Parada ֆիլմի ցուցադրման ձախողումը մարտահրավեր է մարդու իրավունքներին. Արթուր Սաքունց
06:19, October 19, 2012 | Նորություններ | Խտրականության արգելում | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով Parada ֆիլմի ցուցադրման հետ կապված խնդիրներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ֆիլմի ցուցադրման ձախողումը համարում եմ մարտահրավեր մարդու իրավունքներին»:
Նա նշեց՝ եթե երկրում կարող են ինչ-որ ֆիլմեր չցուցադրվել` ելնելով հասարակության մի խմբի պահանջներից (ակնհայտ է` այդ խումբն ունի հովանավորներ), ուրեմն ոստիկանությունը, իշխանությունն ակնհայտ անգործության են մատնված:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով` իշխանությունը կարողանում է մի քանի հազար մարդ հավաքել Հանրապետության հրապարակում նախընտրական հանդիպման համար, այնպես որ` հաստատ կկարողանային ռեսուրսներ ներդնել նաև ֆիլմի ցուցադրությունն ապահովելու նպատակով:
«Այս խնդրի հասցեատերը ոստիկանապետն է: Ի՞նչ են արել իրենք և ի՞նչ պետք է անեն, երբ ֆիլմը, որն ըստ էության, որևէ քարոզ չի պարունակում, ցուցադրվի: Սա համարում եմ ամոթ: Եթե իշխանությունները չեն գիտակցում, ես առնվազն գիտակցում եմ, և մեր կազմակերպությունն իր տարածքը կտրամադրի ֆիլմի ցուցադրության համար:
Չէի ցանկանա, որ հերթական անգամ խայտառակվեինք, պետք է ապացուցենք, որ, այնուամենայնիվ, մեր երկրում ամեն ինչ դեռ մեռած չէ»,- եզրափակեց իր խոսքը իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Parada ֆիլմի հիմքում ընկած են միասեռականների իրավունքները: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպվեց, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ:
Ֆիլմի ցուցադրությունը պետք է տեղի ունենար Հայաստանի պետական տիկնիկային թատրոնում` հոկտեմբերի 8-ին, սակայն այն ձախողվեց «Հայազն» միության բողոքի ակցիայից հետո:
Ֆիլմի ցուցադրությունը ձախողվեց մի քանի հաստատություններում ևս, իսկ երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամություն էր հայտնել իր տարածքում կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը: