Բողոքարկվում է Դերենիկ Գասպարյանի գործով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը
12:06, January 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2012 թ. հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում /հասցե՝ ք. Աբովյան, թիվ 1 նիստերի դահլիճ/ քննության է առնվելու Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Զալյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանը մահացել է 2010 թ. հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5-րդ դպրոցում համադասարանցիների միջև ծագած վիճաբանության արդյունքում: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը Դ. Գասպարյանի մահվան հանգամանքը հայտնի է դարձել 2010 թ. հունիսի 5-ին, սակայն քրեական գործ չի հարուցվել:
2010 թ. հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ առողջությանը հասցված թեթև վնասի հատկանիշներով:
2010 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության գրությունը, որտեղ նշվում է, որ Դերենիկ Գասպարյանի մահը դպրոցի տնօրենի կամ վարչակազմի կողմից չարաշահումների կամ թերացումների արդյունք չէ:
2010 թ. նոյեմբերի 27-ին քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր և Կոտայքի մարզի դատախազություններում:
2010 թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի` մարզի դատախազին որոշումը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց է թողնվել:
2010 թ. դեկտեմբերի 4-ին ներկայացվել է դիմում-բողոք ՀՀ գլխավոր և Կոտայքի մարզի դատախազություններ` 2010 թ. նոյեմբերի 27-ին ներկայացված դիմում-բողոքը քննելու և համապատասխան որոշում կայացնելու պահանջների մասին:
Կոտայքի մարզի դատախազության դատախազի կողմից 2010 թ. դեկտեմբերի 10-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու դեմ բերված դիմում բողոքը մերժելու մասին:
2010 թ. դեկտեմբերի 16-ին դիմում է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քննիչի կողմից կայացված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. մարտի 18-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Մարզի դատախազության կողմից 2011 թ. ապրիլի 15-ին վերաքննիչ բողոք է բերվել:
2011 թ. ապրիլի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշումը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով:
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Վարդանյանի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է բերվել բողոքարկման համար նախատեսված բաց թողնված ժամկետը վերականգնելու համար:
2011 թ. մայիսի 6-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:
2011 թ. հունիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազության բողոքը մերժել և Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդ Դերենիկ Մկրտչյանի ներկայացուցիչ Ա. Զալյանի դիմումը` ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 2010 թ. նոյեմբերի 18-ի որոշումը վերացնելու և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնելու որոշում կայացնելու պահանջների մասին, բավարարելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թ. մարտի 18-ի որոշումը թողնել անփոփոխ:
Գործով նախաքննությունը վերսկսվել է:
2011 թ. հուլիսի 22-ին քրեական գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Գիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
2011 թ. դեկտեմբերի 7-ին Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչը կայացրել է քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին որոշում:
2011 թ. դեկտեմբերի 19-ին քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր և Կոտայքի մարզի դատախազություններ:
2011 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից կայացվել է որոշում ներկայացված դիմում-բողոքը մերժելու մասին: