ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու որոշումների գործով վճիռները կհրապարակվի մայիսի 8-ին
14:36, April 23, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Սեփականության իրավունք | Տեղական ժողովրդավարություն2012 թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Ա. Ալավերդյանի նախագահությամբ, ավարտվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 և 76 կայացրած որոշումների դեմ գործերով դատաքննությունը:
Նիստերին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Կ. Թումանյանը, Վանաձորի քաղաքապետարանի և համայնքի ավագանու ներկայացուցիչ Հ. Դավթյանը:
Որպես երրորդ անձ ներգրավված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը, չնայած որ պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թ. դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:
Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով նվիրաբերելու համար:
Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող 6954.0 քմ մակերեսով հողամասը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրելուն` նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը համարվելու պայմանով:
Դատական նիստերի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Կ.Թումանյանը պնդեց հայցերի պահանջները և նշեց, որ Վանաձորի ավագանին դուրս է եկել իրեն տրված լիազորություններից: Մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի համաձայն` ավագանին իրավունք չունի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, առանց գին վճարելու նվիրելու մեկ այլ անձի: Վանաձորի քաղաքապետարանի և համայնքի ավագանու ներկայացուցիչ Հ. Դավթյանը նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված հայցերն անհիմն են և ենթակա մերժման: Այնուհետև ավելացրեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատական այս քաշքշուկների պատճառով բարեկարգման աշխատանքներ չի կատարում:
Դատարանն ավարտեց դատաքննությունը, իսկ վճիռները կհրապարակվեն 2012 թ. մայիսի 8-ին: