Դատարկ տեղը երբեք թափուր չի մնում
07:19, May 10, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՄեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, այս ընտրության արդյունքներով նոր Ազգային ժողովը,շատերի կարծիքով, կլինի հնի շարունակական տրամաբանությամբ: Հնարավո՞ր է, որ այս ամենից հետո Հայաստանում նոր սերունդը ձևավորի նոր իրողություն, և նորանկախ Հայաստանի պատմության այս փուլը փակվի:
Նայած ում ակնկալիքներն ենք հաշվի առնում: Եթե վերցնենք հասարակության ակնկալիքների տեսակետից, իհարկե որևէ նորություն չկար, պարզապես եղածի ամրագրումն էր: Քվեարկությունը և ընդհանրապես նախընտրական քարոզչությունը համարում եմ արդեն ձևավորվածի նոտարական վավերացում: Նոտարական վավերացում ասելով ի նկատի ունեմ այն, որ իշխանության ձևավորման գործընթացն ամենևին կապ չունի հասարակական ընկալումների, ձգտումների, ցանկությունների հետ: Իսկ դասավորությունը ոչ թե իրական քաղաքական ուժերի ունեցած դիրքի տեսակետից է, այլ արդեն մշակված սցենարի: Օրինակ` ՕԵԿ-ի Ազգային ժողով անցնելն անհամերաժեք էր հասարակության ընկալման տեսակետից: Այն կարծես ինքնաբավ ձևավորվում է ինչ-որ նեղ շրջանակում, գալիս է իրականացնելու արդեն կանխորոշվածը: Եվ սա ցավալի իրողություն է: Այս տեսակետից, հիասթափությունը, անտարբերությունը, անհուսությունն իրենց ձևակերպումն են ստանում Ազգային ժողովի այսօրվա կազմով: Սա վերաբերում է նաև ընդդիմությանը: Սկզբնական շարժումից` հույսերի մարմնավորումից այն եկավ իր տրամաբանական տեղը: Ցավոք սրտի, ամեն ինչ կատարվում է քաղաքական էլիտայի շրջանակներում, բայց մեր քաղաքական էլիտան իր բովանդակությամբ քաղաքական բնույթ չունի: Իհարկե, որոշակի բացառություն կարող ենք նշել Դաշնակցությանը, որը քաղաքական մոտեցում ունի, ՀԱԿ-ը, որը կարող էր ունենալ, բայց երկուսն էլ ըստ էության չկարողացան հետևել իրենց գծին:
Որքան էլ իրադարձությունները զարգացան ըստ սցենարի, սակայն Վանաձորում քաղաքացին հաղթանակ տարավ: Ի՞նչ տեղի ունեցավ:
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի դեպքը գալիս է ապացուցելու, որ իրապես հասարակական ընկալումներ քաղաքական դաշտում չկան: Այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթում է ոչ քաղաքական անձը, ապացուցում է, որ, ցավոք սրտի, հասարակությունը որևէ ակնկալիք քաղաքական ուժերից չունի: Ընտրությունները չպետք է դիտարկել որպես մեկուսի պրոցես անընդհատ ձևավորվող իրավիճակից: Դա տնտեսության մոնոպոլ վիճակն է, մինչդեռ մրցակցային դաշտի բացակայությունը տնտեսական դաշտում անխուսափելիորեն պետք է դրսևորվի նաև քաղաքական գործընթացներում: Որևէ քաղաքական ուժ սոցիալական բազա չի կարողանում ունենալ, կան միայն էմոցիոնալ ազգայնական դրսևորումներ: Օրինակ, ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը: Հանրապետականի համար շատ կարևոր է վարչական ռեսուրսը, որով պայմանավորված էլ տնտեսական ռեսուրներն իրար հետ փոխկապակցված են: ԲՀԿ-ի ֆենոմենը կայանում է նրանում, որը նույնպես իշխանական ռեսուրս է, որ ավարտուն տեսք ստացավ վարչական ռեսուրսի տնտեսական արտահայտության իմաստով Ռոբերտ Քոչարյանի օրոք, և որն իր գոյությունը պահպանելու համար պետք է որոշակի համաձայնության գա այսօրվա վարչական ռեսուրսներին տիրապետող քաղաքական ուժի կողմից, որովհետև անկախ հանդես գալու ցանկացած փորձ լուրջ անհաջողության է դատապարտված:
Պարոն Սաքունց, հնարավո՞ր է փողոցում ընդդիմության բացակայության դեպքում քաղաքացիական հասարակության կողմից ձևավորվի նոր ու սպասված ուժ: Հիմա արդյոք հենց այդ պահը չէ՞:
Շատ գայթակղիչ է և ցանկալի է նման գաղափար ձևակերպելը: Իհարկե, կա նման հնարավորություն, բայց քաղաքացիական սեկտորը, ցավոք սրտի, պայմանավորված է արտասահմանյան դրամաշնորհներով, և տնտեսական ներքին ռեսուրս չկա: Միշտ գործարկվում են «գրանտակերներ», «դավաճաններ» տերմինները, քանի որ դրանք իրենց վերհսկողությունից դուրս են: Չեմ ասում, թե հասարակական ինստիտուտները հասակարակության մեջ չունեն ընկալում, բայց արդյոք կարո՞ղ են պոտենցիալ ուժ ձևավորել, որը կարող է էական ազդեցություն ունենալ և փոփոխություն բերել: Դրա նկատմամբ թերահավատություն կա, քանի որ այսօրվա ընտրողների մեծ մասն իրենց կենսամիջոցների ձեռքբերման հիմնական աղբյուրը տեսնում են ֆեոդալներից բարեհաճ վերաբերմունք ստանալու ճանապարհով: Ընտրողը հակված է գնալ կոռուպցիոն գործարքի իր շահերի կորստի հաշվին, միայն գոյատևի, այսինքն`գոյատևման սինդրոմը ավելի գերակա է, քան քաղաքացիական հասարակության առաջարկած ճանապարհը, որովհետև ընտրողը ենթադրում է, որ այս ճանապարհին ինքը պետք է որոշակի զրկանքներ կրի: Քաղաքացիական հասարակությունը պոտենցիալ է, բայց այս պայմաններում, կարծում եմ, այն հատային նշանակություն է ունենում: Այստեղ շատ կարևոր է ներքին լուրջ վերախմբավորումը: 30 ընտրատարածքը Վանաձորի կենտրոնական մասն է, որտեղ ինտելեկտով մարդիկ, մտավորականությունն է գերակշռում, և այստեղ կենսամիջոցներ ունեցող մարդիկ են: Եվ թեև ՀՀԿ-ական ներկայացուցիչ կար, բայց ԲՀԿ-ից թեկնածու չկար առաջադրված: Սա նրանց կողմից բացթողում էր: Եվ եթե ԲՀԿ-ից թեկնածու լիներ, կասկածում եմ, որ 30 ընտրատարածքում լիներ քաղաքացիական հաջողություն: Բացառիկությունը գալիս է ապացուցելու, որ էապես մրցակցություն, որպես այդպիսին, գոյություն չուներ: Հետաքրքիր դրսևորում էր 7-րդ ընտրատարածքը, որտեղ անձի հանգամանքն էր դրսևորվել: Օրինակ, եթե Նիկոլը ՀԱԿ-ից չլիներ առաջադրված, այլ լիներ զուտ Նիկոլ (7-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ը միայն Նիկոլի փաստով 18 տոկոս ձայն հավաքեց, ավելի շատ, քան մնացած տարածքներում էր). այստեղ անձնական գործոնը հասարակական ընկալման համար շատ էական նշանակություն ունի, բայց քաղաքական գործոնին հասարակությունը չի վստահում: Եթե քաղաքացուն, ընտրողին արժեք չես առաջարկում, նա գնում է փողի հետևից:
Նշեցիք, որ հիասթափություն են առաջացրել ընտրությունների արդյունքները, հնարավո՞ր է արտագաղթն ավելի մեծանա:
Միանշանակ: Բացի այդ, արտագաղթը նկատելի էր նաև նախընտրական քարոզչության ընթացքում, մինչդեռ նման բան չկար 2008-ին, քանի որ մարդիկ փոփոխության հնարավորություն էին տեսնում, իսկ հիմա դա չեն տեսնում, ու դեռ էլի են գնալու` չունենալով որևէ այլընտրանքի տեսլական: Մարդու փախուստը իրականությունից դառնում է գերակա: Մեծ հաշվով, սրա համար բոլոր քաղաքական ուժերը պատասխանատվություն պետք է կրեն: Իրենք մի պահ մոռացան, որ պատասխանատվություն ունեն: Տեսեք, Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատներն իրարից խիստ տարբեր լինելով` միացան, գուցե Ժառանգությունը մենակ գնալու դեպքում կարող էր ավելի շատ ձայն ստանալ, բայց անհասկանալի է, թե օրինակ ինչու Ստյոպա Սաֆարյանը հայտնվեց հետին տեղերում: Քաղաքական տեխնոլոգիաները կամ քաղաքական տեղափոխությունները հասարակության համար ընկալելի չէին, դրա համար էլ հասարակությունն իր վերաբերմունքը համարժեք արտահայտեց:
Մեզ մոտ Պուտինի ասած կառավարվող ժողովրդավարությունն է, որն ավտորիտար է իր էությամբ, և սա ժամանակակից ֆեոդալիզմի քաղաքակիրթ ձևակերպումն է: Հայաստանում ըստ էության կառավարվող ժողովրդավարության ռուսական մոդելը լավագույնը կիրառվեց այս ընտրությունների ժամանակ: Կառավարվող դեմոկրատիայի շրջանակներում ձևավորվելը նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցող պրոցեսների տրամաբանական արտահայտությունն է: Մինչդեռ ընտրողը հենց 30 ընտրատարածքում Էդմոն Մարուքյանի ընտրելու փաստով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է հաղթահարելու կառավարվող մեխանիզմը, այսինքն` իրեն պետք է տալ այլընտրանք, գաղափար: Մինչդեռ նախընտրական լոզունգն էր` ոչ մի ձայն հանցավոր ռեժմինին, սա արդեն անցած է: Կներեք, իսկ ի՞նչ եք առաջարկում ընտրողին, որ նա չկաշառվի: Իտալիայում երկրորդ համաշխարհային պատարեզմից հետո, երբ տնտեսությունը քայքայվել էր, 16-18 տարեկան կանանց 45 տոկոսը ներգրավված էր մարմնավաճառության մեջ, որոնցից հիմնականում օգտվում էին ամերիկյան զինվորները, բայց մարդը չուներ ընտրության հնարավորություն և դա էր միակ հնարավորությունը, հիմա դու ընտրողին ասում ես` ինչու ես կաշառք վերցնում, բայց դու ուրիշ ի՞նչ ես իրեն առաջարկում, որ ինքն ըստ արժանվույն իրեն դրսևորվի, դու իրեն հնարավորություն չես տալիս: Սա միատեսակ ընտրության տարբերակ էր, որն առաջարկվեց ընտրողին:
Մեզ մոտ չկար գաղափարի ինտրիգը, այս ընտրությունների ժամանակ գաղափարը մեռավ: Իսկ այն կարող էր գրավել ընտրողին: Փոխարենը, կար «ես լավն եմ, էն մեկը վատն է» տարբերակը, որն արդեն չի գործում:
Ըստ Ձեզ, այսպես էլ կմնա մինչև 2018, թե՞…
Ոչ, ծագելու է մի բան, դատարկ տեղը երբեք թափուր չի մնում: Ներսում էլ չեմ կարծում կարողանան երկար դիմանալ, մեկ-երկու անձը կարո՞ղ են իրավիճակ փոխել: Եթե նրանք կարողանան հաղթահարել քաղաքական պայմանավորվածությունների շրջանակը և դրա միջից դուրս գալ, շատ կարևոր քայլ կլինի, բայց այդ պայմանավորածություններն այդքան թո՞ւյլ են եղել, որ մարդիկ կարողանան հաղթահարել: