Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը խթանում են խտրականության թեմայի շուրջ Հայաստանի իրավաբանների վերապատրաստում
06:39, October 25, 2013 | ՆորություններԵրևան, 24/10/13 – Եվրոպայի խորհուրդը Հայաստանի փաստաբանների և իրավապաշտպանների համար սկսել է անցկացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերին՝ գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշների վրա: Վերապատրաստման չորս փուլերից առաջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունենում Երևանում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում:
Մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ կմասնակցեն վերապատրաստմանը: Վերապատրաստման չորս փուլերն ավարտելուց հետո մասնակիցները քննություն կհանձնեն, որից հետո նրանք կձևավորեն վերապատրաստողների մի խումբ, որը զինված կլինի խտրականության իրավունքի վերաբերյալ համապատասխան գիտելիքներով: Նրանք իրենց գիտելիքները կփոխանցեն փաստաբանների և իրավապաշտպանների այլ խմբերի` վերապատրաստելով վերջիններիս կիրառել մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները ներպետական դատական գործերում: Արդյունքում, հայ փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան ավելի հիմնավոր գանգատներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պրն. Պավլյուկը շեշտեց վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի hնարավոր արդյունքի մասին: «Կարծում եմ, որ խտրականության եվրոպական ընկալման, ինչպես նաև խտրականության գործերի ընդունելիության առանձնահատկությունների առավել լավ ըմբռնումը զգալիորեն կբարելավի մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող գործերի որակը» նշեց պրն. Պավլյուկը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տ. Հրիսթեան նշեց, որ խտրականության գործերի վերաբերյալ պատշաճ արձագանքը մեծ կարևորություն ունի Եվրոպական միության համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ փաստաբանները և իրավապաշտպանները օգուտ կքաղեն այս ուսուցման հնարավորությունից:
Պրն. Արա Զոհրաբյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, ընդգծեց նոր փորձագետներ բացահայտելու և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին կոնվենցիայով սահմանված խտրականության հասկացության վերաբերյալ վերջիններիս գիտելիքները բարձրացնելու կարևորությունը: «Լիահույս եմ, որ վերապատրաստմանը մասնակցող փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան առավելագույնս օգտվել այս բացառիկ հնարավորությունից, և այն մեծապես կնպաստի խտրական վերաբերմունքի ներպետական գործերի արդյունավետ քննությանը» նշեց պրն. Զոհրաբյանը:
Այս միջոցառումը կազմակերպվում է ԵՄ և ԵԽ համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագիրն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի դաշնությունը և Ուկրաինան:
Դասընթացին մասնակցում են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանները: