Խորհրդարանական լսումներ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով
07:34, June 29, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀունիսի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ կազմակերպել էր «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ուժային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Լսումների մասնակիցներին ողջունեց եւ արդյունավետ համագործակցություն մաղթեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Կարեւորելով մեր երկրի որդեգրած թափանցիկ գործելաոճը՝ տիկին Նաղդալյանը նկատեց, որ այն հնարավորություն է տալիս արձանագրելու եւ ձեռքբերումները, եւ բացթողումներն ու թերությունները: ԱԺ փոխնախագահը նշեց, որ արդեն իսկ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք նպատակ ունեն բարելավելու ոլորտը: Ըստ նրա՝ խորհրդարանը պատրաստակամ է անել առավելագույնը՝ ապահովելու ոլորտի թափանցիկությունը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ լսումների նպատակն է համակողմանի քննարկումների միջոցով նպաստել պաշտպանության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, քննարկել ոլորտում թափանցիկության վիճակը, առկա մարտահրավերները եւ ներկայացնել առաջարկներ՝ արդյունավետ դարձնելու պաշտպանության համակարգը: Նա նշեց, որ հանձնաժողովն իրականացնում է նախաձեռնողական քաղաքականություն. այսուհետ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանձնաժողովին կներկայացնի առկա խնդիրներին ու կատարվող աշխատանքներին վերաբերող տեղեկություններ: Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ ոլորտում, մասնավորապես գնումների գործընթացում վերջին տարիներին նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր: Ըստ նրա՝ դեռեւս անելիքներ կան ռազմական բյուջեի խորհրդարանական վերահսկողության հարցում:
ԶՈՒ խնդիրներին, ոլորտի թափանցիկությանն ու հաշվետվողականության հարցերին անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նկատեց, որ արդեն շարունակական դարձած խորհրդարանական լսումներն ու տարաբնույթ քննարկումները մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նրա խոսքով՝ ոլորտի բարելավմանն ու կառավարման թափանցիկության մեծացմանը կնպաստի նաեւ հրավիրված միջազգային փորձագետների լավագույն փորձը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, դրական գնահատելով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցությունը, նկատեց, որ դեռեւս անելիքներ կան պետական գնումների գործընթացներում, բանակում բարեվարքության սերմանման եւ ամրապնդման գործում:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, կարեւորելով ոլորտին վերաբերող նման քննարկումները, անդրադարձավ ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տվյալներին եւ ռազմական կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին, որոնք, ըստ նրա՝ գոհացուցիչ չեն: Նա մտահոգիչ համարեց զինված ուժերում քրեական գործերի քննության գործընթացը, արձանագրված խախտումների շարունակականությունը:
Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերում գնումների թափանցիկությանը, զինակոչին, ոլորտում արձանագրված չարաշահումներին, խաղաղ իրավիճակում զինվորների մահվան դեպքերին, հարուցված քրեական գործերի ընթացքին ու մեղավորների պատասխանատվությանը, կոռուպցիայի դեպքերին, բանակի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:
Անդրադառնալով հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնելու ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդելու հասարակության վստահությունը բանակի հանդեպ: Դրանցից է, օրինակ, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության ձեւի փոփոխությունը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից նախատեսվում է զինակոչիկների ծառայության վայրն ընտրել վիճակահանությամբ: Ըստ նրա՝ խստացվել է բժշկական հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը, որի արդյունքում բացահայտվել են կեղծ տեղեկանքներ:
Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահություն հայտնեց, որ եռակողմ՝ խորհրդարան-պաշտպանության նախարարություն-հանրություն համագործակցությունը բարերար ազդեցություն կունենա ոլորտի վրա, եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովը կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:
Աղբյուրը` http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=6012&year=2013&month=06&day=28&lang=arm