Լռություն հանուն պետական շահերի
00:00, June 5, 2006 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատություն«Հայաստանում միջեկեղեցական կյանք գոյություն չունի, որովհետև Հայաստանում կրոնական փոքրամասնություններ չկան»: Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր այս տեսակետը բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանում չկա, օրինակ, վրաց եկեղեցի, լյութերական կամ էլ կաթոլիկ եկեղեցի:
Հայ առաքելական եկեղեցին, ըստ եպիսկոպոսի, քույր եկեղեցիներ չունի, որովհետև գոյություն ունեցողների մի մասը հենց այս եկեղեցուց անջատված մասնիկներ են ու համարվում են դուստր եկեղեցիներ: Դրանցից եպիսկոպոսը մատնանշում է ավետարանական, կաթողիկե եկեղեցիները:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, աղանդներին, Շիրակի թեմի առաջնորդը դրանք համարում է դրսից ներմուծվածներ, որոնք իրենց ծագումնաբանությամբ ամենևին հայկական չեն»:
«Ասում են, թե կիթառով Աստծուն փառաբանելն ավելի հաճելի է»,-տարակուսում է եպիսկոպոսը,-հաճելի է, մուսուլման դարձիր»: Նա կարծում է, որ կրոնը փրկության խնդիր է, ոչ թե հաճույքի:
Եվ երբ եկեղեցին փորձում է սովորեցնել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, բացատրել կրոնի ու եկեղեցու դերը, մեղադրվում է կրոնական այլ ուղղություններին հալածելու մեջ: Առավել ևս, երբ փորձում է հետ բերել իր անդամին կրոնական այլ ուղղությունից: Ըստ եպիսկոպոսի, Հայաստանի բնակչության 98 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու անդամներ են: Նրանց մի մասը պարզապես «խլված» է այլ ուղղությունների կողմից:
Այս և Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների բացակայությունն է պատճառը, որ հայկական ավանդական եկեղեցին կրոնական ուղղությունների հետ չի կարող միջեկեղեցական հարաբերություններ ձևավորել: Առավել ևս, երբ այդ կազմակերպությունների քարոզն ուղղված է ոչ թե Ավետարանի տարածմանը, այլ՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ:
«Ձեր եկեղեցու մատաղը սխալ է, խաչակնքելը, մոմ վառելը սխալ է, քահանան սխալ է» ,-առաքելական եկեղեցու գործունեությանն ուղղված քննադատության վրա զարմանում է Շիրակի թեմի առաջնորդն ու իր հերթին մեկնաբանում կրոնական ուղղությունների գործելակերպը:
«Ավետարանը բացում են, մի տող ցույց տալիս ու կենտրոնանում դրա շուրջ»: Բայց իրենք Ավետարանը մեկնաբանում են ընդհանուր ենթատեքստում: Ի վերջո, Հայ առաքելական եկեղեցին արդեն շուրջ 2000 տարի կարդում ու քարոզում է Ավետարանը: Ու, ինչպես նրա ներկայացուցիչն է հավաստում, ոչ մի անգամ չի տրվել ճնշումների: Սկսած 451 թ-ից մինչև հիմա, երբ բյուզանդական, ռուսական, վրացական հռոմեական կայսրություններին դիմակայել է ու պահպանել իր դավանանք: Հիմա էլ կռիվ է տալիս Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, պայքարում արևմտյան նորամուծությունների դեմ:
«Ինչ իմաստություն է ունեցել այս եկեղեցին, որ կարողացել է 1600 տարի դիմանալ Եվրամիության ճնշումներին առանց պետության»,-հարցնում է Շիրակի թեմի առաջնորդը, որը ներկայիս Եվրամիությունը զուգահեռում է նախկին հռոմեական, բյուզանդական կայսրություններին ու նկատում, որ դրա անունն է փոխվել, իսկ էությունը մնացել է նույնը: Իսկ հայկական պետությունը այսօր չի կարողանում դիմագրավել այդ ամենին, և այստեղ եպիսկոպոսը մատնանշում է որոշ մարդկանց անձնական շահերը: Հաճախ պետական այրերը փորձ են անում համոզել եկեղեցուն, որ «պետական շահը այսպես է պահանջում»: Եվ եկեղեցին, ըստ Շիրակի թեմի առաջնորդի, բարձր դասելով պետական շահը՝ լռում է, աչք փակում տեղի ունեցող անօրինականությունների առջև, «փոխհամաձայնության գնում իր խղճի հետ հանուն ազգային շահերի ու փոխարենը, ինչպես միշտ, հայտնվում տուժածի կարգավիճակում»: Ցավալին Հայ առաքելական եկեղեցին համարում է այն, որ այսօր չունի մշակված քաղաքականություն պետության, հասարակական երևույթների նկատմամբ: Պատճառներից մեկը Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշում է եկեղեցու անպատրաստ լինելը: Դեռևս Խորհրդային տարիներին Հայ առաքելական եկեղեցու հնարավորությունները թույլ չէին տալիս իրական դերակատարում ունենալ ազգի կրոնական դաստիարակության ու, այսպես կոչված, հոտի պահպանման գործում: Եվ միայն վերջին 15 տարիներին է եկեղեցին հնարավորություն ունեցել ընդլայնել իր գործունեությունն ու լիազորությունները: Մյուս կողմից էլ հենց նույն պետական շահը գերադասելով առաքելական եկեղեցին հաճախ է լռում է: Սակայն «մի օր եկեղեցին կարող է զանազանություն դնել պետության ու հայրենիքի միջև»,-ասում է Շիրակի թեմի առաջնորդն ու պարզաբանում,- որովհետև եթե պետությունը որդեգրել է ժողովրդավարական արժեքների տարածումը, բայց նույն ժողովրդավարությունը չի մտնում պետական շահի մեջ, ուրեմն պետք է հրապարակավ ասել, որ դա իդեալական տարբերակ չէ, «ասել ժողովրդին, որ իր կարծիքը հակասում է պետական շահին, որ ժողովրդավարությունը հաճախ պետք է հակասի պետական շահին»:
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը գտնում է, որ Հայաստանում պետական համակարգն ու եկեղեցին պետք է միասնական ու ներդաշնակ լինեն: Այդ երկու համակարգերը պատկանում են հայ ժողովրդին ու անջատել Հայ առաքելական եկեղեցին
պետությունից Միքայել եպիսկոպոս Աջապահյանը աբսուրդ է անվանում: Նա կարծում է, որ, այն, ինչ ճիշտ է Եվրոպական երկրներում, ամենևին չի նշանակում, որ կիրառելի է Հայաստանում: «Ինչի՞ են բաժանում հայ եկեղեցին հայոց պետությունից»,-հարցնում է եպիսկոպոսը,-մենք ապրել ենք թագավոր-կաթողիկոս ներդաշնակ պայմաններում և այդպես պետք է լինի նաև այսօր»: Իսկ այսօր առաքելական եկեղեցու ներկայացուցիչները դժգոհում են պետության անտարբեր վերաբերմունքից: Թեկուզ բացասական լինի այն, թեկուզ բարձրաձայնվի այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցին խոչընդոտ է Եվրամիության ճանապարհին: Բայց չմատնվի անտարբերության: «Սահմանադրությամբ չգիտես, թե ով է Հայ առաքելական եկեղեցին այլերի հետ համեմատած»,-դժգոհում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը: Սա ևս առաքելական եկեղեցու անդամները համարում են զիջում հանուն ազգային շահերի, հանուն պետության:
Նաիրա Բուլղադարյան