Նույնիսկ 1991-1995 թվականներին չկար երկիրը լքելու այժմյան տրամադրվածությունը. Արթուր Սաքունց
16:01, November 3, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-սեպտեմբերի վերջնական ցուցանիշները ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վերաբերյալ, որը առավել հայտնի է որպես արտագաղթի ցուցանիշ։
Ըստ այդ տվյալների՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 118 693 ՀՀ քաղաքացի, ժամանել՝ 996 492 քաղաքացի։ Մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը բացասական է՝ 122 191։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, չի հավատում պաշտոնական տվյալներին, նրա խոսքով` իրականում արտագաղթածների թվաքանակն ավելի շատ է:
Խոսելով պատճառների մասին` Սաքունցն առաջին հերթին կարևորեց անապահովվածության զգացողության առկայությունը: «Քաղաքացիներն օրենքով իրենց պաշտպանված չեն զգում, ավելին` չկա արդարադատություն, չկա նաև տնտեսական, ֆիզիկական անվտանգության և սոցիալական ապահովվածության երաշխիքներ»,- մանրամասնեց Արթուր Սաքունցը: Ըստ նրա` այս ամենի արդյունքում մարդիկ որպես միակ ելք տեսնում են երկրից հեռանալը: «Պատճառներից մեկը նաև հուսահատությունն է, չկա հույս, հավատ, որ իրավիճակը կարող է շտկվել»,- ասաց Սաքունցը` շեշտելով, որ երկրի համար նույնիսկ ամենածանր տարիններին` 1991-ից 1995 թվականներին, երբ պատերազմի մեջ էինք, երկիրը լքելու այդպիսի տրամադրվածություն չկար:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am