Արթուր Սաքունց.«Գործողության բանաձեւը մենք դեռ չենք տեսնում»
14:32, August 5, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում շարունակաբար գրանցվող մահացությունները՝ ինքնասպանությունների կամ դժբախտ դեպքերի որակումներով, վաղուց արդեն մտահոգիչ թվերի է հասնում: Այս տարվա միայն հուլիս ամսին գրանցվել է մահացության 4 դեպք: Վերջին երկուսը տեղի էին ունեցել հուլիսի 30-ին եւ 31-ին: Ըստ նախնական վարկածների՝ երկուսի դեպքում էր տեղի ունեցածը ինքնասպանություն էր: Զինծառայողներից մեկը՝ Մանուչար Մանուչարյանը, պահակակետի դիտաշտարակում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից իրեն մահացու հարված էր հասցրել: Նախնական վարկածով ինքնասպանություն էր կատարել նաեւ Արման Մուրադյանը:
«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բանակում տիրող այս իրավիճակը բանակի համար գնահատեց արտառոց, ինչն, ըստ նրա, պարբերաբար կրկնվում է եւ մի քանի ամիսը մեկ ահագնացող թվերի հասնում: Նրա մեկնաբանմամբ՝ այս ամենը ցույց է տալիս, որ բանակի ղեկավարությունը ոչինչ չի անում իրավիճակը շտկելու համար.«Այսպիսի դեպքերից հետո իրավիճակը ցույց է տալիս, որ պարզապես ոչինչ չի արվում: Արտառոց իրավիճակի շարունակությունը այն է, որ դեպքերը որակվում են որպես ինքնասպանություններ, եւ ինչպես երեւում է պաշտպանության նախարարության հաղորդագրություններից, հենց պաշտպանության նախարարությունը, զորամասն է դեպքը որակում ինքնասպանություն եւ ոչ թե քննություն իրականացնող մարմինը»:
Ըստ Ժ.Ալեքսանյանի, ինքնասպանություն որակումը միտում ունի մեղքը ծնողի վրա գցելու, ինչից հետո նրանք կսկսեն պայքարել, որ իր երեխան ինքնասպան չէ ու դա կշեղի բուն գործից. «Վերջին դեպքերից մեկի՝ Արման Մուրադյանի պարագայում ասել են, թե աղանդավոր է: Այսինքն՝ միշտ փնտրում են մի բան, որ մեղադրեն ծնողին, ընտանիքին: Սա ուղղակի դաժանության արտահայտչաձեւ է: Այս դաժան վերաբերմունքը ցույց է տալիս, որ իրենք չեն ցավում այս դեպքերի համար, այդ ամենը ձեւական բնույթ է կրում»,-ավելացնում է Ժ.Ալեքսանյանը՝ նշելով, որ աղանդավոր որակումը տրվում է եւս մեկ անգամ ծնողին ցավ պատճառելու, կոտրելու նպատակով, որպեսզի չկարողանա անգամ պահանջներ ներկայացնել պաշտպանության նախարարությանը եւ զինվորական վերնախավին:
-Ինքնասպանության որակավորման պարագայում մեղավորներ, շատ դեպքերում, չեն հայտնաբերվում եւ այդ արարքը մնում է անպատժելի,-շարունակում է Ժ.Ալեքսանյանը, ավելացնելով, որ եթե անգամ դրանք ինքնասպանություններ են, ուրեմն նշանակում է, որ զորամասում իրավիճակը արտառոց է, տիրում է բռնի մթնոլորտ է, ինչը հանգեցնում է այդպիսի հետեւանքների. «Հանցագործությունները չեն բացահայտվում եւ այդ թողտվությունը շարունակվում է: Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ ինչ ուզեն` կարող են անել: Հիմնականում զոհերը շարքային զինծառայողներն են եւ, եթե դատապարտվողներ, մեղադրյալներ էլ կան՝ դրանք եւս շարքային, ժամկետային զինծառայողներ են»:
Նմանատիպ դեպքերի նվազեցման համար, ըստ Ժ.Ալեքսանյանի՝ բանակ-հասարակություն կապի թափանցիկություն պետք է լինի, որի մասին պաշտպանության նախարարությունը արծարծում է, բայց իրականում այն չկա. «Վերջին դեպքերի կապացությամբ մի ձայն չի հանել պաշտպանության նախարարությունը, բացատրություններ չի տվել, թե ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ են այդ դեպքերը կատարվում»,-եզրափակում է նա:
Հուլիս ամսին տեղի ունեցած 4 դեպքերի առնչությամբ մի քանի հարցադրում առանձնացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նախ, որ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի կողմից կիրառված ջանքերը կամ գործողությունները, որոնց մասին պարբերաբար նրանք հայտնում են՝ որեւէ արդյունք չեն տալիս. «Արդյունք չեն էլ տալու, քանի դեռ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի գործունեության հաշվետվողականությունը հանրության առջեւ գտնվում է նույն մակարդակի վրա, հատկապես՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության տեսակետից: Խոսքը պետք է վերաբերվի ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլեւ՝ սպաների իրավունքների պաշտպանության հարցերին»,-նշում է Ա.Սաքունցը՝ ավելացնելով, որ մահացության դեպքերը պետք է դիտարկել, ոչ թե որպես առանձին դրսեւորում, այլ որպես համակարգային հիվանդության եւ խնդիրների քրոնիկ չլուծվածության հետեւանքներ:
Այս տեսակետից, արդեն ունեցած նախադեպերով Ա.Սաքունքը առանձնացրեց ու կարեւորեց դեպքերի ոչ պատշաճ քննությունների փաստը, երբ մահացության փաստով չի կատարվում բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն: Նրա մեկնաբանմամբ, երբ միջադեպերի քնությունը կատարվում է այն տրամաբանությամբ, որ հրամանատարները անմիջական պատասխանատվություն չունեն, նրանց արարքներին, անգործությանը կամ կանխամտածված ոչ իրավաչափ գործողություններին չի տրվում իրավաչափ գնահատական, նման իրավիճակը շարունակվում է:
Զինված ուժերում մեկ այլ կարեւոր խնդիր Ա.Սաքունցը առանձնացրեց կոռուպցիոն ռիսկերի եւ կոռուպցիոն դրսեւորումների չհաղթահարելը.«Կոռուպցիոն ռիսկերի պարագայում իրավունքների մասին խոսելը դառնում է ավելորդ եւ այդ կոռուպցիայի համակարգային բնույթը արդեն մարտահրավեր է պետությանը եւ դա արժենում է կյանքեր»,-նշում է Ա.Սաքունցն ու ավելացնում, որ այստեղ պաշտպանության նախարարության քայլերը պետք է ուղղված լինի զիված ուժերի թափանցիկության, հաշվետվողականության, իրավական ընթացակարգերի կատարելագործմանը:
-Իհարկե կարեւոր է, որ պաշտպանության նախարարը հայտնեց, որ չի կարելի հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրները հիմնավորել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրներով, որովհետեւ դա, ըստ էության, անգործության բանաձեւն էր, բայց գործողության բանաձեւը դեռեւս մենք չենք տեսնում: Այդ գործողությունների մասին խոսքերը մնում են զուտ խոսքեր, քանի դեռ հանրությունը իրական մասնակցություն չունի զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության մեջ,-ավելացնում է Ա.Սաքունցը:
Դեպքերի մեծ մասին տրված ինքնասպանություն որակումը, ըստ Սաքունցի, անկանխակալ վերաներմունք է դեպքին ու այդ պարագայում ջանքերը գործադրվում են դեպքը վարկածին համապատասխանեցնելուն եւ ոչ թե իրական պատճառները, հանգամանքները պարզելուն.«Ինքնասպանության որակումը պատասխանատվությունը թաքցնելու կամ խուսափելու տարբերակ եմ ես համարում»,-ավելացնում է Ա.Սաքունցը:
Նրա կարծիքով, զինված ուժերում արմատական փոփոխությունների կարիք կա, բացի դրանից, արմատական փոփոխությունների համոզմունք է անհրաժեշտ, որը չկա. «Զինված ուժերում վերահսկելիության աստիճանը բարձրացնելու փորձեր արվում են ԱԺ-ի կողմից, բայց դա ընդամենը փորձեր են եւ ոչ թե համակարգ»:
Իրավապաշտպանն անդրադարձան նաեւ այս տարվա գարնանային զորակոչին, որի ընթացքում, ըստ նրա, բանակ են զորակոչվել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներ, այն իրավական հիմնավորմամբ, որ, իբր, սահմանափակումներով պիտանի են շարային ծառայության, ինչը հերթական մարտահրավերը կարող է հանդիսանալ զինված ուժերի համար.«Նման խնդիրներով զինծառայողների առկայությունը զինված ուժերում հղի է նոր տխուր հետեւանքներով: Սա նաեւ ապացույցն է այն բանի, որ իրապես մոտեցումների հիմքում ընկած են ոչ թե խնդիրների լուծման տրամաբանությունը, այլ գերնպատակ է դարձել համալրման խնդիրը՝ ամեն գնով»,-եզրափակում է Ա.Սաքունցը: