Վանաձորցի զինծառայողը մինչ օրս չի կարողանում ազատվել աշխատանքից
10:19, April 20, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԶորամասի հրամանատարությունը երիտասարդի դիմումները անպատասխան է թողել: 2012 թվականի հոկտեմբերի վերջերից մինչ օրս ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը չի արձագանքել նույն զորամասի առաջին հրաձգային գումարտակի առաջին վաշտի հրամանատար Դ.Գ.-ի զեկուցագրերին: Երկու անգամ` նախորդ տարվա հոկտեմբերին ու դեկտեմբերին, դիմելով վերադաս հրամանատարությանը` վանաձորցի երիտասարդը նպատակ է ունեցել ազատվելու աշխատանքից, սակայն ապարդյուն: Շուրջ 4 ամիս վերադասի լռությունից հետո իր խախտված իրավունքները վերականագնելու ակնկալիքով Դ.Գ.-ը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
«Պաշտոնատար անձանց կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անփույթ աշխատանքի արդյունքում խախտվել են անձի իրավունքները. ներկա դրությամբ նա չի կարողանում իր կամքը ազատ արտահայտել, այլ աշխատանք ընտրել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը (լուսանկարում)՝ տեղեկացնելով, որ նմանատիպ հարցերը օրենսդրությունը կարգավորում է 15-օրյա ժամկետում, այնինչ արդեն վերջին դիմումից հետո 5 –րդ ամիսն է մոտենում:
Քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու եւ վերադաս հրամանատարության կողմից չարաշահումներ թույլ տալու ուղղությամբ համապատասխան ուսումնասիրություն կատարելու խնդրանքով կազմակերպության դիմումին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից ստացվել է գրություն, ըստ որի` Դ.Գ.-ի ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանով ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակելու փոխհատուցման հարցը գտնվում է քննարկման փուլում:
«Մենք ունենք տվյալ դաշտը կարգավորող օրենսդրություն: Զինվորական ծառայության մասին օրենքի 51-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի 393-Ն որոշման 7-րդ մասով, համաձայն որի` հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած հրամանատարը պարտավոր է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը` կից գրությամբ, ուղարկել լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարին, որը փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելուց հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում պարտավոր է զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնել շահագրգիռ ծառայությունների հետ եւ ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը ներկայացնել զինծառայողին: Քաղաքացին չի հրաժարվում այդ գումարները վճարելուց, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան մարմինների անգործության վերաբերյալ մեր դիմումին, ըստ էության չի էլ անդրադարձել»,-ասում է Ա.Զալյանը:
Իրավաբանը մանրամասնում է, որ ստացված պատասխանն, ըստ էության, առկա խնդրին լուծում չի տվել. պատասխանով ոչ միայն չեն վերականգնվել Դ.Գ.-ի խախտված իրավունքները, այլ նաեւ չարաշահումներ թույլ տված անձինք չեն ենթարկվել պատասխանատվության:
«Բոլոր գործողությունները ես կարող եմ գնահատել որպես ձեւական ձգձգումներ»,-ասում է Արայիկ Զալյանը՝ նկատելով, որ խնդրի առնչությամբ պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետին: «Այս անգամ արդեն պահանջելու ենք վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի անգործությունը, ինչպես նաեւ պարտավորեցնել նրան վերականգնել Դ.Գ-ի խախտված իրավունքները»,-հետագա քայլերի մասին է պատմում իրավաբանը:
Աղբյուրը` http://www.aravot.am/2013/04/19/233340/