Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի. դատաքննություն
12:30, July 1, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2013 թ. հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /թիվ 3 նիստերի դահլիճ/ նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ներկայացրել են իրենց հայցը, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հանդես է եկել հայցի վերաբերյալ առարկություններով:
Նշանակված դատական նիստին կհետազոտվեն գործում առկա ապացույցները:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը: