Եվրոպացի դիտորդներն ընտրություններում անուշադրության են մատնել կարուսելի կիրառումը
13:54, May 8, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների նախնական եզրակացությանը մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների մասին՝ նկատեց, որ նրանց զեկույցի մեջ կարուսելի մասին ընդհանրապես ակնարկ չկար. «Երեւի թե միջազգային դիտորդները համարժեք ձեւով չեն կարողացել գնահատել ծրարների մասսայականությունն ու դրա հնարավոր ռիսկերը:
Իհարկե՝ զեկույցը փաստերի շարադրման տեսակետից հնարավորին չափով օբյեկտիվ է, բայց խաղաղ ու հանդարտ անցկացնելու վերաբերյալ ձեւակերպումը ֆորմալ առումով համապատասխանում է իրականությանը, բայց պետք էր ավելացնել , որ դա իրապես կառավարելի գործընթաց էր: Հաշվի չեն առել անպատժելիության մթնոլորտը: Եթե Սյունիքի մազպետի կողմից կնոջ նկատմամբ բռնությունը քրեորեն պատասխանատվության առարկա չի հանդիսանում, ապա պատկերացնում եք, չէ՞, այդ մարզում ընտրողներն ի՞նչ վիճակում պետք է գտնվեն : ԵԱՀԿ դիտորդները միայն վերցրել են նախընտրական քարոզչության շրջանն ու քվեարկության օրը, կարծես ամբողջ կյանքը դրանով է սահմանափակվում»:
Հիշեցնենք, որ նախնական եզրակացության մեջ բավական լուրջ խախտումների մասին պնդումներ կան: Մի օրինակ. «Միջազգային դիտորդները արձանագրել են լուրջ խախտումների մասնակի դեպքեր, ինպես օրինակ, արդյունքների կամ արձանագրության կեղծում (4 դեպք) կամ նկատել են, որ ընտրատուփերի նախապես լցոնվել են (5 դեպք): Արդյունքները արձանագրություններում հաճախ չեն ստուգվել, երեքից մեկ ՏԸՀ-ում արձանագրությունը լրացնելու հետ կապված խնդիր է եղել և չորսից մեկ ՏԸՀ-ն չի հրապարակել արձանագրությունների պատճեները՝ հասարակական ստուգման համար»:
Ինչ վերաբերում է ԱՊՀ դիտորդների գնահատականներին, պարոն Սաքունցն ասաց, որ այդ կապակցությամբ մեկնաբանություններ չի տա, որովհետեւ ԱՊՀ դիտորդները հիմնականում ներկայացնում էին ավտորիտար ռեժիմ ունեցող երկրները. «Որտեղ ժողովրդավարական ընտրություններ չկան ու չեն կարող լինել, բնականաբար, այդ դիտորդներից ակնկալիքներ չունեմ, կարող է իրենց երկրներում նորմալ են համարում, դրա համար էլ այստեղ էլ նորմալ գնահատեցին»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/05/08/68656/