«Աստծու առաջ հոգի ունինք տալու, ճիշտ ա, երեխան չի փրկվել, բայց «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից գոհ ենք». Մահացած զինվորի մորեղբայր
13:33, June 17, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԵրևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործի քննությունը:
Դատական նիստի ժամանակ հարցաքննվեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բուժտնտեսուհի Ջուլյետա Գրիգորյանը: Նա նախաքննության ընթացքում չէր հարցաքննվել: Վերջինս դատարան էր հրավիրվել ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանի միջնորդությամբ:
Վկան դատարանին հայտնեց, որ հոսպիտալում պատասխանատու է մաքրության ապահովման համար: Նրա խոսքով՝ ջրծաղիկով հիվանդ զինվորի սենյակը պարբերաբար աղտահանվել է:
«Չայի գդալները մաքո՞ւր էր, տիկին ջան»,- վկային հարցրեց մահացած զինվորի հայրը` Մովսես Խաչատրյանը:
«Հոսպիտալում համար մեկ բաժինն է մաքրության տեսակետից, կարող եք բոլորին էլ հարցնել», – պատասխանեց վկան:
Հաջորդ վկան գործով տուժողի մորեղբայր Արմեն Դավթյանն էր: Վերջինիս հարցաքննելու համար տուժող կողմն ավելի վաղ էր միջնորդություն ներկայացրել: Արտագնա աշխատանքի պատճառով Արմեն Դավթյանը դատարան էր ներկայացել այսօր:
Նա տեղեկացրեց, որ հոսպիտալում եղած ժամանակ իր ներկայությամբ ոչ ոք սենյակը չի աղտահանել:
Հատկանշական է, որ գործով ականատես վկային նախաքննության ժամանակ ոչ ոք չէր հարցաքննել:
«Մեղք վիճակ էր, ինչ օր ես տեսել եմ Հայկին: Էն չէր, էն Հայկը չէր: Փորն էր ցավում, հաց էլ չէր ուտում: Սիրտը թափեր գը: Չէր հանգստանա, ցավերի մեջ էր, փորը բռնած կֆռար: Անընդհատ ասում էր փորս տրորեք »,- դատարանին հայտնեց վկան:
Նրա խոսքով` ինքն ու Մովսեսը գնացել են Նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանի աշխատասենյակ: Նա վստահեցրել է, որ զինվորի վիճակը լավ է: Հիմա վիրաբույժների հսկողության տակ է:
Հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ վիճաբանություն է սկսվել: Նրանք տեղեկացրել են բժշկին, որ հիվանդը շատ ծանր է: Ավելի ուշ ներողություն են խնդրել բժշկից` հաշվի առնելով, որ իրենց զինվորին բուժող բժիշկն է:
«Գդալ բերեցինք, որ մե քիչ մը չայ տայինք, կեղտոտ էր: Ես ապշած եմ: Հայկական բանակում եմ ծառայել ու նման բան չեմ տեսել: Սբիչով սրբել ենք, նոր չայ ենք տվել»,- հիշեց Հայկ Խաչատրյանի մորեղբայրը:
Նույն օրը վիրաբույժները հայտնել են, որ հնարավոր է վիրահատեն` կույր աղիքը հեռացնելու համար:
Գիշերը, երբ Հայկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա խոսքով` կրկին ոչ մի բժիշկ չի եղել այնտեղ: Ավելի ուշ, երբ անվասայլակ են տրամադրել զինվորին բուժզննության տանելու համար, մորեղբայրը խնդրել է իր ձեռքերի վրա տեղափոխել մյուս հարկ: Չեն թույլատրել: Ոչ մի բույժքույր չի կազմակերպել հիվանդի տեղափոխումը: Դա արել են Հայկ Խաչատրյանի հայրն ու մորեղբայրը: Ճանապարհին անվասայլակի վրայից զինվորն ընկել է: Ստուգումներից հետո միայն հրահանգել են տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
«Աստծու առաջ հոգի ունինք տալու, ճիշտ ա, երեխան չի փրկվել, բայց «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից գոհ ենք»,- ասաց վկան:
Վկան հիշեց նաև, որ Հայկի դեմքն ու մարմինն ամբողջությամբ պատված էր բշտիկներով, անգամ ականջների մեջ ու վրան:
Գործով արդեն հարցաքննել են վկաներին, տուժողի իրավահաջորդին, ամբաստանյալներին, լրացուցիչ վկաներին, ինչպես նաև գործում առկա ապացույցներն են հետազոտվել:
Դատարանն իր սեփական նախաձեռնությամբ դիրքորոշում հայտնեց կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնել՝ զինվորի մահվան համար հոսպիտալի մյուս բաժինների բժիշկների և աշխատակիցների մեղավորության չափը հստակեցնելու համար: Դատավարության մասնակիցները չառարկեցին: Դատարանը ժամանակ տվեց կողմերին հարցադրումների համար: Մյուս դատական նիստին պարզ կդառնա կանցկացվի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, թե` ոչ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ միայն դատարանում ապացուցված փաստերն ուսումնասիրելուց հետո իրենք վերջնական պատասխան կտան` ցանկանում են հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, թե` ոչ:
«Նախաքննության ավարտից հետո հնարավություն ստացանք ծանոթանալու գործի նյութերին: Ակնհայտ է, որ գործով լրիվ քննություն չի կատարվել, իսկ դատաքննության ընթացքում անպատասխան հարցերի շրջանակն էլ ավելի մեծացավ: Խախտվել է մարդու կյանքի իրավունքը, և պետությունը պարտավորություն է կրում պատասխանատվության ենթարկելու բոլոր մեղավորներին», – ասաց փաստաբանը:
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Նա չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ http://iravaban.net/2013/06/17/աստծու-առաջ-հոգի-ունինք-տալու-ճիշտ-ա