Ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվում են մարդու իրավունքների խախտումները
14:06, April 21, 2012 | Քննարկումներ | Ոստիկանություն2012 թ. ապրիլի 20-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեցին «Մարդու իրավունքները քաղաքացի-ոստիկան հարաբերություններում» 2010-2011 թթ. իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցները:
Հրավիրված էին պետական կառույցների՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության և այլն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
ՀՀ ոստիկանությունից քննարկմանը մասնակցում էին միայն ՀՀ ոստիկանության Կենտրոնական և Նոր Նորքի բաժնի ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի արդյունքում պատրաստված երեք զեկույցներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը սկզբում անդրադարձավ Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի վերլուծությանը, որը պատրաստվել է «Կարողությունների զարգացմանն աջակցության ծրագրի» շրջանակներում` Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Ա.Սաքունցը նշեց ընդհանուր դիտարկումներ, որի համաձայն բարեփոխումների ծրագրի մեջ որոշ նպատակներ անհստակ են ձևակերպված և դժվար գնահատելի են:
Ըստ նրա՝ որոշ գործողությունների և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջական և լիարժեք չէ, իսկ որոշ գործողությունների, մասնավորապես վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ խիստ ընդհանրական:
Արթուր Սաքունցը, անդրադառնալով նպատակների իրականացման քանակական պատկերին, նշեց, որ ամբողջությամբ կատարվել են նպատակների 17%-ը, մեծամասամբ չեն կատարվել 39-%-ը, իսկ միջոցառումների իրականացման քանակական պատկերի առումով նշեց, որ ամբողջությամբ կամ մեծամասամբ իրականացվել է միջոցառումների 44%-ը և մեծամասամբ չի իրականացվել 52%-ը:
Հաջորդիվ ներկայացվեց «Ոստիկանություն–քաղաքացի հարաբերությունների վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2011 թվականի ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում»-ը, որը կազմվել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի» շրջանակներում` Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի միջոցով Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Անդրադառնալով ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերլուծությանը՝ Ա.Սաքունցը նշեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվում են մարդու իրավունքների խախտումները քաղաքացիների բերման ենթարկելու, խուզարկության կատարման և ձերբակալության վերաբերյալ որոշումների ընդունման և իրականացման գործընթացներում, ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի պրակտիկան` բռնությունների, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների և այլ անօրինական գործողությունների միջոցով: Պարբերական բնույթ է կրում քաղաքացիների իրավական աջակցություն ստանալու իրավունքի խախտումը բերման ենթարկելու, խուզարկություն կատարելու և ձերբակալելու ընթացքում: Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերով չի իրականացվում բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում:
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2012 թ. ապրիլի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա հարձակման տեսանյութը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը համաձայնել էր տարածք տրամադրել Կովկասյան կենտրոնի խաղաղարար նախաձեռնությունների կողմից նախատեսված ադրբեջանական ֆիլմերը ցուցադրելու համար, ինչի դեմ հասարակությունը ընդվզել էր: Ոստիկանությունն այդ ընթացքում չի միջամտել ցուցարարներին: Իրավաբան Մերի Խաչատրյանը համեմատություն անցկացրեց Մաշտոցի պուրակում և ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցած իրադարձությունների միջև, երբ մի դեպքում ոստիկանները պատնեշ էին կազմել կրպակները պաշտպանելու համար, իսկ մյուս դեպքում ոստիկանները գտնվում էին խելագառված ամբոխի հետևում:
Այնուհետև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության բաժնի և «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասում իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի համակարգող Օֆելյա Զալյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, դժվարություններն և խոչընդոտները:
Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է՝ երիտասարդների դերի բարձրացումը իրավապաշտպանական շարժման մեջ Հարավային Կովկասում` երիտասարդներին իրավապաշտպանական գործունեության մեջ ներգրավելու միջոցով և երիտասարդ իրավապաշտպանների ցանցի ստեղծումը: Որպես դժվարություն և խոչընդոտ Օ. Զալյանը նշեց ԶԼՄ-ների միջոցով կազմակերպության գործունեությունը և ծրագիրը վարկաբեկող կեղծ տեղեկատվության տարածումը, Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից աջակցության բացակայությունը, ՀՀ ոստիկանության մերժումը՝ շարունակել համագործակցությունը:
«Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասում իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագրի իրավաբան Անահիտ Չիլինգարյանը ներկայացրեց զեկույցի բովանդակությունը, մասնավորապես՝ մոնիթորինգի մեթոդաբանությունը, մոնիթորինգի ընթացքում բացահայտված խնդիրները:
Որպես խնդիրներ նշվեց, որ Հայաստանի Ոստիկանության բաժիններում չի արձանագրվում անձի՝ ոստիկանություն մտնելու և դուրս գալու փաստը, անձի ձերբակալումը և բերման ենթարկելը իրականացվում է ոստիկանության աշխատակիցների կողմից առանց ոստիկանական համազգեստի, դիտարկված բոլոր ոստիկանության բաժիններում բացակայել են անհրաժեշտ տեխնիկայով հագեցված հարցաքննության սենյակները:
Վերջում Ա. Սաքունցը հայտնեց, որ մենք ունենք բարեփոխումների ծրագիր, որը բավարար չափով չի իրականացվել և իրավիճակ, որը մեզ մտահոգում է ու ցավոք սրտի արձանագրում ենք, որ մտահոգությունները հռչակվածի, իրականացվածի և իրականի միջև բավական մեծ են և մենք հակված ենք մեր առաջարկությունները ներկայացնել ՀՀ ոստիկանությանը և ակնակալում ենք, որ ոստիկանության ծառայությունը կփորձի առնվազն ունկընդիր լինել իր բազմաթիվ հրապարակային հավաստիացումներին, որ պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ բարեփոխումների կամ ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման տեսակետից:
Թեմային վերաբերող այլ նյութեր.
http://www.armtown.com/news/am/trt/20120420/226305/
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=64521&SectionID=0&RegionID=0&Date=04/20/2012&PagePosition=1
http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=64523&SectionID=0&RegionID=0&Date=04/20/2012&PagePosition=1
http://armenianreport.com/pubs/31562