Մարդու իրավունքների մեթոդները, մեխանիզմները և գործիքները
00:00, February 27, 2007Փետրվարի 22-26-ը Վանաձորում կայացավ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրով նախատեսված առաջին դասընթացը:
«Մարդու իրավունքների մեթոդները, մեխանիզմները և գործիքները» թեմայով դասընթացին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նորընտիր 16 կամավորներ:
Կամավորներն ընգրկվել են Լոռու մարզի 5 քաղաքներից՝ Վանաձորից 8, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի քաղաքներից 2-ական մասնակից:
Դասընթացի առաջին օրը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» իրավաբանական բաժնի ղեկավար, փաստաբան Նարինե Ռշտունու ներկայացմամբ մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների ծագման պատմությանը, մարդու իրավունքների հասկացությանը: Խոսելով մարդու իրավունքների պատմության մասին Նարինե Ռշտունին ներկայացրեց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» նախաձեռնման և ընդունման պատմությունը: Մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հասկացությանը, ինչպես նաև, թե որ դեպքում իրավունքները կարող են սահմանափակվել:
Գործնական աշխատանքի ժամանակ ՀՀ Սահմանադրությունից առանձնացվեցին քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական իրավունքները և պարտականությունները:
2-րդ օրը մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին, ներպետական և միջազգային մեխանիզմներին:
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը խոսեց մարդու իրավունքների պաշտպանության հիմնական բաղադրիչների՝ սահմանադրական ժողովրդավարության և իրավական պետության մասին:
Իրավական պետության պայմաններում օրենքի առաջ բոլորը հավասար են: Ժողովրդավարությունն առանց իրավական պետության, ըստ նրա, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ոչ իրավական պետության ամենապակերավոր բնորոշումը Մուսոլինիի խոսքերն են. «Մեր բարեկամներին, ընկերներին թույլ է տրվում անել ամեն ինչ, օրենքները մյուսների համար են»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Լիլիթ Սիմոնյանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ներպետական համակարգը:
Մասնակիցները սովորեցին ՀՀ Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ դիմելու կարգը, ժամկետները:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները Ա. Իշխանյանի ներկայացմամբ մեր աջակիցներն են և մենք պետք է ակտիվորեն համագործակցենք նրանց հետ: Նա պատմեց համաեվրոպական ամենահայտնի կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության, ինչպես նաև ՄԱԿ-ի մասին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Ելենա Սարգսյանը ներկայացրեց մասնակիցներին Եվրոպական Դատարան դիմելու կարգը և պայմանները:
Գործնական աշխատանքի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների խախտման կոնկրետ դեպքեր: Մասնակիցները կիրառեցին ստացած գիտելիքները՝ որոշելով, թե ինչ միջազգային կառույցի կարելի է դիմել տվյալ խախտման դեպքում, արդյոք բոլոր պայմանները բավարարում են տվյալ կառույցին դիմելու համար:
Դասավանդողների գնահատմամբ մասնակիցների կողմից ըստ էության ոչ մի կետ չէր անտեսվել:
Դասընթացի վերջին օրը մասնակիցները ծանոթացան իրավապաշտպանական գործունեության իրավական, քաղաքական, կրթական և հասարակական մեթոդների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունների և Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ:
«Իրավապաշտպանական կազմակերպությունը պետք է շարժվի «մի վնասիր» սկզբունքով», – խոսելով շահերի պաշտպանության մասին նշեց Ա. Իշխանյանը:
Խմբային աշխատանքի միջոցով, առանձին իրավիճակների համար մշակվեցին շահերի պաշտպանության մեխանիզմներ:
Ավետիք Իշխանյանի գնահատմամբ բոլոր խմբերը շատ լավ պատկերացրեցին շահերի պաշտպանության մեխանիզմը:
Դասընթացի ավարտին Ավետիք Իշխանյանը ներկայացրեց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պատմությանը, նա այն բաժանեց 2 փուլի՝ մինչև 2001թ-ը և դրանից հետո, երբ Հայաստանը դարձավ Եվրոպական Խորհրդի անդամ: Ա. Իշխանյանի կարծիքով բոլոր միջազգային կառույցները կարող են լինել միայն աջակցող:
Երբեք հույս դնել այն բանի վրա, որ միջազգային կառույցները մեր երկիրը կդարձնեն ժողովրդավարական, չի կարելի:
«Այսօր մենք գտնվում ենք ոչ իրավական պետությունում: Սա է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում հաջորդ դասընթացը նախատեսված է անցկացնել մարտի 17-ին: Այն կվերաբերվի նախընտրական քարոզչության ուսումնասիրությանը , դրա իրականացման մեթոդներին :
Դասընթացի ավարտին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված հատուկ հարցաթերթիկների միջոցով բացահայտվեցին մասնակիցների կողմից յուրացված գիտելիքների ծավալը, դասընթացի արդյունավետությունը:
Դասընթացն իրականացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի Երեվանի գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ: