Կիպրոսի դատախազին չե՞ք վստահում
07:58, July 9, 2013 | Նորություններ«Կիպրոսի դատախազը պարզ ասաց, որ հնարավոր չէ նման բան՝ մարդ տեղյակ չլինի, որ իր անունով օֆշորում բան գրանցեն, Կիպրոսի դատախազին չե՞ք վստահում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին, նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Հիմա Եվրամիությունում վերջին տարիներին հատկապես ֆինանսական կրեդիտից հետո լուրջ խնդիր է դրված օֆշորային գոտիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու տեսակետից. հարցը դրված է օրակարգում՝ 2008 թվականի օֆշորային ֆինանսական կրեդիտից հետո»,- կարծիք հայտնեց Սաքունցը՝ նշելով, որ Եվրամիության շրջանակներում տենդենցները զարգանում են օֆշորային գոտիները ռիսկային գոտիներ համարելու միտումով:
«Պետությունը պետք է իր քաղաքականությունը հստակ սահմանի, որպեսզի օֆշորային գոտիներում ընկերությունների հետ գործարքներ չանի, բայց Հայաստանում երևի թե ավելի շատ լուրջ գործերը, ինչպես հանքավայրերի շահագործում և այլն, օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների կողմից է իրականացվում»,- նշեց իրավապաշտպանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե քաղաքակիրթ երկրներում ինչ քայլի կդիմեր երկրի վարչապետը նման սկանդալից հետ, Սաքունցը պատասխանեց.
«Միանշանակ հրաժարական, էլ չեմ ասում, որ դրանից հետո անհապաղ պետք է հետևեր քննությունը՝ դատախազության կողմից նյութերի պատրաստում՝ ուսումնասիրության իրականացմամբ»:
Իրավապաշտպանը իշխանությունների կողմից նման սկանդալը քողարկելու փորձերը պայմանավորեց ոչ միայն ժողովրդավարության, այլև դատական համակարգի բացակայությամբ.
«Դա խոսում է այն մասին, որ մեր երկրում իշխանությունը հանրության առջև պատասխանատվություն չունի, միշտ այն տեղափոխում է անձերի միջև, այսինքն փակ համակարգ է ձևավորվում, որտեղ հանրությունը որևէ դերակատարում չունի և հանրության կարծիքի նկատմամբ որևիցե հաշվետվություն հաշվի առնել չկա. աա տիպիկ Հայաստանին բնորոշ իրավիճակ է»:
Սաքունցը դատախազություն ուղարկված նյութից որևէ ակնկալիք չունի.
«Դատախազությունը 46 «քցված» սփյուռքահայերի երկար ժամանակ թողնում է առանց ուշադրության՝ չնայած բազմաթիվ հրապարակումների ու խոստովանությունների՝ տեսանյութի տեսքով, այնպես որ զարմանալի բան չկա, որ այդ գործն էլ կոծկի, որովհետև «քցում» անողները հենց իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց հովանավորյալ անձիք»: