Հոգեբուժարանում բուժվող մարդը կարող է ունենալ անվճար փաստաբան
13:01, January 16, 2013 | Նորություններ | Պացիենտների իրավունքներՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի «Հոգեկան օգնության մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկին:
Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ այս հարցը: Պատգամավորներն այդ երկու օրենքներում բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորում են հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հոգեբուժական օգնության իրականացման բարելավման անհրաժեշտությամբ: Նրանք առաջարկում են հստակեցնել հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները: Այսինքն` գործող օրենքում նշված է, որ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն այդ օգնության տրամադրման կարգը օրենքում հստակեցված չէ:
Միաժամանակ «Փաստաբանության մասին» օրենքում նախատեսված են սոցիալական այն խմբերը, որոնց պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն: Այս օրենքում կատարվող լրացումը կսահմանի, որ այսուհետ «իրավական օժանդակությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից»:
Նախագծերի փաթեթները սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/01/15/149757/