Պետդեպը ճիշտ էր
21:15, April 22, 2013 | ՆորություններԿարելի է, իհարկե, բանի տեղ չդնել ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանուm մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Կարելի է ասել, Պետդեպը պոլիտբյուրո չէ, կարելի է նաեւ 1960-ի խորհրդային քարոզչության ոճով հակադարձել՝ «իսկ ձեր մոտ նեգրերին են ճնշում»: Բայց այդ ամենը թույլ սփոփaնք է. այն երկիրը, որը քաղաքական եւ տնտեսական առումով հասել է շատ ավելի մեծ հաջողությունների, քան մենք, իրավունք ունի ունենալու իր չափանիշները եւ հայտարարելու, թե որքանով ենք մենք համապատասխանում այն չափանիշներին: Դարձյալ կարող ենք ասել, որ մենք այդ չափանիշները չենք ընդուnում, որ մենք ունենք մեր «ուրույն», «ազգային» չափանիշները: Այդպես մտածողները կարող են հոդվածի շարունակությունը չկարդալ:
Մնացածների համար ասեմ, որ զեկույցի՝ Հայաստանին վերաբերվող մասը, իմ կարծիքով, բավականին օբյեկտիվ է` դատարանները անկախ չեն, բանտերը գերծանրաբեռնված են, կառավարության գործունեությունը թափանցիկ չէ՝ կա՞ որեւէ անկեղծ մարդ, որը դա կժխտի: Նույնը՝ լրատվամիջոցների ինքնագրաքննության ու Տիգրան Առաքելյանի մասին: Ինչո՞ւ այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանների հետ ընդhարվածներին տուգանեցին 50.000 դրամով, իսկ ՀԱԿ ակտիվիստին դատապարտեցին 6 տարի ազատազրկման: Դա վկայում է
ա/ իշխանությունների փոքրոգության մասին եւ
բ/ այն մասին, որ Տիգրանն իսկապես քաղբանտարկյալ է:
Սակայն դառնանք զեկույցի առավել վիճահարույց կետին: «Քաղաքացիական ազատությունները» բաժնում, ի թիվս այլ հարցերի, զեկույցի հեղինակներն անդրադառնում են խոսքի ազատությանը և նշում՝ Հայաստանի կառավարությունը 2012թ-ի ընթացքում միշտ չէ, որ երաշխավորել է խոսքի ազատությունը և, որպես հիմնարար այդ իրավունքի խախտման օրինակ՝ նշում Գյումրի և Վանաձոր քաղաքներում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնության տապալումը: «Ապրիլի 12-ին չեղյալ հայտարարվեց ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, որը պետք է անցկացվեր Գյումրի քաղաքում: Կազմակերպիչները նման որոշում կայացրին, երբ մի խումբ ցուցարարներ շրջափակեցին փառատոնի անցկացման վայրը: Ցուցարարները վիժեցրին նաև Վանաձոր քաղաքում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում այդ փառատոնն անցկացնելու փորձը: Նրանք ձվեր և քարեր նետեցին գրասենյակի վրա, կոտրեցին մի քանի պատուհանների ապակի: Իշխանությունները հրաժարվեցին քրեական գործեր հարուցել վանդալության այդ փաստի առնչությամբ»,- ասված է զեկույցում (մեջբերում եմ ըստ tert.am-ի):
Այդ ձեւով ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու գաղափարն ինձ ամենեւին դուր չի գալիս՝ զուգահեռաբար պետք է անցկացվեր հայկական ֆիլմերի փառատոն Ադրբեջանում: Ավելին՝ ինձ թվում է, որ անցած տարի այդ միջոցառման կազմակերպիչների նպատակը հենց նման զեկույցում հայտնվելն էր: Բայց այն, որ ես կամ հազարավոր այլ հայեր չենք հավանում այդպիսի փառատոնը, ամենեւին չի նշանակում, որ այն Գյումրիում եւ Վանաձորում պետք էր տապալել: Կարելի է խոսել, գրել դրա դեմ, կարելի է լուռ, դատապարտող պաստառով կանգնել «դեպքի վայրում», բայց միջոցառումը խափանելը (հավանաբար, սեփական անսահման հայրենասիրությունը ցույց տալու համար) սխալ է եւ անօրինական: Դա իսկապես ոտնձգություն էր խոսքի ազատության նկատմամբ, եւ պետությունը պետք է ապահովեր մեր համաքաղաքացիների այս՝ թեկուզ անընդունելի, թեկուզ տարաշխարհիկ դրսեւորումը: Այնպես որ այս հարցում նույնպես Պետդեպի քննադատությունը տեղին է:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/04/22/233969/