Փոխադարձ մեղադրանքներ. խնդիրները մնում են չլուծված
06:28, February 9, 2012 | Քննարկումներ | Քրեակատարողական հիմնարկներ«Հրատապ հաշվետվությունների տեղեկանքի հրապարակումը մեկ նպատակ ունի, ոչ թե քննադատել Արդարադատության նախարարությանը կամ Քրեակատարողական վարչությանը, այլ նշված գերատեսչությունների ուշադրությունը սևեռել խնդրի վրա:
Եթե հրատապ հաշվետվությունների մեխանիզմը պետք է գործի այս ձևով, ըստ էության իմաստազրկվում է»,- փետրվարի 8-ին հրավիրված քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
2011թ. ընթացքում խումբը ներկայացրել է 21 հրատապ հաշվետվություն: Ըստ դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցի՝ բոլորին տրվել են ձևական բնույթ կրող պատասխաններ և բարձրացված խնդիրները մնացել են չլուծված:
«Վերլուծելով հրատապ հաշվետվությունները՝ մենք եկանք այն եզրակացության, որ մեր ներկայացրած իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել, համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել խախտված իրավունքների վերականգնման և մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշեց հրատապ հաշվետվությունների վերաբերյալ տեղեկանքի հեղինակ Էդմոն Մարուքյանը:
Նա ներկայացրեց իրավունքի խախտման մի քանի դեպքեր, որոնց վերաբերյալ իրենց դիմումին Արդարադատության նախարարությունից և Քրեակատարողական վարչությունից տրվել են այսպիսի պատասխաններ. «Ձեր կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, սակայն չեն հիմնավորվել ներկայացված փաստերը», «Ձեր ներկայացրած փաստերը չեն համապատասխանում իրականությանը» կամ «վարչակազմի կամ տվյալ պաշտոնյայի գործողությունները եղել են օրինաչափ»:
Քննարկմանը ներկա ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ նպատակահարմար չի գտնում անդրադառնալ կոնկրետ դեպքերի, որովհետև չի տիրապետում դետալներին և կոչ արեց քննարկումը ծավալել ընդհանրական հարցերի շուրջ:
Նա նշեց, որ նախարարությունը նույնպես մտահոգված է մեխանիզմի աշխատանքով. «Արդյունավետ չի գործում մեխանիզմը, այո՛, համակարծիք ենք մենք, մենք ինքներս ենք դրա մասին բարձրաձայնել և կոչ ենք անում համատեղ լուծումներ գտնել, որովհետև նախարարությունն ինքն է շահագրգռված այս ինստիտուտի լավ աշխատանքով»,- ասաց Առուստամյանը:
«Կարծում եմ հրապարակայնությունը շատ լավ բան է, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ ավելի կոռեկտ կլիներ երկխոսությունը, երբ որ նախարարությունը և հասարակական դիտորդների խումբը հավաքվեին և աշխատանքային մթնոլորտում քննարկեին խնդիրները, թե մեխանիզմը ո՞ր առումով է վատ աշխատում և ի՞նչ առաջարկություններ կամ միտումներ կան դրանք առողջացնելու»,- հավելեց արդարադատության նախարարի խորհրդականը:
Նրա խոսքերով՝ նախարարությունը մտահոգված է նաև դիտորդական խմբի աշխատանքով՝ ոչ միայն հրատապ, այլ նաև ընթացիկ և տարեկան հաշվետվությունների իմաստով: Ըստ Առուստամյանի՝ վերջին երկու տարեկան հաշվետվությունները ձևական բնույթ են կրել:
«Այն աստիճան ձևական, որ, չեմ խորշում ասել, իրար կրկնում են, այսպես ասած, «քոփի-փեյսթ» ենք անում, ստացվում է մյուս տարվա հաշվետվությունը»,- ասաց նա:
Առուստամյանը շեշտեց, որ դիտորդական խումբը ստեղծվել է ոչ թե միջազգային պարտադրանքով կամ ծրագրերով, այլ Արդարադատության նախարարության ջանքերով և նախարարին «կից»:
Դիտորդների խմբի ղեկավար Արթուր Սաքունցը հակադարձեց Նիկոլայ Առուստամյանին՝ ասելով, որ եթե խումբը նախարարին կից լիներ, ինքն այդ խմբի կազմում չէր լինի: «Իսկ ինչ վերաբերում է «քոփի-փեյսթ»-ին, խնդիրն այն չէ, որ «քոփի-փեյսթ» է արված, այլ այն է, որ այդ խնդիրները լուծում չեն ստացել, մենք կարող ենք անընդհատ այդ խնդիրների մասին գրել»,- հավելեց Սաքունցը:
Քննարկմանը ներկա իրավապաշտպանները նույնպես փաստեցին, որ շատ խնդիրներ տարիներ շարունակ լուծում չեն ստանում, նրանք բերում էին իրավախախտման կոնկրետ օրինակներ, որոնք պատշաճ կերպով չեն քննվել և ոչ մեկը պատասխանատվություն չի կրել դրանց համար:
Նիկոլայ Առուստամյանը կրկին հայտնեց իր կարծիքը, որ հրատապ հաշվատվությունները հրապարակելը կոռեկտ չէ. «Ոչ միայն միտում եմ նկատում, որ էսպես հանրայնացնում եք, այլ ընդամենը շոու եք դարձնում, որը տեղին չէ: Եթե ուզում եք աշխատել, երկխոսություն՝ համեցեք»:
Սաքունցը հակադարձեց. «Մենք շոու չենք դարձնում, շոուով չենք զբաղվում, մենք զբաղվում ենք գործով: Եւ վերստին պնդում ենք, որ մեր հրատապ հաշվետվություններին պատշաճ պատասխան չտալն ենք այսօր մենք քննարկման առարկա դարձնում և ակնկալում ենք առողջ երկխոսություն»:
Առուստամյանը նշեց, որ բարձրացված խնդիրներից մի քանիսի շուրջ իրենք ներկայումս աշխատում են և պատրաստվում են առաջիկայում դիտորդական խմբի հետ քննարկել որոշ հարցեր:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am