Իրավապաշտպանները՝ հակառակորդ
00:00, July 17, 2007 | Քննարկումներ«2002-ից, երբ Հայաստանն անդամագրվեց Եվրոպայի խորհրդին՝ ինչքան ավելանում է Մարդու իրավունքների պաշտպանության կառույցների թիվը, նկատի ունեմ օմբուդսմենի ինստիտուտը, հիմա էլ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, այնքան մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ավելի վատանում է»,- երեկ հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով սեմինարի ընթացքում:
Այս պնդումն Արթուր Սաքունցն արեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի ելույթից հետո, որի ընթացքում վերջինս պատրաստակամություն հայտնեց համագործակցել նաեւ իրավապաշտպան հ/կ-ների հետ: «Ինձ համար զարմանալի է, որ ձեւավորվում է նման հանձնաժողով ԱԺ-ում, որն ընտրվել է խայտառակ ընտրախախտումների արդյունքում»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա նաեւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ հիմնադրած պաշտոնաթերթի մի հրապարակման մեջ «բոլոր այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս «Ազատություն» ռ/կ-ի իրավունքների պաշտպանությամբ՝ անվանում են գրանտակերներ, 5-րդ էշելոններ կամ ազգային շահերի դավաճաններ:
Այսինքն՝ պետությունը, հանձինս իր լրատվամիջոցի, որին ֆինանսավորում է՝ ուղղակի թույլ է տալիս նման պատկերացում ձեւավորել այն հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ, որոնք ըստ Սահմանադրության եւ օրենսդրության զբաղվում են իրենց առաքելությամբ»: Սա եւս մի ապացույց դիտվեց այն իրողության, որ իշխանությունն իրեն «ենթակա բոլոր ԶԼՄ-ներով եւ ամբողջ զինանոցով նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ իրավապաշտպան գործունեությունը ներկայացվի իբրեւ իր հակառակորդ: Սա բնորոշ է միայն տոտալիտար կամ ավտորիտար երկրներին, որտեղ իրավապաշտպանությունը հասցվում է մինչեւ այլախոհության աստիճան»:
Ա. Ի.
http://new.aravot.am/am/news