Արդյո՞ք պետք է լուսաբանել բանակի խնդիրները. քննարկում
06:25, February 28, 2012 | Քննարկումներ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը կազմակերպել էր հայ-ադրբեջանական հակամարտության մասին քննարկումների շարք` «Շփման գիծ» ընդհանուր խորագրով: Փետրվարի 25-ի քննարկման թեման էր` «Ջուր թշնամու ջրաղացին», որի նպատակն էր պարզել, թե ինչքանով է ճիշտ մեր իրականության բացասական երևույթները լայնորեն լուսաբանել` դրանք հասանելի դարձնելով նաև ադրբեջանցիներին։
Քննարկմանը մասնակցում էին մի կողմից բլոգերներ Վահագն Մխոյանը (koreolan.org) և Արմեն Հովհաննիսյանը (azatarar.livejournal.com), մյուս կողմից՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցն ու «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ ու փաստացի առաջնորդ Ծովինար Նազարյանը։
Բոլոր բանախոսները համաձայն էին, որ բացասական երևույթները պետք է լուսաբանել։ Խնդրո առարկան այդ լուսաբանման ձևն ու սահմանն էր։
«Կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, դրանք օրենքով սահմանված են. պետական գաղտնիք, ռազմական գաղտնիք։ Եւ կան խնդիրներ, որոնց մասին կարելի է խոսել։ Բայց` կոնստրուկտիվ և էֆֆեկտիվ քննարկում և արդյունք ստանալու համար, պետք է ոչ միայն խոսել թեմայից, այլ ցանկալի է, որ խոսողը մասնագետ լինի և մասնագիտական կարծիք ներկայացնի», — նշեց Վահագն Մխոյանը։
Ի պատասխան` Ծովինար Նազարյանն ասաց, որ շատ են «պսևդո-փորձագետները»։ Որպես կեղծ մասնագետի օրինակ` նա նշեց սեքսոպաթոլոգի, որը հոմոսեքսուալիզմը հիվանդություն է համարում, նաև հավելեց, որ չի հասկանում, թե ինչպես կարելի է «լուրջ վերաբերվել այդ կարգի մասնագետներին» և ինչու է մամուլը այդ մասնագետի կարծիքն «առաջ բերում»։
Արմեն Հովհաննիսյանն էլ այն կարծիքի էր, որ հասուն մարդը կարող է խոսել ամեն ինչի մասին, այլ հարց է, թե ինչպես են խոսում, քանի որ Հայաստանն ունի նաև արտաքին թշնամիներ և այս փաստի հետ պետք է հաշվի նստել։
Արթուր Սաքունցը չհամաձայնեց ադրբեջանցիներին «թշնամի» անվանել` նախընտրելով «հակառակորդ» կամ «մրցակից» տարբերակը։ Նա նաև համաձայն չէր պետական ու ծառայողական գաղտնիքի մասին օրենքի որոշ դրույթների հետ և դժգոհություն հայտնեց, որ պետական գաղտնիք հանդիսացող թեմաների ցանկն ամեն գերատեսչություն իր համար առանձին է որոշում և որ այդ ցուցակները նույնպես գաղտնի են: Արթուր Սաքունցը պնդեց, որ սպառազինության քանակի մասին տվյալները պիտի հրապարակվեն, քանի որ այն գնվում է հարկատուների վճարած գումարով։
«Հայաստանի համար մրցակից կարող է լինել օրինակ Սլովենիան` տնտեսության տեսանկյունից, սակայն Սլովենիան Հայաստանին թշնամի լինել չի կարող, իսկ Ադրբեջանի պարզապես հակառակորդ անվանել հնարավոր չէ», — պատասխանեց Արմեն Հովհաննիսյանը։
«Ես ավելի մեծ թշնամի չեմ տեսել, քան այն հրամանատարն է, ով օգտվելով իր պաշտոնից` փոխարեն հիվանդ զինվորին հոսպիտալ ուղարկելու` հանձնարարություն է տալիս »,— արձագանքեց Արթուր Սաքունցը։
«Պարոն Սաքունց, այս դեպքում պետք է տարբերել թշնամի և հանցագործ հասկացությունները։ Հիվանդ զինվորին հոսպիտալ չուղարկող հրամանատարը քրեական հանցագործ է, ով պիտի պատժվի ըստ օրենքի, իսկ ադրբեջանական պետությունը` թշնամի պետություն է»,- հակադարձեց Վահագն Մխոյանը:
Իսկ Ծովինար Նազարյանը հետևյալ կարծիքին էր. «Թշնամին` կոնկրետ մարտի դաշտից դուրս չի կարող լինել»:
Վարողի այն հարցմանը, թե արդյո՞ք կարող է վտանգավոր լինել երկրում կատարված ներքին խնդիրների լուսաբանումը` Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո’չ, վտանգավոր չէ: Ես ներկայիս վարչակարգին բացասաբար եմ վերաբերվում և դա չեմ թաքցնում: Ես գտնում եմ, որ այս երկիրը չի համապատասխանում իմ պատկերացումներին և պետք է միավորվեմ իմ նմանների հետ և երկիրը դարձնեմ այնպիսին, ինչպիսին պատկերացնում եմ: Ցանկացած պետություն ունի հենասյուններ` բանակը, դատարանը, ոստիկանությունը` անկախ պարունակությունից: Ցանկացած նոր պետականություն ներառելու է այդ նույն հենասյունները: Ես չեմ ասի որևէ բան, որպեսզի այդ հաստատությունները թուլանան, որովհետև այդ հաստատությունները ես օգտագործելու եմ ապագայում»:
Արմեն Հովհաննիսյանի տեսակետի հետ մասամբ համաձայն չէր Ծովինար Նազարյանը. «Մեր թիրախը հենց պարունակությունն է, որ այն բարելավվի, որ բանակում չլինեն մարդասպան սպաներ ու զինվորներ, իսկ դատարաններում չլինեն քաղաքական պատվեր կատարող դատավորներ: Եղբորս սպանել են հայ ծառայակիցները, հիմա կարո՞ղ եք ասել` ո՞վ է իմ թշնամին, հա՞յը, թե՞ ադրբեջանցին» (խմբ. Ծովինարի ասածը ոչ թե ընդհանրապես ազգի, այլ կոնկրետ մարդկանց մասին է):
Վահագն Մխոյանն ու Արմեն Հովհաննիսյանն անդրադարձան նաև բանակի մասին երբեմն հնչող «օրհասական վիճակ», «սպանդանոց», «մսաղաց» և այդ կարգի այլ որակումներին։ Նրանց կարծիքով դրանք հուզական են և չեն արտացոլում իրականությունը։ Իսկ Արթուր Սաքունցն ու Ծովինար Նազարյանը նման արտահայտությունների վերաբերյալ իրենց տեսակետներն ունեին:
«Նման պնդման համար հիմք է հանդիսանում բանակում անպատժելիության մթնոլորտը: Գլխավոր շտաբի պետը կոռուպցիայի հովանավորն է: Նրա տղան նշանակվել է Վանաձորում կորպուսի հրամանատար և ստիպում է փող հավաքել: Դե հիմա ասեք` ո՞վ է թշնամին»,- ասաց Արթուր Սաքունցը, իսկ Վահագն Մխոյանն ու Արմեն Հովհաննիսյանը պնդեցին, որ վիճակագրության համաձայն տարեցտարի բանակում մահվան դեպքերը նվազում են:
Ապա Վահագն Մխոյանը հիմնավորեց, թե ինչու է «բանակը սպանդանոց է» արտահայտությունը սխալ համարում. ««Սպանդանոց» անվանելը զգացմունքային գնահատական է և չի բնորոշում բանակի խնդիրները: Եթե սպանդանոց է, ապա ինչի՞ համեմատ է սպանդանոց: Ասում են` «բանակում վիճակն օրհասական է»` նախորդ տարիներին ի՞նչ էր, ինչի՞ համեմատ է օրհասական: Քննադատությունը պետք է լինի կոմպետենտ մարդկանց կողմից, պետք է փաստարկներ ներկայացնել և ասել` ի՞նչ անել հետագայում»:
Այս դիտարկմանը Ծովինար Նազարյանը հիշեց մի պատմություն, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 1990-ական թթ սկզբին պատահմամբ գաղտնիք է բացել, ապա լրագրողներին խնդրել չհրապարակել այն. «Գաղտնիք ասվածի համար իրենք պիտի հոգան և նախ իրենք իրենց բերանը փակեն, հետո մեզ ստիպեն փակել մեր բերանը: Ինչ վերաբերում է Վահագնի հարցին` ասեմ` բանակի վիճակը օրհասական է համեմատած մեկ ընտանիքի կորստին: Ինձ վիճակագրությունը չի հետաքրքրում: Մեկ ընտանիք կորոստ ունեցավ` ուրեմն ՀՀ-ն պրոբլեմ ունի սեփական քաղաքացու հետ: Իսկ առաջարկներ ներկայացնելու համար պետք է ինֆորմացիա ունենալ, սակայն այդ ինֆորմացիան փակ է»:
Ինչ վերաբերում է պաշտպանական բյուջեի ոչ թափանցիկությանը` Արթուր Սաքունցը նշեց, թե նման տեղեկությունները պետք է հրապարակել, հատկապես, երբ հստակեցված չէ, թե որն է պետական գաղտնիք, իսկ այդ բյուջեն ձևավորվում է քաղաքացիների մուծած հարկերից: Վահագն Մխոյանը չհամաձայնեց Արթուր Սաքունցի հետ` ասելով, որ իմանալով զինամթերքի քանակը` թշնամին կարող է հստակ պատկերացում կազմել Հայաստանի մարտունակության մասին և պարզել, թե որքան ժամանակ կկարողանա մարտ վարել:
«ԽՍՀՄ-ն էլ էր գաղտնի պահում տվյալները, բայց դա նրան կործանումից չփրկեց»,- նշեց Արթուր Սաքունցը, իսկ Վահագն Մխոյանը շտապեց շտկել`ասելով, որ ԽՍՀՄ-ն ու ՆԱՏՕ-ն սպառազինության տվյալներով փոխանակվել են:
Քանի որ քննարկման թեման չպետք է սահմանափակվեր բանակի խնդիրներով և դրանց լուսաբանման-չլուսաբանման հարցերով` բանախոսները ներկայացրեցին, թե ինչպես են տեսնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը:
Վահագն Մխոյանը երկխոսության առաջին քայլ համարեց Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքից հրաժարումը. «Բացի այդ, Ադրբեջանին անհրաժեշտ է դենացիֆիկացիայի նման մի պրոցես, որովհետև հայատյացության այն քարոզը, որն այսօր կա Ադրբեջանում` նույն քարոզն է, ինչը կար Նացիստական Գերմանիայում` հրեաների նկատմամբ, անգամ քարոզչական թեզերն են նույնը, պարզապես «հրեա» բառը փոխարինվել է «հայ» բառով»:
«Մենք չպետք է մեր հակառակորդին, թշնամուն գայթակղենք մեր թուլությամբ: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղ թե ուշ կնքվելու է խաղաղության պայմանգիր: Բայց որպես ՀՀ քաղաքացի, ես կուզեմ, որ դա չլինի մեր ազգային-պետական շահերի հաշվին: Մենք պետք է մեր երկրում ստեղծենք այնպիսի պայմաններ, որ մարդն իրեն իր երկրում չզգա օկուպացված և ազատ լինի: Եթե Ադրբեջանում էլ նույն բանը անեն` մենք ինչ-որ բանի կհասնենք»,- համոզված է Արմեն Հովհաննիսյան
Արթուր Սաքունցը, ինչպես և մյուսները, որպես գերակա արժեք նշեց խաղաղությունը, իսկ խաղաղության հասնելու օրինակ համարեց իրենց կողմից Հայաստանում ադրբեջանական գերեզմանոցի վերականգնումը, որից հետո, իր իսկ նշելով, Նախիջևանում ոչնչացվեցին հայկական խաչքարերը. «Դու պետք է օրինակ ցույց տաս, ոչ թե ասես` տեսնեմ կողքինս ինչ է անում` ես էլ անեմ: Այդ օրինակը քաղաքացիական հասարակությունը պետք է ցույց տա: Այն իշխանությունը, որը վատ է վերաբերվում իր ժողովրդին` չի կարող հարևան պետության ժողովրդին լավ վերաբերվի: Խաղաղության երաշխիքներից մեկը` քո երկրում իրապես արժանապատիվ ու ժողովրդավարական իշխանություն ունենալն է»:
«Ես Արմենի հետ համաձայն եմ, որ որքան երկրում ամուր լինեն ժողովրդավարական մեխանիզմները, այնքան պետությունը պատրաստ կլինի դիմակայել արտաքին մարտահրավերներին: Ի՞նչ անել հաշտվելու համար` պետք է հենվել հակառակորդ կողմի դրական վարքի օրինակների վրա և փորձել դա խրախուսել»,- նշեց Ծովինար Նազարյանը, իսկ դահլիճից հնչած այն հարցին, թե որն է ադրբեջանցիների վարքի դրական օրինակը` նա մատնանշեց քննարկման ընթացում ցուցադրված տեսանյութի հերոսուհուն: Վերջինս ադրբեջանցի լրագրող էր, ով իր աշխատասենյակից skype-ի միջոցով խաղաղ ապրելու կոչ էր անում:
Իսկ Արթուր Սաքունցը` դահլիճից ուղղված այն հարցին, թե, այս պարագայում, որքանով են արդյունավետ ադրբեջանական գերեզմանոց խնամելու ծրագրի պես ծրագրերը` պատասխանեց, որ արդյունավետությունը հնարավոր չէ չափել:
«Ջուր թշնամու ջրաղացին» խորագիրը կրող քննարկման ժամանակ որոշակի անդրադարձ կատարվեց նաև նմանատիպ այլ հարցերի: Դրանցից մեկն էլ «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն» էր: Վահագն Մխոյանը և Արմեն Հովհաննիսյանը անհանգստություն հայտնեցին, որ ֆիլմերը քարոզչական բնույթի էին և չէին ներկայացնում ադրբեջանական իրականությունը, իսկ իրական Ադրբեջան պատկերող ֆիլմերի ցուցադրությունը միայն ողջունելի կլիներ: Քննարկման ընթացքում հնչեցին այլ շատ հետաքրքիր հարցեր ու տեսակետներ, սակայն ամբողջը ներկայացնել պարզապես հնարավոր չէ:
Աղբյուրը՝ http://razm.info/2659