Հայաստանն իրեն բռի և ասիավարի պահելու տարբերակ չունի
20:02, November 25, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԻրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ ընդդեմ Հայաստանի կայացվող Եվրոդատարանի որոշումները միանշանակ դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի արդարադատության համակարգի, օրենսդրության վրա:
«Եվրոպական դատարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը կատարելագործող ռեսուրսներից մեկը: Քանի որ պարտադիր ուժ ունեն, դա նշանակում է` Հայաստանի Հանրապետության իշխանության կառույցները պարտավոր են կատարել եվրոպական դատարանի որոշումները»,-galatv.am-ին ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով` Եվրոպական դատարանը նաև վերլուծում և գնահատական է տալիս Հայաստանի օրենսդրությանը, ինչպես նաև հանձնարարականներ է տալիս եղած թերությունները շտկելու համար:
Հարցին`ինչքանո՞վ են նախկինում կայացված որոշումները և հանձնարարականները ազդեցություն ունեցել Հայաստանի օրենսդրության վրա, Սաքունցն ասաց, որ ունեցել են, և օրինակ բերեց:
«Օրինակ` վարչական կալանքները փոխվեցին: 2003-2004 թվականներին, երբ որ մասսայաբար վարչական կալանքի էին ենթարկում ընդդիմադիրներին, օրենսդրությամբ հանվեց դա»,-ասաց նա:
Նրա խոսքով` այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ են կայացվում Եվրոպական դատարանի կողմից ընդդեմ երկրի որոշումներ, այնքան այդ երկրները որոշ ժամանակ հետո անխուսափելիորեն փոփոխություներ են կատարում: Ըստ նրա, կարող են լինել դեպքեր, երբ պետությունը հրաժարվում է կատարել այդ որոշումները, սակայն նման բան կարող է իրեն թույլ տալ միայն ռազմաքաղաքական մեծ ազդեցություն ունեցող պետությունը, օրինակ Ռուսաստանը:
«Ռուսաստանի նման պետությունը չի կատարում եվրոպական դատարանի որոշումը, պետությունը խոսք է տվել, որ իրեն լավ կպահի, եվրոպավարի, բայց պահում է ասիավարի և չի կատարում»:
Հարցին` կարո՞ղ է Հայաստանն էլ իրեն ասիավարի պահել, Սաքունցը պատասխանեց. «Հայաստանն իրեն ասիավարի պահելու տարբերակ չունի կամ պետք է բռի ձևով իրեն դուրս դնի եվրոպական ընտանիքից, ասի` գիտե՞ք ոնց է, ես ճիշտ է, ասել եմ, բայց չեմ իրականացնելու: Այսինքն` խաբելով անընդհատ յոլա գնալ չի լինի, շատ հստակ են ցուցանիշները, չափորոշիչները և մոտեցումները, և գնահատականներն էլ պարզ են, խաղալու տեղեր չկան»,-նշեց իրավապաշտպանը: