ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանդիպումները երիտասարդների հետ
00:00, December 26, 2006 | Մամլո հաղորդագրություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է հանդիպումներ կազմակերպել Լոռու և Տաուշի մարզերի երիտասարդների հետ «Վստահության կառուցում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Դեկտեմբերի 16-ին հանդիպում կազմակերպվեց Իջևան քաղաքի, իսկ դեկտեմբերի 26-ին Վանաձորի երիտասարդների հետ:
Հանդիպումներին մասնակցում էին թե° ՀՔԱ Վանաձորի ծրագրերին արդեն մասնակցած, թե° նոր ներգրավված երիտասարդներ:
Հանդիպումների նպատակն էր երիտասարդներին ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական գործունեությունը և ընդգրկել նրանց այդ գործունեության մեջ: Մասնակիցներին ներկայացվեցին ՀՔԱ Հարավային Կովկասի կողմից 2006 թ-ին իրականացված խաղաղասիրական ծրագրերը:
Նրանք հնարավորություն ունեցան դիտել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդ լրագրողների կողմից համատեղ պատրաստված «Մեկ Կովկաս, տարբեր մշակույթներ» տեսաֆիլմը, Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած ամառային ճամբարի մասին պատմող տեսաֆիլմը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը երիտասարդների ուշադրությունը հրավիրեց կազմակերպության կողմից ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի ադրբեջանական գերեզմանների վերականգնման աշխատանքների վրա, նշելով, որ «Սա շատ կարևոր քայլ էր, քանի որ չի կարելի բարբարոսությանը պատասխանել բարբարոսությամբ: Վերջիվերջո հանգուցյալները պետք է ունենան պատշաճ գերեզմանոց՝ անկախ ազգային պատկանելության»: Նրանց համար ցուցադրվեց այդ աշխատանքների մասին պատմող ֆիլմը: Մասնակիցներիը նաև հետաքրքրված էին կազմակերպության կողմից անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող գործողություններով և նշեցին դրանց կարևորության մասին: Ինչպես նշեց Ա. Սաքունցը, «Այս խնդիրը ազգություն չի ճանաչում, և ցավը համընդհանուր է»:
Երիտասարդ մասնակիցները ծանոթացան կազմակերպության այս բնագավառում հետագա ծրագրերի հետ և նշվեց, որ կարևոր է ունենալ նրանց կողմից առաջարկություններ արդյունավետ իրականացման համար: Մասնվորապես առաջարկներ եղան, որ կազմակերպվեն հայ-ադրբեջանական երիտասարդների նկարների համատեղ ցուցահանդես:
ՀՔԱ Վանաձորի տարբեր ծրագրերին մասնակցած երիտասարդները ներկայացրերցին իրենց փորձը և կիսվեցին դրանցով մյուսների հետ:
Հանդիպումները կազմակերպվել են Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի /IKV, Նիդերլանդներ/ և Համագործակցության Զարգացման Միջեկեղեցական կազմակերպության / ICCO / կոմից աջակցվող «Վստահության կառուցում» ծրագրի շրջանակներում: