ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդություն կիրականացնի նախագահական ընտրությունների ժամանակ
09:05, January 16, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2013 թ. հունվարի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է «Քաղաքացիական վերահսկողության իրականացում 2013 թ. նախագահական ընտրությունների նկատմամբ» ծրագիրը Լոռու և Տավուշի մարզերում:
Ծրագրի նպատակն է աջակցել ազատ և արդար ընտրությունների իրականացմանը Լոռու և Տավուշի մարզերում:
Ծրագրի շրջանակներում կիրականացվի երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն:
Տասնմեկ երկարաժամկետ դիտորդներ կդիտարկեն թեկնածուների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավը, մասնավորապես հարցազրույցներ կիրականացնեն նախագահի թեկնածուների, նախընտրական շտաբների պետերի, աշխատակիցների հետ, կդիտարկեն թեկնածուների հանդիպումները ընտրողների հետ:
Վաթսունից յոթանասուն կարճաժամկետ դիտորդներ դիտորդություն կիրականացնեն Լոռու և Տավուշի մարզերի 50 քաղաքային և գյուղական համայնքներում /ընդհանուր 50 ընտրատեղամաս/:
Ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է կազմակերպության կողմից ներկայացված 63 դիտորդի, իսկ 2013 թ. հունվարի 14-ին որակավորման դասընթաց և ստուգարք են հանձնել ևս 18 դիտորդ:
Դիտորդության ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա կպատրաստվի երկու միջանկյալ հաշվետվություն և մեկ ամփոփիչ զեկույց, որը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և այլ շահագրգիռ մարմինների:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում գործում է նաև 08000 12 11 հեռախոսահամարով թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն ահազանգել ընտրախախտումների վերաբերյալ կամ ստանալ իրավական խորհրդատվություն ընտրական իրավունքի վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստանի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: