Թմրանյութ օգտագործողներն իրավական աջակցության կարիք ունեն
00:00, December 2, 2007 | Մամլո հաղորդագրություններ | Թմրամիջոցներ գործածողներՄիջազգային կառույցները թմրանյութից կախվածությունը դիտում են որպես հիվանդություն, ոչ թե՝ հանցագործություն: Սակայն մինչ օրս Հայաստանում այս երևույթը միանշանակ դիտվում է որպես հանցագործություն: Սա են վկայում թե° ներպետական օրենսդրական դաշտը և թե° հասարակական կարծիքը:
Միջազգային կազմակերպությունների հետ մեկտեղ նույն նպատակն է հետապնդում «Իրավական աջակցություն թմրանյութ օգտագրծողներին եվ նրանց ընտանիքներին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
«Շատ կարևոր է , որ հասարակությունն ի վերջո գիտակցի, որ թմրանյութի օգտագործումը հիվանդություն է, որը պետք է բուժվի, այլ ոչ թե դատապարտվի: Սա ըստ էության միակ հիվանդությունն է, որի համար մարդը օրենքով պատիժ է կրում»,- նոյեմբերի 30-ին Լոռի հեռուստաընկերության ուղիղ եթերում տրված հարցազրույցում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը:
Նա ներկայացրեց հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Իրավական աջակցություն թմրանյութ օգտագրծողներին եվ նրանց ընտանիքներին» ծրագրի նպատակներն ու խնդիրները: Ըստ էության ծրագրի կարևոր նպատակներից մեկը ներօրենսդրական ակտերի, օրենքների վերանայումն է:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի, Հայաստանում թմրանյութ օգտագործողները չափազանց խոցելի են են, նրանք որևէ կերպ պաշտպանված չեն իրավապահների անօրինական գործողություններից:
Ա.Սաքունցը ներկայացրեց նաև այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են գրասենյակի կողմից՝ այս ծրագրի շրջանակներում: Մասնավորապես հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով հասարակության շրջանում իրականացված հարցումների արդյունքները,որին մասնակցել են Վանաձոր քաղաքի 360 քաղաքացի:
Համաձայն այդ արդյունքների, հասարակության 3.3%-ը այդ երևույթին լավ է վերաբերվում, 81.7%-ը ՝ վատ, 15%-ի՝ վերաբերմունքը նորմալ է այդ երևույթի հանդեպ:
Այն հարցին, թե «ըստ ձեզ որոնք են թմրանյութի օգտագործման պատճառները», հարցման մասնակիցների 26.4%-ը պատասխանել է շրջապատի ազդեցությունը, 30.3 %-ը ՝ հետևանքների չգիտակցումը, 30.5%-ը ՝ հետաքրքրությունը, ցանկությունը / զվարճանքը, մյուսներից տարբերվելու ձգտումը/ , 40.8 %-ը ՝ անձնական խնդիրների առկայությունը / դեպրեսիան, հուսահատությունը, թերարժեքության զգացումը, անգործությունն ու վատ ապրելակերպը /, 4.4%-ը՝ նյութական ապահովվածությունը, 1.1%-ը՝ անբուժելի հիվանդություւները / ցավերը մեղմելու ցանկությունը /: 10.5 %-ը ընդհանրապես դժվարացել է որևէ պատասխան տալ:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հասարակության կողմից տրված տարաբնույթ պատասխանները, 75%-ը պատրաստ է տարբեր բնույթի աջակցություն ցուցաբերել թե° թմրանյութ օգտագործողներին, եվ թե° նրանց ընտանիքների անդամներին:Մասնավորապես ՝ բարոյահոգեբանական, խորհրդատվական, իրավական, ինչպես նաև դրամական: Փոխարենը 25%-ը պատասխանել է, որ ընդհանրապես պատրաստ չէ որևէ տեսակի աջակցություն ցուցաբերել:
«Այս ծրագիրը համաշխարհային ծրագիր է ,սակայն Հայաստանում այն առաջին անգամ է իրականացվում: Հետագայում այն հանրապետությունում ավելի լայն տարածքներ կընդգրկի», – հավաստիացրեց Ա. Սաքունցը:
Ծրագրի տևողությունը 7 ամիս է , եվ այդ 7 ամիսների ընթացում նախատեսվում են այցելություներ թմրանյութ օգտագործող քաղաքացիների ընտանիքներ, զրույցներ նրանց եվ նրանց ընտանիքի անդամների հետ,նրանց խնդիրների վերհանում, իրավաբանական անվճար խորհրդատվությունների տրամադրում, հեռուստաքննարկումներ,հասարակության իրազեկման նպատակով պաստառների տպագրում եվ անհրաժեշտության դեպքում նաեվ թմրանյութ օգտագործողների շահերի պաշտպանություն դատարանում:
Լիլիթ Զարգարյան