ սրանց համար ցանկացած մարդու իրավունքի իրացում համարվում է ապակայունացնող: Սրանց համար կայությունը գերեզմանային կայունությունն է, իսկ դա հատուկ է բռնատիրական ռեժիմներին: Սրանք տիրապետում են միայն բռի, ուժային մեթոդներին, ինչը սնանկ է ի սկզբանե: Այստեղից եզրակացնում եմ. քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներից հետո երբ հայտարարում են, թե ՔԿՀ-ներում սնունդը եւ պայմանները լավն են, ուզում են ասել, որ մարդը ապահով է ազատազրկված վիճակում: Սրանք ուզում են կամ ազատազրկված քաղաքացի ունենալ, կամ արտագաղթած:
Իշխանությունները արգելեցին մոմավառությունը, գիրք կարդալը, զբոսնելը: Ու խոսում են հանդուրժողականությունից: Ո՞րն է տրամաբանությունը:
Խիստ է ասված արգելեցին: Չարգելեցին: Փորձեցին արգելել: Տրամաբանությունը՞: Փորձում են կառավարելի դարձնել մարդկանց մտածելակերպը եւ վարքագիծը: Ռուսական կառավարելի դեմոկրատիան են ուզում ներդնել Հայաստանում: Պատահական չէ, որ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե մեզ ավելի հեշտ է խոսել Ռուսաստանի հետ, քան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի: Այսինքն քաղաքակրթական արժեքների առումով մեզ դնում են բռնապետական համակարգում: Իրենք այլ ելք չունեն: Հենց փորձում են տեղափոխվել քաղաքական, տնտեսական կամ իրավական դաշտ սնանկ են երեւում: Իրենց սնանկությունը ֆիքսվում է ցանկացած հրապարակային դաշտում: Իշխանությունները իրավական դաշտում չեն:
Իշխանությունները իրավական դաշտում չեն, մարդու իրավունքները սահմանափակվում են, այս առթիվ միջազգային կառույցների կարծիքները արհամարհվում են: Այսպես ո՞ւր ենք գնում:
Ես համաձայն չեմ, թե միջազգային կառույցների կարծիքները արհամարհվում են: Ներքին սպառման համար իհարկե Ռոբերտ Քոչարյանը ասում է, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի փողը չեն տալիս, թող չտան, մենք ուրիշ տեղից փող կճարենք: Ես չգիտեմ այդ փողը իր գրպանից է տալու, Գագիկ Ծառուկյանն է տալու, թե Սամվել Ալեքսանյանը: Բայց եթե Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը ստիպված են «Նյու-Յորք թամյսում» հոդված գրել ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի, դա խոսում է այն մասին, որ դրսի կարծիքները չեն արհամարհվում: Մենք դեռ չգիտենք, թե դիվանագիտական ճակատում ինչպես են իրենց դրսեւորում եւ ինչ վիճակում են գտնվում: Հայաստանի անդամակցությունը միջազգային կառույցներին եւ այդ կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունները ոչ միայն որպես իշխանություն հանդես եկող ռեժիմինն են, այլ նաեւ հասարակությանը: Մենք այդ պարտավորությունների կատարման առումով կարող ենք արձանագրել, որ քաղաքացիները իրենց ստանձնած պարտավորությունները կատարել են: ԳԱԼԱ հեռուստաընկերության օգտին հանգականությանը մասնակցելով հասարակությունը ասաց, որ մասնավորաբար խոսքի ազատության հարթությունում ստանձնած պարտավորությունները կատարելու կամք ունի: Նման կամք չունի իշխանությունը զավթած խումբը: Այս հողի վրա մենք միջազգային կառույցների հետ երկխոսության մեջ մտնելու բավական լավ հիմք ունենք:
Մարտի 21-ից հետո ավելի ու ավելի գերիշխող է դառնում այն տեսակետը, թե զարգացումներն էլ «Լեւոնի կռիվը» չեն: Հասարակությունն է պայքարում իր իրավունքների եւ ազատությունների համար: Այս դեպքում հասարակության հաղթանակը ի՞նչ է նշանակելու:
Այս տեսակետը կար մինչեւ մարտի 1-ը` փետրվարի 20-ից սկսած բազմամարդ հանրահավաքներն արդեն «Լեւոնի կռիվը» չէին` հասարակությունը չէր ընդունում ընտրության արդյունքները, քաղաքական ուժի անվան տակ հանդես եկող խունտային: Մարտի 1-ի առավոտվա դեպքերի մասին բացարձակապես որեւէ քննություն կամ խոսակցություն չկա: Ռոբերտ Քոչարյանն է ասել, թե ոստիկանները գնացել էին խուզարկության, ինչը բացարձակ սուտ է, խաբեություն է, երկրի առաջին դեմքի դիրքը գրավող մարդը սուտ է խոսում: Մարտի 1-ը հանդիսացավ եւս մեկ օղակ որը ավելի հստակ արձանագրեց փոքրամասնության եւ մեծամասնության հակամարտությունը: Հասարակության հաղթանակը կլինի սրանց հեռացումը: Քաղաքացիական անհնազանդության ասածը դրսեւորվում է ամենտարբեր ձեւերով: Պետական համակարգում հիմա զտումներ են. «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով: Հետո հեռացնելու են նրանց, ովքեր իրենց հրամանները չեն կատարի եւ այսպես նեղացնելու են շրջանակը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
Արամ Զաքարյան
http://www.hra.am/arm/?page=issue&id=17981