Միացիր բողոքի կոչին
00:00, August 24, 2007 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԹագուհի Հակոբյան
17 տարի առաջ, 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի եռագույն խորհուրդն ընդունեց «Անկախության մասին հռչակագիրը», որն էլ սկզբնավորեց անկախ պետականության գործընթացը:
Այն ժամանակ հավանաբար ՀՀ ոչ մի քաղաքացի չէր կարող պատկերացնել, որ 17 տարի անց Հայաստանում կլինեն քաղբանտարկյալներ, ազատ մամուլը լույս կտեսնի չնչին տպաքանակներով, կեթերազրկվի միակ անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը, «Ազատություն» ռադիոկայանին կփորձեն օրենսդրական «հիմնավորումներով» դուրս մղել Հանրային ռադիոյի եթերից և այլն: Այսօր այս ամենն իրողություն է:
Երեկ «Երևան» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման էր եկել «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ փաստաբան Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանը և Հելսինկան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Մեր թերթն արդեն տեղեկացրել է, թե ինչպես են օրեր առաջ վարվել փաստաբան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, երբ վերջինս մի քանի համախոհների հետ փորձել է համահայկական խաղերի մասնակիցներին բաժանել քաղբանտարկյալների մասին իրազեկող թռուցիկներ: Երեկվա մամուլի ասուլիսում փաստաբանը կրկին մանրամասն պատմեց իր հետ կատարվածը: Ճանաչելով, որ Զարուհին ԱԺ պատգամավոր է՝ ոստիկաններն, այնուհանդերձ, չեն խորշել նրա ձեռքից խլել պայուսակը, որի մեջ եղել են թռուցիկներ: «Ես ոչ թե որպես ԱԺ պատգամավոր էի ցանկանում բաժանել թռուցիկներ, այլ՝ որպես ՀՀ քաղաքացի, որն իմ սահմանադրական իրավունքն է»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Իսկ թռուցիկներ բաժանելու տարբերակը, ըստ Զ. Փոստանջյանի, իրենք ընտրել են ստիպված, քանի որ սպառվել է դատական համակարգում արդարություն գտնելու հույսը: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ համահայկական խաղերի ժամանակ նրանք թռուցիկներ են բաժանել, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց, ընդ որում՝ սփյուռքահայերի, կարողանան իրազեկել երկրում կատարվող ապօրինությունների և քաղաքացիական ազատությունների ու իրավունքների ոտնահարման փաստերի մասին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ այնտեղ, որտեղ լինում է Ռոբերտ Քոչարյանը և տեղի են ունենում իր նախանշած սցենարի մեջ չմտնող գործողություններ, ինքնին վտանգավոր է: Պարոն Սաքունցը մտահոգություն հայտնեց նաև, որ Հայաստանը հայտնվել է այնպիսի անմխիթար վիճակում, որտեղ պետք է զբաղվել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության խնդիրներով: «Միացի°ր բողոքի կոչին, հակառակ դեպքում ապօրինության հաջորդ թիրախը կարող ես դառնալ դու», «Հայաստանի Հանրապետության քաղաքացի°, իրացրու° քո իրավունքը, պահանջի°ր անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Արման Բաբաջանյանին»,- կոչ են անում քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խմբի անդամները:
Ուշագրավ է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված ոտնձգություններին չեն արձագանքել Ազգային Ժողովի նախագահն ու մյուս պատգամավորները: Հավանաբար արտերկրյա արձակուրդային հանգստից դեռևս չվերադարձած Աժ պատգամավորները չեն ցանկանում ինչ-ինչ մանրուքների պատճառով իրենց տրամադրությունը փչացնել՝ պաշտպանելու համար իրենց գործընկերոջը: