Եվրոպական դիտորդները Վարշավայում պլատֆորմ են հիմնադրել
16:55, December 22, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունքՎարշավա- 2012թ. դեկտեմբերի 12-ին տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք Արևելյան Գործընկերության երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական Միությունում աջակցում կամ իրականացնում են քաղաքացիական դիտորդական առաքելություն, հիմնել են «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը» (ԺԸԵՊ) Վարշավայում:
«Մեր ընդհանուր նպատակն ու պատասխանատվությունն է աջակցել այն քաղաքացիներին, ովքեր պաշտպանում են ժողովրդավարական ընտրություններն այնտեղ, որտեղ դրանք վտանգված են Եվրոպայում,” ասաց Եվրոպական փոխանակման (Բեռլին) նախագահը և Պլատֆորմի նորընտիր համակարգողը Շտեֆանի Շիֆերը: Մինչ Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության բոլոր վեց պետությունները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)և Ռուսաստանի Դաշնությունը իրենց սահմանադրությունների և միջազգային պարտականությունների միջոցով ստանձնել են ընտրական ժողովրդավարության սկզբունքները, այսօր այս պետություններից ոչ մեկը լիովին չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների իրականացման չափանիշներին: «Ընտրակեղծիքը որոշ հետսովետական պետությունների համար իշխանությունը պահպանելու հասարակ գործիք է դարձել: Ամենավատ իրավիճակն արձանագրվում է Եվրոպական Միության անմիջական հարևանների մոտ` Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությում, ինչպես նաև Ադրբեջանում»:
«Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ»-ի նպատակն է օժանդակել քաղաքացիների կողմից Արևելյան Գործընկերության պետություններում և Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների դիտորդությանը, և նպաստել ողջ Եվրոպայում ժողովրդավարական ընտրությունների գործընթացներին: Պլատֆորմը նորարական մեթոդներ կմշակի քաղաքացիական դիտորդության միջոցով ընտրակեղծիքները հայտնաբերելու համար, այն Արևելյան Եվրոպայում կվերապատրաստի քաղաքացիների դիտորդական ցանցերը և կնպաստի եվրոպական քաղաքական կառույցներում քաղաքացիական դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի առաջին գործողություններն ուղղված կլինեն 2013 թ. Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաև Ռուսատանի Դաշնությունում և Ուկրաինայում տարածաշրջանային ընտրությունների ընթացքում քաղաքացիական դիտորդության իրականացմանը նպաստելուն:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի հիմնադիր անդամներն են՝ Գոլոս ասոցացիան (Ռուսաստան), Բելառուսի Հելսինկյան Կոմիտեն (Բելառուս), Ուկրաինայի Ընտրողների Կոմիտեն (Ուկրաինա), Ընտրությունների Դիտարկման և Ժողովրդավարության Ուսումնասիրության Կենտրոնը (Ադրբեջան),Եվրոպական Փոխանակումը (Գերմանիա),Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (Հայաստան), «Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնը (Բելառուս), Ազատ ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրությունը (Վրաստան),Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեն (Նորվեգիա), ՕՊՈՌԱ քաղաքացիական ցանցը (Ուկրաինա), Պրոմո-լեքս ասոցացիան (Մոլդովա) և Շվեդական միջազգային լիբերալ կենտրոնը (Շվեդիա):