Վիկտոր Դալլաքյանի պարտությունը պայմանավորված էր Արթուր Սաքունցի գործունեությա՞մբ…
07:38, May 10, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքԱյսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԱԺ ընտրությունների դիտորդական արդյունքները: Բանախոսի խոսքով՝ դիտորդական գործունեություն իրականացնելու ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ` մասնավորապես Վանաձորի գրասենյակի դիտորդներն արձանագրել են, որ Վանաձորի և Գյումրիի մի շարք ընտրատեղամասերում աձը հաստատող փաստաթղթում դրված դրոշմակնիքը մոտ 15 րոպե անց օքսիդացել է, այն դեպքում, երբ ՀՀ ԸՕ-ի 66-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ընտրություններում գործել է «կարուսելի» սկզբունքը, երբ քվեատուփերից հանվում էին ծրարները, որոնց մեջ չկային քվեաթերթիկները կամ մի ծրարում դրված էր և՛ մեծամասնական և՛ համամասնական քվեաթերթիկներ: Ըստ նրա`30/32 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ ՀՀԿ-ի շտաբում ընտրակաշառք են բաժանում:
Այնուհետև շարունակելով ասաց, որ ընտրությունների օրն իրենք ստացել են ահազանգեր քաղաքացիներից ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ, որոնց կազմակերպությունն արագ արձագանքել է: «Ընտրական գործընթացի նկատմամբ ընտրողների վստահությունը վերականգնված չէ, որը պայմանավորված է ընտրախախտումներով»,- հայտարարեց բանախոսը՝ հավելելով, որ այս ընտրությունները չեն եղել ազատ և արդար, քանի որ ընտրողները չեն արտահայտել իրենց ազատ կամքը:
Վանաձորի գրասենյակը նաև արձանագրել է տեղամասային ընտրական հանձնաժողովի մասնագիտական ոչ պատշաճ պատրաստվածություն` մասնավորապես օրենքների չիմացություն և վատ վարչարարություն, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտում և ընտրողների ազատ կամքի արտահայտման խոչընդոտներ:
Հարցին՝ արդյոք Վիկտոր Դալլաքյանի պարտությունը պայմանավորվա՞ծ էր ինչ-որ չափով Արթուր Սաքունցի գործունեությամբ (հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանն առաջադրվել էր թիվ 30 ընտրատարածքում, սակայն նա պարտվեց անկուսակցական, իրավաբանական գործունեություն իրականացնող Էդմոն Մարուքյանին-խմբ.), պրն Սաքունցը դժվարացավ պատասխանել, բայց ասաց, որ Էդմոն Մարուքյանի հաղթանակը պայմանավորված էր Էդմոն Մարուքյանի անկուսակցական լինելով և իրավապաշտպան գործունեություն իրականացնելով, ինչպես նաև ընտրողների գիտակցությամբ:
Ինչ վերաբերում է դիտորդների` մասնավորապես ԵԱՀԿ-ի դիտորդների գնահատականին ընտրությունների վերաբերյալ բանախոսն ասաց, որ ԵԱՀԿ-ի գնահատականը բավականին օբյեկտիվ էր, ինչ վերաբերում է ընտրությունների հանդարտ և հանգիստ անցնելուն, որի մասին ասված է ԵԱՀԿ-ի զեկույցում, բանախոսի խոսքով՝ ֆորմալ առումով դա այդպես է, բայց իրականում դա կառավարելի գործընթաց է:
Անդրադառնալով ԱՊՀ դիտորդների գնահատականին, պրն Սաքունցն ասաց, որ նրանք ներկայացնում են այն երկրների գնահատականը, որտեղ չկան ժողովրդավարական ընտրություններ:
Աղբյուրը՝ http://mardik.am/am/