Մայրը իրավահաջորդ չի ճանաչվում. Հայկ Մովսիսյանի «ինքնասպանության» չբացահայտված գործը
13:54, July 8, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան, Քրեակատարողական հիմնարկներ2013 թ. հուլիսի 9-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի դիմումի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը վերացնելու և տուժող Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու պահանջով:
ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի կողմից 2011 թ. օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) հիմքով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
2012 թ. նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, իսկ նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին գտել են մահացած՝ ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում: 2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին:
Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, և չնայած տուժողի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Ծնողները զրկված են եղել իրենց որդու իրավունքների պաշտպանության հնարավորությունից և գործի քննությունը հասանելի չէր զոհի ընտանիքի անդամներին:
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է Հայկ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը:
Նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/քննիչը-հակասել-է-ինքն-իրեն-բանտում-մահ