Նորայր Գալոյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան
12:34, February 22, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2012 թ. փետրվարի 17-ին Նորայր Գալոյանի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարանի 2012 թ. փետրվարի 3-ին հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա. Թովմասյան, 2012 թ. փետրվարի 3-ի որոշմամբ մերժել է Նորայր Գալոյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի՝ Նորայր Գալոյանին 2011 թվականի աշնանը ՀՀ զինված ուժեր զորակոչելու մասին կարգադրությունն ամբողջությամբ վերացնելու պահանջով, ընդունումը:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 31-ին հայցվոր Նորայր Գալոյանը Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել: Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ունենալու պատճառով 2010 թ. օգոստոսի 4-ին նա հետազոտվել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կենտրոնական հանձնաժողովի կողմից և 2010 թվականի օգոստոսի 5-ին առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից, որի վերաբերյալ առկա է 2010 թվականի սեպտեմբերի 8-ի` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը:
Նշված հրամանի համաձայն՝ Նորայր Գալոյանը ճանաչվել է հետագա զինվորական ծառայության համար ոչ պիտանի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հանվել անձնակազմի ցուցակներից, բոլոր տեսակի բավարարումներից, ժամկետից շուտ զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր և ուղարկվել ՀՀ Վանաձորի զինվորական կոմիսարիատ, որտեղ հայցվորը 2010 թվականի սեպտեմբերի 25-ին անցել է զինվորական հաշվառման:
2011 թվականի նոյեմբերի 23-ին Վանաձորի զինկոմիսարիատի աշխատակիցները այցելել են Նորայր Գալոյանին և ներկայացրել ծանուցագիր այն մասին, որ ՀՀ զինվորական դատախազի միջնորդության արդյունքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է վաղաժամկետ զորացրված Նորայր Գալոյանին 2011 թվականի աշնանը զորակոչել ՀՀ զինված ուժեր:
2012 թ. հունվարի 9-ին Նորայր Գալոյանի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Նորայր Գալոյանին 2011 թվականի աշնանը ՀՀ զինված ուժեր զորակոչելու մասին 07.11.2011 թվականի կարգադրությունն ամբողջությամբ վերացնել:
Հայցադիմումին կից Է. Մարուքյանը դատարանին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի 2011 թ. դեկտեմբերի 26-ի գրությունը, համաձայն որի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գրավոր կարգադրություն չի կազմվել, այլ նշված խնդրի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազի 2011 թ. նոյեմբերի 17-ի գրության վրա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ընդամենը կատարել է մակագրություն հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ զինվորական կոմիսարին՝ զորակոչել 2011 թվականին»:
Դատարանը գտել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Նորայր Գալոյանին 2011 թվականի աշնանը ՀՀ զինված ուժեր զորակոչելու մասին կարգադրությունն ամբողջությամբ վերացնելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ այդ կարգադրությունը (մակագրությունը) չի հանդիսանում իրավունք կամ պարտականություն սահմանող վարչական ակտ:
Վերը նշված հիմնավորմամբ դատարանը գտել է, որ ներկայացված հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության, ուստի դրա րնդունումը մերժել է: