Ջհանգիրյանը շահագրգռված է եղել այդ ասուլիսով
21:01, January 16, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է Մատաղիսի հայտնի գործին, ինչպես նաև օրերս տարածված տեսագրությանը
Պարոն Սաքունց, Մատաղիսի գործով երկու տուժածների՝ զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի ծնողները տարակարծիք են վճռի վերաբերյալ: Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, արդարացի է համարում որոշումը, մինչդեռ Ռոման Եղիազարյանի մայրն ու հորեղբայրն արդեն դիմել են դատարան՝ բողոքարկելու վճիռը: Ըստ նրանց՝ դատարանն արդարացրել է մարդասպաններին: Նրանք նաև հանրայնացրին Ռազմիկ Սարգսյանի «ինքնախոստովանությունը»: Ինչո՞վ եք պայմանավորում տուժածների՝ խնդրին երկու տարբեր մոտեցում ունենալը:
Ասուլիսը նպատակադրված կազմակերպված էր, և լրատվամիջոցները, որոնք տեղյակ չէին խնդրին, շտապեցին նման գնահատական տալ, չփորձեցից խորանալ նյութի մեջ, հարցնել՝ ինչո՞ւ այսքան տարի չէին հրապարակում, և նոր են հրապարակում: Լրագրողական աշխատանքը ենթադրում է, որ ոչ միայն պետք է վերարտադրես, այլ նաև հարցադրումներ անես՝ ինչո՞ւ 2006-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշումը եղավ, այն ժամանակ չհապարակեցիք:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ դատական պրակտիկայի տեսանկյունից կատարվեց մի արտառոց իրադարձություն, երբ դատարանն ապացույցներն ակնհայտորեն ճանաչեց ոչ հիմնավոր, ավելին՝ գտավ, որ երեք երիտասարդները՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանն անմեղ են: Երբ երկրորդ անգամ ՀՀ դատարանի կողմից նման գնահատական է տրվում, արդեն առաջ է գալիս այդ հարցով մեղադրանքը նախկին և ներկա պաշտպանողների պատասխանատվության հարցը, որովհետև երկրորդ անգամ է քննություն տեղի ունեցել: Շեշտը մեծացավ, երբ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ՝ ասելով, որ դրանք են մարդասպանները և ամաչեք, որ նրանք գտնվում են ազատության մեջ: Ես կարծում եմ՝ նրա հայտարարությունն անպայման կդառնա դատական պրոցեսի առարկա, որովհետև դատարանն է որոշում անմեղության կամ մեղավորության հարցը, և ոչ թե նախկին զինդատախազը և արդեն ներկայիս ԱԺ պատգամավորը, որը թվում է պետք է օրենքի մասին խոսի դատական իշխանության որոշման հետ կապված: Նա պետք է կարողանա, այնուամենայնիվ, հաշվի նստել դատարանի որոշման հետ:
Ես այս ամենը կապում եմ Ջհանգիրյանի շահագրգռվածության հետ: Ըստ էության, ասուլիսի մեսիջը կայանում է նրանում, որ Ջհանգիրյանը հրաշալի է կատարել իր աշխատանքը, որ շնորհակալ են նրանից և այլն: Նրանց ավելի շատ հետաքրքրում էր հանրությանը ներակայացնեն այն փաստը, որ Ջհանգիրյանը շատ լավ աշխատել է: Եւ ակնահայտորեն ապացուցվում է, որ Ջհանգիրյանը շահագրգռված է եղել այս ասուլիսով:
Հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ի վերջո ինչպե՞ս պետք է հասնել իրական մեղավորների պատասխանատվության ենթարկելուն: Ռոմանի հորաքույրն էլ ասում է՝ եթե Իվան Գրիգորյանն է մեղավոր, թող նրան պատժեն:
Տուժողները եթե մի փոքր ավելի ուշադիր լինեին դատական պրոցեսին և ավելի խորամուխ լինեին քրեական գործի նյութերի մեջ, ապա որևէ օբյեկտիվ իրական հիմք չէին ունենա նման կարծիք ունենալու համար: Այսինքն՝ չկա որևէ հիմք կարծելու, որ այս երեք երիտասարդները մեղավոր են: Ավելին՝ դատարանի վճռի առկայության պարագայում (իսկ վճիռը հեշտությամբ չի տրվել, այն քրտնաջան աշխատանք է պահանջել պաշտպանների, հանրության, մեղադրյալների կողմից) հետաքրքիրն այն է, որ տուժողների իրավահաջորդների հարազատների ոչ միատեսակ մոտեցումը, մի դեպքում ակնհայտորեն գովաբանել Ջհանգիրյանին, մյուս կողմից՝ եթե Իվան Գրիգորյանն է մեղավոր, թող նրան պատասխանատվության ենթարկեն, սա ցույց է տալիս, որ չկա միատեսակ մոտեցում հարցին: Ցավոք սրտի, մոլորության մեջ են իրենց կարծիքների մեջ, իսկ մենք, այնուամենայնիվ, գտնում ենք, որ հանցագործությունը պետք է բացահայտվի օբյեկտիվ քննությամբ: Նախ, անմեղ մարդիկ չպետք է տուժեն, մյուս կողմից՝ տուժողների իրավունքները պետք է պաշտպանվեն, այսինքն՝ պետք է հիմնավոր և պատշաճ քննություն կատարեն, հանցագործության կատարողները պատասխանատվության ենթարկվեն: Այստեղ դեռ լիքը գործ կա անելու և ուղղակի այն ժամանակամիջոցը, որ ծախսվեց այսօրվա այս արդյունքը ստանալու համար, այդ ժամանակը կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել և պատշաճ քննություն տանել: Այն փաստը, որ Իվան Գրիգորյանն այս ինը տարվա ընթացքում այդպես էլ չհայտնաբերվեց, վերջին հաշվով այստեղ կարևոր ֆիգուրներից մեկը զորամասի հրամանատարն է, որի զորամասում զինծառայողներ են սպանվել: Ավելին՝ այս գործով քննիչ է փոխվել, և այդ փոփոխության ընթացքում նաև քննության փոփոխություն է տեղի ունեցել, կասկածյալներն արմատապես են փոխվել: Այսինքն՝ այն ապացույցը, որ Արթուր Եղիազարյանը՝ Ռոման Եղիազարյանի հորեղբայրը բերում է, թե տեսեք Ռազմիկ Սարգսյանը խոստովանում է, իհարկե սուտ է: Ապակողմնորոշումը և նման մոտեցումները խոսում են այն մասին, որ, ցավոք, պատշաճ եզրահանգում չի արվել, և նման վարքագիծը էլի է ուշացնելու արդարադատության լիակատար իրականացումը, որովհետև ստիպված ենք նաև այլ մոլորություններ հաղթահարել, որպեսզի իրապես արդյունքի հասնենք: Իսկ այդ մոլորությունների իրական պատճառը ոչ օբյեկտիվ քննությունն է:
Ռազմիկ Սարգայանի «ինքնախոստովանությունը» կատարվել է առանց փաստաբանի, նա այդ ամենը կատարել է ծեծվելուց հետո, նրա նկատմամբ բռնություններ կիրառելուց հետո մարդուն ասել են՝ ինչ անում ենք քեզ հետ, դա նրա համար է, որ դու ասես այն, ինչ մեզ պետք է: Խոշտանգումների և բռնությունների մասով եվրոպական դատարանում գնում է քննություն, եվրոպական դատարանը բազմաթիվ հարցեր է առաջադրել, որն էլ իմ կարծիքով ազդեցություն է ունեցել այսօրվա վիճակի վրա: Բայց հանրային ուշադրությունն ապակողմնորոշել չի ստացվի, չի հաջողվի, և այն մարդիկ, ովքեր ուղղակի պատասխանատվություն են կրում այսօրվա ստեղծված իրավիճակի համար, նրանք էապես կրելու են պատասծանատվությունը: Պատասխանատվությունից խուսափելու համար տուժողներից մեկին օգտագործելն անմարդկային վերաբերմունք է տուժողների նկատմամբ:
Աղբյուրը՝ http://lragir.am/index.php/arm/0/interview/view/77183