Ոչ միայն խախտվել են ընտրական գործընթացները, այլեւ կեղծվել են ընտրության արդյունքները. Արթուր Սաքունց
20:54, February 19, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՈչ միայն խախտվել են ընտրական գործընթացները, այլեւ կեղծվել են ընտրության արդյունքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մոտ 50 տեղամասային ընտրական հանձնաժողովներում եւ 16 շրջիկ խմբերով ընտրությունը դիտարկող Հելսինկյան քաղասքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ մտահոգություն ունեն, որ հերթական անգամ հնարավոր է, որ միջզագային դիտորդները չներկայացնեն այն օբյեկտիվ իրականությունը, որ տեղական դիտորդներն ունեին:
Արթուր Սաքունցն ասաց, որ առավոտյան քվերակության պրոցեսի ժամանակ՝ ժամը 10-15.00-ին, ընտրողների մեծ հոսք էր, խորհրդարանական ընտրությունների համեմատ ակտիվությունը մեծ էր: Նա նշեց, որ կուտակումները պարարտ հող էին, որպեսզի ընտրակաշառք բաժանվի, տեղամասերից դուրս կային հենակետեր՝ մարդիկ, որոնք կարողանում էին կարգավորել բացակա ընտրողների վերաբերյալ տեղեկատվության հոսքը դուրս:
Արթուր Սաքունցն ասաց, որ հենց նրանց միջոցով էր իրականացվում ընտրակաշառքների կամ խրախուսանքների պրոցեսը, երբ կոնկրետ մեքենա կար, որին մոտենում էին քվեարկությունը կատարած անձինք, անպայման ձգտում բարեւել նրանց եւ այլն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրել է լցոնումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ, կարող էին հայտարարել եւ ցույց տալ, թե ում են ընտրում, ընտրողների ուղղորդման, ազատ կամքի խոչընդոտման դեպքերը:
«Ինչքան Շարմազանովն է ազատ քննադատելու իր կուսակցության ղեկավարին, այնքանով էլ մեր ընտրողներն էին ազատ, վախի մթնոլորոտը ակնհայտ էր, կային թաղային ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաններ, ընտրական տեղամասերում պարբերաբար առկա էին իրավունքը չունեցող անձինք, ընտրելուց հետո մարդիկ մնում էին տեղամասում եւ կատարում էին որոշակի գործողություններ՝ ներկա, բացակա անելու: Քարոզչություն տեղամասում, ճնշումներ, ընտրողներին ասվում էր՝ գիտեք չէ վեցերորդ համարը, օգնությամբ քվերակության դեպքերը»,- նշեց նա:
Արթուր Սաքունցի ներկայացմամբ` դիտորդների վրա ճնշումներ են եղել, հանձնաժողովի նախագահը հրահանգ կարող էր տալ դիտորդին, թե գնա տեղդ նստի: Նա շեշտեց, որ տեղամասային հանձնաժողովները կամք չդրսեւորեցին կանխելու խախտումները, հանձնաժողովներ կանխամտածված էին խախտումներին ուշադրություն չդարձնելու:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն ասաց, որ թեկնածուները, բացի Սերժ Սարգսյանից, գրեթե չունեին վստահված անձինք, եւ այս առումով անհավասար պայմաններ էին: Նա արձանագրեց նաեւ իրավապահ մարմինների անգործությունը՝ շեշտելով, որ յոթ գրություն են ուղարկել եւ ոստիկանություն, եւ ԿԸՀ, սակայն իրավապահ մարմինները որեւէ հաղորդման օպերատիվ արձագանք չեն ցուցաբերել:
Արթուր Սաքունցը նշեց, որ անհամաչափ էր մասնակցությունը, եւ ընտրողների նման տարբերությունը խոսում է կամ լցոնումների, կամ ընտրողների բազմակի քվերակության մասին: Օրինակ՝ Վանաձոր քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է ձայների 51 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանը՝ 30 տոկոսը, սակայն ամբողջ մարզի պատկերը ճիշտ հակառակն էր: «Այս բոլոր խախտումներն ազդել են ընտրական պրոցեսի վրա, վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ չբարձրացավ»,- նշեց նա:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/140977.html
Մամուլի ասուլիսի վերաբերյալ այլ նյութեր՝
Արթուր Սաքունց. միջազգային դիտորդները կարող է՝ դարձյալ օբյեկտիվ չգնահատեն կեղծված ընտրությունները -www.hetq.am
Տեղական դիտորդ. «Մենք չենք համարում, որ այս ընտրությունները եղել են ազատ և արդար» – www.aravot.am