Իրավապաշտպան գործունեության մեթոդները, մեխանիզմները և գործիքները
00:00, February 20, 2007 | Մամլո հաղորդագրություններՓետրվարի 22-ին Վանաձորում կմեկնարկի «Իրավապաշտպան գործունեության մեթոդները, մեխանիզմները և գործիքները» թեմայով 4-օրյա դասընթացը:
Դասընթացին կմասնակցեն Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Վանաձոր քաղաքներից ընտրված 16 երիտասարդներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նորընտիր կամավորներ:
Քառօրյա դասընթացի ընթացքում նախատեսվում է մասնակիցներին ծանոթացնել մարդու իրավունքների պաշտպանության մեթոդներին, ներպետական և միջազգային մեխամիզմներին, միջազգային կազմակերպությունների փորձի հետ:
Որպես ուսուցանողներ դասընթացում ներգրավված են Երևանի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ներկայացուցիչ Նարինե Ռշտուտին և «Հայաստանի Հելսինկյան Կոմիտեից» Ավետիք Իշխանյանն ու Լիլիթ Սիմոնյանը:
Դասընթացավար Նարինե Ռշտունին կներկայացնի Մարդու իրավունքների հիմնական հասկացութունները, մարդու իրավունքների պատմությունը:
Ավետիք Իշխանյանն ու Լիլիթ Սիմոնյանը երիտասարդներին կծանոթացնեն Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների, ներպետական և միջազգային մեխանիզմների, միջազգային կազմակերպությունների գործառույթների, դերի և ազդեցության հետ:
Դասընթացի ավարտին Ավետիք Իշխանյանը կներկայացնի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:
Նշված դասընթացը կազմակերպվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Նախատեսվում է՝ ծրագրի ընթացքում ձևավորել 16 հոգանոց իրավապաշտպանական խումբ: Մասնակիցներին կուսուցանվի մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման մեթոդներն ու մեխանիզմները: Այնուհետև նրանց կողմից իրականացվելու են մարդու իրավունքների մոնիտորինգներ Լոռու մարզի փակ և կիսափակ հաստատություններում՝ մանկատներ, ծերանոցներ, հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի և Նիդեռլանդական դեսպանության աջակցությամբ: