«Էրեխուս սպանեցին աչքիս առաջ»
20:03, November 25, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱրդեն երրորդ ամիսն է Երևանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած ժամկետային զինծառայող, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Պաշտոնական վարկածով Հայկ Խաչատրյանը մահացել է ջրծաղիկ հիվանդությունից:
«Հոսպիտալում, ուր պառկած էր էրեխես, մեռա ասելով, որ վրեն ցան է դուրս տվել, բուժեք, տարեք հիվանդանոց, բայց էնքան պահեցին, միչեւ հիվանդությունը խորացավ, մենակ վերջի օրը տարան հիվանդանոց ու մեկ օր անց էրեխես մահացավ»,- մեր լրագրողի հետ զրույցում նշել է Հայկ Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը:
Նշանակված դատական նիստերին Մովսես Խաչատրյանը ներկայանում է մեծ դժվարությամբ, քանի որ ապրում է ՇՄ Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում, և ամեն անգամ Երեւան հասնելը, ըստ նրա, մեծ ծախսերի հետ է կապված: Նրան ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն առաջարկել անգամ անվճար փոխադրում` ՇՄ հեռավոր գյուղից մինչեւ մայրաքաղաք:
«Բայց իմ համար կարեւորը գործը նորմալ քննեն: Էսօրվա վիճակով մեղավորները վկայի կարգավիճակով են դատարան ներկայանում: Երեխայիս հիմնական տանջողն ու սպանողը հանգիստ շրջում է քաղաքում, այն հոդվածը, որով ինքը մեղադրվում է՝ 376-հոդվածի առաջին մասը, նախատեսում է մեղմ պատիժ` ընդհուպ մինչեւ տուգանք, այսինքն, այսօր մեր իրականությունն այս է` ինչ ուզեն զինվորի նկատմամբ կանեն: Փաստորեն էրեխիս ծանր ցավերի մեջ սպանեցին, այլ հիվանդությամբ բերեցին ընդունեցին հոսպիտալ, իսկ հետո կասկածեցին, որ կույրաղիքն է: Նախագահը հայտարարում է, թե օրենք կա, հավատանք, հուսանք, սուտ է, կեղծ է, այդպիսի բան չկա»,-նշում էր մահացած զինվորի հայրը:
Սկզբում, ըստ նրա, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր, որ հետևողական է լինելու, որ այս գործով բոլոր մեղավորները կրեն արժանի պատիժ, ձևավորվելու էր նաեւ հատուկ հանձնաժողով:
«Հիմա այսպես է. բանակ գնալուց մի մասը փող են տալիս` չեն գնում, մյուսները փող են տալիս, որ լավ տեղ ընկնեն: Եթե զինվորը ընկավ սովորական զորամաս, ծնողների հետ միասին գերի կդառնա: Կամ հասցնում են էն աստիճանի, որ զինվորը կախվի, մահանա, կամ այլ միջոցների դիմի, կամ իրենք կկախեն, կսպանեն, հետո էլ կասեն ինքնասպան էղավ: Այս դեպքը կատարվել է անմիջապես իմ աչքի առաջ ու ես հույս ունեի, որ գոնե մեկ-երկուսը կպատժվեն, որ օրինակ լինի, բայց պարզվում է, որ այդպես չեղավ ու չի էլ լինի»:
Մովսես Խաչատրյանը եղել է ոստիկանության աշխատակից` տեղամասային տեսուչ, սակայն տեղի ունեցածից հետո հրաժարվել է աշխատել մի համակարգում, որտեղ իր խոսքերով օրինականություն չկա: «Եթե օրենք չկա, ես ո՞նց օրենքի աշխատող լինեի, ես էրեխուս գերեզմանն էի սարքում , ինձ ասում էին աշխատանքի ներկայացի»:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/