Բռնության գործիքները կատարելագործվում են
08:32, April 27, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՄեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը:
Պարոն Սաքունց, օրերս բանակում հերթական մահվան դեպքը գրանցվեց, ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Ինչպե՞ս պետք է կարգավորվի այս հարցը, արդյոք իրավահավասա՞ր չեն սպանությունն ու ինքնասպանության հասցնելը:
Անպատժելիություն երևույթը պետք է հասկանալ ոչ թե ակնհայտորեն օբյեկտիվ հիմնավորված փաստերի պարագայում պատասխանատվության չենթարկելը (չնայած դա էլ կա), այլ բուն հանցագործության սքողումը: Այսինքն՝ մարդու արժանապատվության նվաստացման, կոռուպցիոն հանցագործության, բռնության, կեղծիքի ապացուցողական հնարավորություններն ինքնին կանխամտածված ոչ թե սահմանափակվում, այլ սքողում են: Մեթոդիկաներն են զարգացել, որոնցով այդ խախտումները հայտաբերելու հնարավորությունը զրոյանում է, հիմա կատարելագործվում են հանցագործության բացահայտման հնարավորությունները չեզոքացնող գործիքները: Այստեղ գալիս ենք մի իրական խնդրի, որ քաղաքական կամքի, օրենքի գերակայության սկզբունքի բացակայության պայմաններում երկու միտում է նկատվում՝ դրա դեմն առնելու գործողությունները, և երկրորդ՝ այդ խախտումներն իրականացնելու գործողությունները: Հիերարխիկ համակարգը, որով ՔԿՀ-ում, Զինված ուժերում կարգավորվում է կյանքը, զուգահեռ է այն ենթադրյալ հիերախիային, որը սահմանված է օրենքով: Այսինքն՝ օրենքով սահմանված հիերարխիկ հարաբերությունները, ընթացակարգերը կրում են հռչակագրային բնույթ: ՔԿՀ-ում, Զինված ուժերում քրեական մտածելակերպը, քրեական արժեհամակարգը, քրեական կարգավորման կանոններն իրենք են որոշում, թե որ հարցը ինչպես պետք է լուծվի: Այսինքն՝ հարցերի քննարկումը, «ռազբորն» այնքան էական նշանակություն է ունենում, որ հոգեբանական ճնշման մեթոդները կարող են իրապես վճռորոշ նշանակություն ունենալ մարդու համար: Հնարավոր է բռնության հետքեր չգտնվեն, շատ դեպքերում ոստիկանության բաժանմունքներում, երբ քաղաքացու նկատմամբ բռնություն են կատարում, քաղաքացին ասում է, որ չի կարող ապացուցել, քանի որ կապտուկներ չեն մնացել. սովորել են այնպես խփել, որ չերևա: Զինված ուժերում էլ նույնն է, այնպես են անում, որ այդ բռնության հետքերը չերևան: Զինված ուժերում «ռազբորը» հետևանք է ունենում, քանի որ մարդը երկու տարի պետք է ծառայի, իսկ «ռազբորի» արդյունքում ինքը հայտնվում է երկրորդ սորտի կարգավիճակում: Երկու տարի բանակում երկրորդ սորտի կարգավիճակում մնալը նշանակում է ստրուկի կարգավիճակ, և ինչ կեղտոտ գործ կա, կարող են իրեն հանձնարարել: Արդյունքում իր նկատմամբ խտրական ստրկական վերաբերմունքը հոգեբանական այն կետին կարող է հասնել, որ մարդն ուղղակի կարող է զզվել իր կյանքից: Քրեական օրենսգրքի մեջ գրված է՝ ինքնասպանության հասցնել, ու դրանով մեղմացվում է, հանցագործության բուն էությունը համարժեք չէ գործածվում: Այն ինքնին նույն բռնությունն է և նույն հանցագործության գործիքը, որը մարդուն կյանքից զրկում է, և այս տեսակետից պետք է արմատապես փոխել քրեական քաղաքականությունը:
Պետք է քրեական օրենսգրքի որոշ հոդվածնե՞ր փոփոխության ենթարկել:
Չի կարելի ասել՝ քանի որ ինքն է իր վրա զենք կիրառել, ինքն է իրեն սպանել, պետք է մեղմացուցիչ մոտենալ այն մարդու արարքին, որը հանգեցրել է այդ քայլին: Սա իրապես սպանություն է, բայց պետք է ասել, որ բռնության մեխանիկան, բռնության գործիքները նույնպես կատարելագործվում են: Աշխարհում կան մասնագետներ, որոնք կարողանում են հոգեբանական բռնությունն ախտորոշել, որը, սակայն, մեզ մոտ զարգացած չէ, մենք չունենք այդ գործիքները, բայց նույնիսկ այդ դեպքում հոգեբանական բռնության և ֆիզիկական բռնության հայտաբերման, ախտորոշման, արձանագրման մեթոդները պետք է նույնպես մեզ մոտ զարգանան: Ցավոք, դրանք մեզ մոտ դեռ զարգացած չեն: Ես իհարկե ելնում եմ նաև անմեղության կանխավարկածից, որ քննչական մարմինները ցանկանում են բացահայտել, բայց չունեն պատշաճ կարողություններ, մթնոլորտը, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, շատ գաղջ է փակ հաստատություններում: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել իրենց կողմից ծառայողական քննության եզրակացություններից, երբ պարբերաբար գործից գործ կրկնվում է ոչ պատշաճ վերահսկողությունը հրամանատարի կողմից, ոչ լիարժեք կանոնադրական հարաբերությունների պահպանման խնդիրը, որը պայմանավորված է սպաների որակով, բացի այդ, հանցագործությունները ժամանակին չկանխելու հետևանքով: Այսինքն՝ փոքրիկ պատահարները չեն գրանցվում, դրանք կուտակվում են և պայթյունի ձևով առանձին-առանձին ի հայտ գալիս մահացության կամ սպանության դեպքերով: Բոլոր տեղերում իրազեկել և բարձրացնել կարգապահությունը, ինչպես օրերս նախարարը հանձնարարեց, աբսուրդ է: Տեսեք, Մարգար Օհանյանին պատժում է ոչ թե օրենքը, այլ քաղաքական դիրք ունեցող մարդը, ասենք՝ Սերժ Սարգսյանը: Ինչու եմ ասում օրենքը չի պատժում, որովհետև եթե օրենքը պատասխանատվության ենթարկեր Մարգար Օհանյանին, ապա նույն օրենքը տրամաբանորեն պետք է հարց տար՝ բա լավ, Մարգար Օհանյանը, որը այդքան վառելիք յուրացրել է, ապա ինչպե՞ս են պետավտոտեսչության մեքենաները վառելիք հայթայթել և կանգնած չեն մնացել: Այսինքն՝ սելեկտիվ ընտրողական արդարադատությունը միանշանակ հիերարխիկ մտածողության և մոտեցման արտահայտությունն է, որը չի հանգեցնի իրավիճակի փոփոխմանը: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց հիմա էլ է այդ վառելիքը յուրացվում, և նաև Զինված ուժերում է այդ բանը կատարվում, հենց հիմա, երբ մենք խոսում ենք, հաստատ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ դիրքում խմում է, ինչ-որ մեկին ծեծում են, ինչ-որ մեկի նկատմամբ հոգեբանական ճնշումները շարունակվում են, ինչ-որ մի տեղ ռազբոր է գնում, և այդ ռազբորի դեմն առնելու մեխանիզմը չկա, կդիմանա՝ կդիմանա, չի դիմանա՝ ուրեմն թույլ տեղ է հայտնվում և սկսում պայթել: Եթե հիմա գնաք ՔԿՀ, արդյոք նրանք բոլորը ժամը տասից հետո քնած են, թե բոլոր դռները բաց են, տասից հետո սկսվում է իրական կյանքը, և հարցեր են լուծվում: Վարչակազմ գոյություն չունի, նա իր գործառույթներով չի զբաղվում, իր գործառույթների մի մասը վերահանձնել է կրիմինալին: Այսինքն՝ եթե դու լեգիտիմացնում և ոչ իրավական մեթոդներին տալիս ես ավելի գործուն կարգավիճակ, վերալիազորում ես, դա նշանակում է կոռուպցիա, դա նշանակում է արժանապատվության նվաստացման առկայություն, որը կարող է մարդուն հասցնել կամ ինքնախեղման, կամ սպանության, կամ ինքնասպանության:
Պաշտպանության նախարարը նույնը մնաց, ստացվում է ռեժիմին ՊՆ գործելաոճը դո՞ւր է գալիս, այսինքն՝ Զինված ուժերում հենց այսպիսի՞ բարեփոխումներ էր ակնկալում Սերժ Սարգսյանը:
Որևէ բարեփոխում Զինված ուժերում չի կատարվել, խոսվել է բարեփոխումների մասին, բայց միայն խոսվել է,կրկնում եմ՝ Զինված ուժերում համակարգի բարեփոխում տեղի չի ունեցել: Խաղաղարար գումարտակը կարելի է համարել նոր նվաճում կամ ձեռքբերում, բայց ոչ բարեփոխում, որովհետև դա մեկուսի, ամբողջ համակարգից առանձնացված ստորաբաժանում է, որը միջազգային չափորոշիչներով է ձևավորվում: Կան առանձին կոսմետիկ որոշումներ: Փոխարենը, 2012-ին մահացության դեպքերն ավելի մեծ են եղել, քան 11-ին, և եթե Փայտյան Արշալույսին հեռացնում են, կամ պաշտպանության նախարության ձվերը հայտնվում են խանութներում, արդյոք սա բարեփոխո՞ւմ է, և որևէ մեկը հաշվետվությո՞ւն տվեց սրա համար: Հրադադարի ռեժիմի խախտման մեծ թվերի պարագայում, ինչպե՞ս է լինում, որ մահացության դեպքերը կազմում են բանակում մահացությունների ընդամենը18 տոկոսը: Ոչ հրադադարի խախտման հետևանքով մահացության դեպքերի մեծ տեսակարար կշռի առկայությունը հենց խոսում է բարեփոխումների բացակայության մասին:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index.php/arm/0/interview/66192/82201