Քննությունը Հայկի ինքնասպանության հետ կապ չունի
09:41, July 6, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Դատակոչված վկաների ցանկում ներգրավված չեն եղել այն վկաները, ովքեր Հայկ Կալեյանի «ինքնասպանության» պահին նրա կողքին են եղել: Երեք հոգի` սպան, ով հրաձգարանում կրակելու ժամանակ Հայկի կողքին է եղել, սերժանտը, բժիշկը», հուլիսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է զինծառայող Հայկ Կալեյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Վերջինս սպային, սերժանտին եւ բժշկին դատակոչելու միջնորդություն է ներկայացրել:
«Հայկին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո հիվանդանոց են տեղափոխել ոչ թե բուժծառայության, այլ բժշկի անձնական մեքենայով: Եթե բժշկական համապատասխան օգնություն ցուցաբերվեր, արդյոք հնարավոր չէ՞ր լինի փրկել Հայկի կյանքը: Սրանք գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են, որը պետք է իրականացներ քննությունն իրականացնող մարմինը և դատակոչեր այդ վկաներին»,- մեզ հետ զրույցում նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Դատական նիստի ժամանակ Արթուր Սաքունցն արձանագրել է, որ գործում ներգրավված վկաները, որոնք շարքային զինծառայողներ են, ռազմական ոստիկանությունում անազատության մեջ են գտնվել 3 օրից ավելի` 10-ից մինչև 1 ամիս ժամանակով: Վկաների անազատության մեջ գտնվելու փաստով Արթուր Սաքունցը քրեական գործ հարուցելու պահանջով միջնորդություն է ներկայացրել դատարանին:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը զինծառայողի մահվան դեպքը որակել է որպես ինքնասպանություն: Ըստ այդ վարկածի` Հայկ Կալեյանն իրեն ամրակցված գնդացիրից ինքնասպանության նպատակով 3 կրակոց է արձակել իր որովայնի շրջանում և Մարտունու զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո մահացել:
Քրեական գործով զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են 5 զինծառայողներ:
«Դատաքննության ընթացքում մի հետաքրքիր փաստ արձանագրեցինք: Հայկ Կալեյանի գործով մեղադրյալներից մեկին սպային դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել: Եվ այդ գործով վկաների հարցաքննությունը կատարվել է միայն դանակահարության մեղադրանքով: Այնինչ նրանք նաև նույն գումարտակի սպաներ են, ովքեր կարող էին տեղեկություններ ունենալ Հայկ Կալեյանի մահվան հանգամանքների մասին»,- ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, մանրամասնելով, որ երբ դատական նիստի ժամանակ Հայկի մահվան դեպքի կապակցությամբ հարցեր է ուղղել սպային, վերջինս պատասխանել է. «Դա ինձ չի վերաբերում, դրա համար էլ չեմ հետաքրքրվել: Շառից փորձանքից հեռու», պատասխանել է սպան:
«Սա ուղղակի խայտառակություն է, եթե բանակում զինվորի մահ է եղել, դրա հանգամանքների պարզումը պետք է վերաբերի անմիջական սպային: Հարցրի, թե ծառայողական քննության ընթացքում ինչ են քննարկել, պատասխանեց, որ չի հիշում», պատմում է Սաքունցը:
Բազմակողմանի քննություն չի իրականացվել:
«Եթե նույնիսկ ընդունենք ինքնասպանության վարկածը, ապա ի՞նչը կարող էր Հայկ Կալեյանին հասցնել ինքնասպանության: Այս հարցերը դեռ պարզաբանված չեն: Քննության ընթացքում շեշտը դնում են այն հանգամանքների վրա, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվել Հայկ Կալեյանին կենդանության օրոք, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող հանգամանքներն են քննության առնում: Ընթացող քննությունը Հայկի ինքնասպանության հետ կապ չունի,» նշում է Սաքունցը` շարունակելով. «Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ոչ կանոնադրային հարաբերությունների հիմքով, այն դեպքում, որ նույնիսկ ուսումնասիրությունների արդյունքում դրանց պատճառները հիմնավորված չեն»:
Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 23-ին:
Զինծառայողի ընտանիքը հենց սկզբից էլ չի հավատացել նախաքննության մարմնի առաջ քաշած «ինքնասպանության» վարկածին:
Ի դեպ գործը վարող քննիչը մեկ այլ գործով` կաշառք վերցնելու մեղադրանքով, հայտնվել է կալանքի տակ:
Աղբյուրը` http://jfhr.am/?ln=1&id_=10&page_id=95