Արթուր Սաքունցը՝ Հրազդանում ընթացող քաղաքապետի ընտրություններում արձանագրված կեղծիքների մասին
12:27, February 12, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀրազդանի քաղաքապետի ընտրությունների մեկնարկը այսօր առավոտյան ժամը 08:00-ից տրված է: Թիվ 25/06 ընտրատարածքում դիտորդական առաքելություն է իրականացնում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Խոսելով ընտրկեղծիքներից` նա ասաց, որ առավոտյան ժամերին ընտրատարածքում էին քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի երկու վստահված անձինք, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահի առաջարկով լքեց ընտրատարածքը:
Իրավապաշտպանը մեկնաբանեց, որ միևնույն ընտրատարածքում չեն կարող գտնվել թեկնածուի երկու վստահված անձ:
Սաքունցի փոխանցմամբ` ընտրական գործընթացը ընթանում է իր հունով, առանց լուրջ ընտրակեղծիքների:
Հրազդանի 25/06 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացնող Արթուր Սաքունցի մտահոգությունն այն է, որ կան ընտրատարածքներ, որտեղ մարդկանց ընտրելու են բերում մեքենաներով, և ընտրատարածքում հանձնաժողովի անդամները քաղաքապետարանի աշխատակիցներ են:
«Այս պահին ամենամեծ խնդիրը դրոշմանիշների խնդիրն է: Քվեարկող անձի փաստաթղթում կնիք չի դրվում, որպեսզի նա հետագայում երկրորդ անգամ չքվեարկի: Փաստորեն, միայն այդ դրոշմանիշների ոչ պարտադիր պայմանով ռիսկ է ստեղծում»,- եզրափակեց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը և գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը երկու օր առաջ ավարտել էին իրենց նախընտրական հանդիպումները, իսկ այսօր սպասում են քվեարկության նախնական արդյունքներին:
Հրազդանի գործող քաղաքապետը, արդեն տասը տարի է, ղեկավարում է Հրազդանը, իսկ ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանը քաղաքապետ է եղել 1996-1999թթ.:
Երկու թեկնածուներն էլ Հրազդանի բնակիչներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք:
Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_politics_60030.html?from=popup