ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ԴԱՀԿ ծառայության
12:16, July 23, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2013 թ. հուլիսի 19-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր դատական նիստ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի:
Հայցի էությունը կայանում է նրանում, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Մ. Նալբանդյանի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները: Որոշումների համաձայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից յուրաքանչյուր կատարողական վարույթի համար պետք է բռնագանձել 5.000 /հինգ հազարական/ դրամներ:
Նախնական դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարանին միջնորդեց իրեն տրամադրել պատասխանող կողմի առարկության ամբողջական օրինակը, քանի որ անհասկանալի պատճառներով ՀՔԱՎ գրասենյակին ԴԱՀԿ-ի ծառայության կողմից տրամադրվել էր առարկության թերի տարբերակը:
Դատարանի կողմից տրամադրված օրինակի ուսումնասիրությունից հետո Տ. Սիրադեղյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց հետաձգելու դատական նիստը, քանի որ առարկությունների ամբողջական ուսումնասիրության արդյունքում կարող են փոխվել հայցի առարկան և հիմքերը: Դատարանը միջնորդությունը համարեց հիմնավոր և հետաձգեց դատական նիստը: