Փաստաբանի սպանության գործով` խումբն է գնում դատվելու
14:53, August 5, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունքԱյս անգամ պաշտոնյա-հովանավորները երևի չեն կարողանա փրկել ընտրական գործընթացներում ակտիվ վանաձորյան եռյակին, ինչպես դա եղավ Վանաձորի թաղերից մեկում ճանաչված անձի` Հրանտ Հակոբյանի սպանության դեպքում:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի նախաքննությունն արդեն ավարտվել է և, ամենայն հավանականությամբ, Արեն և Արտակ Վերանյան, Սամվել Դիլոյան եռյակը կդատվի` որպես «խմբակային սպանություն իրականացնող»:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերի 18-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում գտել էին փաստաբան Սամվել Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Ոստիկանությունը պարզել էր, որ այդ օրը ռեստորանում փաստաբանի հետ վիճել էին Արտակ և Արեն Վերանյանները, նրանց ընկեր Վանաձորի ավագանու նախկին անդամ Սամվել Դիլոյանը: Վեճը սկսվել էր ռեստորանում` ժամը 22.00-ի սահմաններում, այնուհետև տեղափոխվել բակ, որտեղ եռյակը բազմաթիվ հարվածներ էր հասցրել Շարբաթյանի դեմքին, մարմնին և սպանել նրան: Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության` վեճի պատճառը եղել էր անձնական. Արտակը հետապնդել էր փաստաբանի քրոջ դստերը, որի շուրջ ծավալված վեճի ընթացքում Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում հարված էր ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել էր գլխուղեղի ֆունկցիաների խանգարման և դարձել մահվան պատճառ: Բացի այդ, փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ:
Դեպքից հետո Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը փախուստի մեջ էին եղել և հետախուզմամբ հայտնաբերվել: և միայն 33-ամյա Արտակ Վերանյանն էր դեպքի հաջորդ օրը մեղայականով ներկայացել իրավապահներին և կալանավորվել: Նա ներկայացրել էր նաև օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:
Մինչդեռ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախաքննության որոշակի փուլում մտահոգություններ էր հայտնել` կապված մամուլում հայտնվող որոշ տեղեկությունների, որոշ դատախազների` կասկածյալի հետ անհարկի հանդիպելու և այլ հանգամանքների հետ, որոնք կարող էին նպաստել սպանության գործի ոչ օբյեկտիվ և ոչ ամբողջական բացահայտմանը: Ասենք, Հրանտ Հակոբյանի սպանության դեպքի նման գործը ներկայացվեր որպես անհրաժեշտ պաշտպանության հանգամանքներում կատարված սպանություն, որտեղ տուժողն իբր իր անձնական զենքով փորձել է սպանել հակառակորդներին, վերջիններս էլ հարձակվել են տուժողի վրա, նրանցից մեկը խլել է զենքը և իրենց կյանքը փրկելու համար սպանել նրան: Իսկ դա նշանակում է, որ խմբից մեկը կարող է թեթև պատժաչափ ստանալ, իսկ մյուսները` ազատվել քրեական պատասխանատվությունից:
Արթուր Սաքունցը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ այժմ տուժող և պաշտպանական կողմերը ծանոթանում են գործի նյութերին, և հավանական է, որ կողմերը միջնորդություններ ներկայացնեն, որից հետո էլ գործը կուղարկվի դատարան` որպես «խմբակային սպանություն», ինչի մասին վկայում են ոչ միայն գործի հանգամանքները, այլ նաև փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ մեղադրյալներից Արտակ Վերանյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնում որպես օպեր-լիազոր, հետո` մաքսանենգության համար 11 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:
Իսկ Սամվել Դիլոյանը ՀՀԿ անդամ է, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը և մինչև սպանության դեպքը Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ էր: Նա նաև Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի թիմում էր, որը տարիներ առաջ հայտնվել էր Վերահսկիչ պալատի «սև ցուցակում»` կապված մանկատների երեխաներին պետբյուջեով հատկացվող գումարների անհետանալու և դժվար ճակատագիր ունեցող երեխաներին սոցիալական երաշխիքներից զրկելու հետ:
Աղբյուրը՝ http://www.1in.am