Զարուհի Փոստանջյան. «Թռուցիկների առգրավումը ապօրինություն է»
00:00, August 23, 2007 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն Շաբաթ օրը չորրորդ համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Հանրապետական մարզադաշտի մոտ թռուցիկներ բաժանողները թույլ չեն տվել որեւէ գործողություն, որը ուղղված լիներ միջոցառման անցկացմանը խոչընդոտելուն:
Այդ մասին հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Ոստիկանության լրատվության վարչության պետի խոսքերը, թե թռուցիկներ բաժանողները ոստիկանության բաժանմունք են տարվել «Համահայկական խաղերի բացման մասնակիցների անվտանգության ապահովման նկատառումներով»:
Զուտ իրավական տեսանկյունից` «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը թռուցիկների առգրավումը եւ ընդհանրապես դրանց բաժանումը կանխելը գնահատում է որպես «ապօրինություն»:
«Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ տեղեկություններ, տարածել տեղեկություններ եւ կարծիք արտահայտել», – ասաց Փոստանջյանը: – «Կարծում եմ, հենց այնպես չէ, որ մենք այսօր կարծիքը պաշտպանելու համար ստեղծել ենք «Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբ»: Այսինքն, այս անձինք իրենց կարծիքները տարածելու, կարծիքները փոխանցելու, տեղեկություն տարածելու համար են այսօր հայտնվել բանտախցերում: Եվ այս կարծիքները չպաշտպանելը եւ իրենց չպաշտպանելը նույնպես այսօր նշանակում է ոտնահարել մեր այդ իրավունքի իրացումը»:
Պատգամավորի կարծիքով, «զուտ իրավաբանորեն, այո, սա ե’ւ Սահմանադրության, ե’ւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է»:
Արթուր Սաքունցի խոսքերով, շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում արդեն պաշտպանության կարիք ունեն իրավապաշտպանները. – «Այսինքն, մենք արդեն ստիպված ենք նաեւ մտածել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների պաշտպանության խնդիրների շուրջ»:
Համահայկական խաղերի ընթացքում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին թռուցիկների բաժանումը, ըստ ասուլիսի մասնակիցների, հստակ նպատակ ուներ` տեղյակ պահել շատ հաճախ ընդամենը մի քանի օրով Հայաստան այցելող եւ իրականությանն անտեղյակ սփյուռքահայեր երիտասարդներին երկրում կատարվող իրադարձությունների մասին:
Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբը շարունակելու է պայքարը եւ արդեն Համահայկական խաղերի փակմանը պատրաստվում է նույնպես բաժանել թռուցիկներ` «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանությանը միանալու կոչով:
Աննա Սաղաբալյան
չորեքշաբթի 22, օգոստոսի 2007
http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2007/08/A2212C62-991B-4850-8835-19E675A39587.ASP
Տ°ես նաև
>http://www.panorama.am/am/politics/2007/08/22/qagh/