Նախագահի բացման խոսքը (խոստովանական ցուցմունքները) քննարկման ժամանակ
10:59, July 1, 2013 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումԱրթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար
Բարև ձեզ,
Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ:
խոստովանություն թիվ մեկ
մինչ այժմ մենք հենց գիտեինք գոյություն ունեն միայն կոռուպցիոն ռիսկեր, կամ դեպքեր, պարզվում է գործում են կոռուպցիոն շղթաներ, այսինքն ոչ թե առանձին դրսևորումներ, առանձին անհատների կողմից, այլ կոռուպցիոն շղթաների օղակները կազմող պաշտոնատար անձինք–
Հարց . ինչու չեն բացահայտված այդ կոռուպցիոն շղթաները և այն ձևավորող կոռուպցիոն գործողություններ, այսինքն հանցագործություն կատարող անձինք/:
Այո, հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են:
Խոստովանություն թիվ երկուս
Տարիներ շարունակ բոլորիդ, այսինքն պետական բարձրագույն պաշտոնները զբաղեցնող և պատասխանատու անձանց հայտնի են եղել և հայտնի են հիմնական կոռուպցիոն սխեմաները : Այսինքն արձանագրում ենք, տեղի է ունեցել և տեղի ունի հիմնական սխեմաների, այսինքն հանցագործ գործունեությունը կանխարգելելու, բացահայտելու նպատակով պաշտոնական , կանխամտածված անգործություն:
Հարց- պաշտոնական լիազորությունների ոչ պատշաճ կատարումը, որը հանգեցրել է ծանր հետևանքների, հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, հանցագործություն, ինչու չեն հարուցվել քրեական գործեր, պետության առանձնապես խոշոր չափերի վնաս հասցրած հիմնական սխեմաներն աշխատացրած պաշտոնատար անձանց դեմ:
Հարց- որոնք են Ձեզ հայտնի սխեմաները, ներկայացրեք հանրությանը բաց, թափանցիկ, որպեսզի իրազեկվենք, իմանանք, և եթե հանդիպենք կամ իմանանք այդ սխեմաների դրսևորման դեպքերի մասին, հաղորդում ներկայացնենք ՀՀ դատախազությանը:
Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով:
Խոստովանություն երեք
Այս պարբերության ամեն մի նախադասությունը հանդիսանում է խոստովանություն հանցագործությունների մի ամբողջ փաթեթի իմացության և դրանց մասին չհայտնելու, ավելին դրանք կոծկելու մասին:
Հարց – ինչու չեք հայտնել իրավապահ մարմիններին, ավելին ինքներդ չեք կատարել Ձեր պաշտոնական պարտավորությունները և միջոցներ չեք ձեռնարկել Ձեր իմացած, Ձեզ տեղյակ հանցագործությունները կատարող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Խոստովանություն չորրորդ
Այսպիսով, փաստաթղթերով «ճիշտ լինելը», դեռևս չի նշանակում, որ գործողությունները «ճիշտ են»:
Հարց – Այդ դեպքում, ինչով բացատրել, որ որոշ դեպքերում հղում եք կատարոմ, «թղթերով ճիշտ է» ձևակերպմանը, հիմնավորելով, հանցագործության բացակայությունը: Ինչով է պայմանավորված նման ընտրովի վերաբերմունքը:
Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք:
Խոստովանություն հինգ
Պետական միջոցները միշտ չենք կարողանում արդյունավետ օգտագործել:
Հարց – ով է խանգարում, մե՞նք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, որոնք բազմիցս ահազանգում ենք, քննադատում ենք, հաղորդումներ ենք ներկայացնում, բայց, ապարդյուն: Ինչու ակնհայտ, թղթով հիմնավորվող հանցագործություններն էլ չեն բացահայտվում:
– բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:
Խոստովանություն վեց
Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա:
Հարց- եթե ակնհայտ է, որ մեքենայություն կա, հանձնարարեք, թող բացահայտեն ով է այն կատարողը: Ինչու չեք հանձնարարում, նաև պահանջում ենթարկեն պատասխանատվության:
– Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ:
Խոստովանություն յոթ
… պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը:
Հարց– իսկ ինչպես եք հիմնավորում, որ պատասխանատվության մակարդակի էական բարձրացումը չապահոված Տիգրան Սարգսյանին վերստին նշանակեցիք վարչապետ. ինչու՞
Հիմա Վերահսկիչ պալատի մասով:
Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել և դա շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին:
Խոստովանություն ութ
Թերությունները բացահայտվում են մեկ, երկու, երեք տարի հետո: Պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում:
Հարց – Այդ որ թերություններն են բացահայտվել մեկ, երկու երեք տարի հետո, հրապարակեք, քանի որ գործում եք հրապարակային դաշտում, ինչպես Դուք եք նշում.
Հիմա «ինչքան կուզենք կխփենք»-ը հավասարակշիռ արտահայտվելու օրինա՞կ է, թե ոնց, կամ «եկել ես տոնս, որ ինչ անեսը»-ը հավասարակշիռ որակո՞ւմ է:
Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից:
Խոստովանություն ինը
Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ:
Սուպեր… այ եթե Ստեփան Մնացականյանը արձանագրեր, որ տնտեսական աճ չկա, կզբաղվեր գնահատականներով: Պարզ է չէ՞ ինչ ասում են այն էլ արձանագրի, ի՞նչ ես ընկել ուսումնասիրության հետևից:
Հարց- Իսկ տեղյա՞կ եք, որ, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքի վեցերորդ հոդվածի չորրորդ կետով, եթե ՀՀ վերահսկիչ պալատը իր ստուգումներով և արձանագրումներով, համոզվում է կամ նկատում է, որ կան քրեական հետապնդման հիմքեր, կարող է ուղարկել ուսումնասիրության հիմքերը ՀՀ դատախազություն: Այսինքն, բացի ուսումնասիրելուց և արձանագրելուց, ՀՀ վերահսկիչ պալատը նաև գնահատելու իրավասություն ունի, ոչ թե աչքերը խուփ անելու, չտեսնելու պարտավորություն, հակառակ դեպքում, ինչպես պետք է գնահատի, թե կան քրեորեն հետապնդելի արաքներ, որը թույլ են տվել իրենց ուսումնասիրության օբյեկտում:
«Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»:
Խոստովանություն տասը
Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է:
Ըստ Սերժ Սարգսյանի ՀՀ պաշտոնատար անձինք սեփական կարծիքն արտահայտելու իրավասությունը չունեն, ընդհանրապես խոսելու իրավունք չունեն, Այ եթե իր կաբինետում իր հետ խոսեն, և որոշեն, թե պաշտոնատար անփը ինչ կամ ինչպես կարող է խոսել, այդ դեպքում, միայն կարող է արտահայտվել. Դե մնացածները, քաղաքական գործիչ են, փորձագետ են, ինչ են իրենք թող էնքան խոսան, բեզարեն, ՀՀ պաշտոնատար անձինք չպետք է արձագանքեն, կարծիքներ ներկայացնեն, այլ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո, ինչ որ արտահայտություններ բացականչեն, կապ չունի դա էական է , թե ոչ.
Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար:
Տես խոստովանություն ութ
Եթե պաշտոնատար անձը մի տեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա, այդ հարցազրույցի վրա: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուղղակի փողոցով գնալուց, կարող են շրջվել, մեկ էլ սկսեն մեր տնտեսության խնդիրների մասին խոսել կամ ընդհանրապես մեր հասարակության խնդիրների մասին խոսել առանց նախապատրաստվելու, այդ մարդիկ չեն կարող օգուտ տալ մեր պետական շինարարությանը: Եթե ես այսպիսի խորհրդակցություն եմ հրավիրում և հիմնականում ընթերցում եմ, դա նրանից չի, որ ես չեմ կարող ամենը բանավոր ասել: Բոլորս այս հարցերում պետք է շատ զգույշ լինենք: Մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ:
Տես Խոստովանություն ութ
Դատախազության մասով:
Ձեր խնդիրն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական:
Խոստովանություն տասնմեկ
Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական:
Հարց- Պետք է ենթադրել, որ օֆշորային սկանդալի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը, այն է չուսումնասիրելը, իրավական գնահատական տալը, նշանակում է իր պարտավորությունների չկատարե՞լը, թե ըստ Ձեր որոշման է ՀՀ Գլխավոր դատախազը մատնվել օֆշորային սկանդալի վերաբերյալ ուսումնասիրություն չկատարելու և իրավական գնահատական չտալու: Նմանապես, «գցված» սփյուռքահայ գործարարների նկատմամբ թույլ տրված հանցագործ գործողությունների վերաբերյալ հրապարակային նյութերով քրեական գործերի չհարուցելը:
Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է:
Հարց- «Սխալ ու անհեռատես հայտարարություն» որակումը Ձեր ինչ ուսումնասիրության կամ իրավական գնահատականի հիման վրա՞ եք կատարում, կարո՞ղ եք ներկայացնել դրանք:
Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է:
Խոստովանություն տասներկու
Կարելի է, թույլատրելի է խոսել միայն երկու հարյուր կամ երեք հարյուր միլիոն դրամի հափշտակման մասին, դա է հափշտակության թույլատրելի սանդղակը, սահմանը, պա՞րզ է: ՎՊ-ն չափն անցել է, երբ տեսնելով, որ անցել են թույլատրված սանդղակը, շարունակել է քիթը խոթել իրեն չվերաբերող մասերի կամ չափաբաժինների մեջ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազը, փոխանակ երկու-երեք օրում հրապարակավ տեղը դներ ՎՊ-ին, որ թույլատրելիության սահմանն անցել է , մատնվել է անգործության… այ սրանում է ՀՀ Գլխավոր դատախազության անգործությունը, հերքել, ոչ թե բացահայտել, ուսումնասիրել և իրավական գնահատական տալ… լրիվ չափներն անցել են, պարոն Ս. Սարգսյան, խաղի կանոները չեն պահպանում, այդ պատճառով էլ ով ինչ ուզում է անում է… ո՞նց կարելի է:
Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է:
Խոստովանություն տասներեք
«այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը,…» Վուայ, այս ի՞նչ է կատարվում: ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը գաղտնազերծում է պետության պաշտպանական բյուջե՞ն, նման հրապարակումը ազգային անվտանգության հարց չի՞ առաջացնում, ո՞ւր են ազգային շահերի միաեղջյուր պահապանները:
Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել:
Տես վերևում նշված խոստովանությունները
Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ: Երբ մի հայտարարություն է արվում, միանգամից հայտարարությունը հաշվառվում է, գնահատական է տրվում ու դրա մասին հրապարակավ հայտարարվում է: Ուրեմն ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը:
Խոստովանություն տասնչորս
Չպետք է տարածվել, պա՞րզ է, չափի մեջ, թե չէ համը դուրս կգա, երկու հարյուր–երեք հարյուր միլիոնի սահմանները հստակ են, վերջ, սա բոլորին ականջներին օղ անելու համար:
Հարց – Բայց իրապես, եթե այդ սահմանն անցած հանցագործություն լինի, ի՞նչ եք անելու, բաժանելու եք մասերի, որպեսզի չերևա ամբո՞ղջը, թե՞ ով այդ սահմանն անցնի՝ նա կարգին մարդ է, և ԱԿՈՒՄԲԻ լիարժեք անդամ:
Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատերի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետև՝ որոշում:
Խոստովանություն տասնհինգ
Այնուամենայնիվ «մեզ հայտնի կոռուպցիոն շղթաները, սխեմաները» պետք է մնան անձեռնմխելի, պա՞րզ է, առանձին «վատ» աշխատող օղակներին կարող եք ստուգել, եթե կոռուպցիոն սխեման վատ են աշխատեցնում, բայց դա չի նշանակում, որ մյուս օղակներն էլ են վատ աշխատում: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կգոյատևեր կոռուպցիոն շղթան, ինչպես կաշխատեին կոռուպցիոն սխեմաները:
Եվ, ընդհանրապես, իրավապահները շատ քիչ պետք է մտնեն տնտեսության մեջ: Պետք է մտնեն միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծայրահեղ է, երբ ակնհայտ հանցագործություն կա: Պետք է մարդկանց թողնել ազատ աշխատեն: Դրա համար մենք ունենք հարկային մարմիններ, որոնք այդ գործով զբաղվում են:
Խոստովանություն տասնվեց
Իրավապահները տնտեսության մեջ պետք է քիչ մտնեն, այ երբ Խաչատուր Սուքիասյանի նման պահվածք դրսևորեն, նոր պետք է մտնեն, պա՞րզ է:
Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք:
Խոստովանություն տասնյոթ
Այն, ինչ ասվեց, խոստովանվեց, դրանք քաղաքական մեծամասնության ոչ ճիշտ պահվածքի հետևանք է, շարքերի միասնականությունը խաթարվում է, իսկ դա միայն կուսակցությունը պետք է պահպանի- կոռուպցիոն սխեմաների, շղթաների անխափան աշխատանքը, բացառությամբ մինչև երկու հարյուր, երեք հարյուր միլիոն դրամանոցները, որոնցից բարձր մակարդակի հափշտակությունները թույլատրելի են, իսկ ավելի մանրերը՝ոչ: