Քաղաքական կաթված, երկրի բռնակցում, պետականության էրոզիա. կարծիքներ Հայաստանի՝ ՄՄ անդամակցության մասին
16:50, November 12, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը քաղաքական կաթված էր, որի հետցնցումները դեռ երկար իրենց զգացնել կտան ներքին ու արտաքին քաղաքական ասպարեզներում: Այսօր «Համաձայնություն» կենտրոնի և Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված «Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» խորագրով սեմինար-քննարկմանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հանգամանքը հարված հասցրեց ոչ միայն տարածաշրջանում ու դրանից դուրս Հայաստանի վարկին, այլ նաև սպառնալիք է ազգային անվտանգությանը:
«Եթե մինչ այդ խոսում էինք Հայաստան-Ռուսաստան ուղղահայաց, այսինքն արդեն իսկ ոչ նորմալ հարաբերությունների մասին, ապա սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը ձեռք է բերում օկուպացիայի հատկանիշներ: Հայաստանում տեղի է ունենում պետականության էրոզիա: Բոլոր լիազորությունները հանձնում են Ռուսաստանին: Երևանում վերջերս ստորագրվեց մի հուշագիր, որով Հայաստանին արգելվում է հայտարարություններ անել, որոնք կհակասեն Մաքսային միության շահերին»,-ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ դեռևս տարվա սկզբին Ռուսաստանը զենք վաճառեց Ադրբեջանին, և այժմ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար զինում է ոչ թե Հայաստանին, այլ հենց իրեն՝ Հայաստանում:
«Կա չլուծված Ղարաբաղի խնդիր, կա Վրաստանի հետ սահմանի խնդիր: ՄՄ-ին անդամակցելով լրջագույնս վտանգվում են Հայաստան-Վրաստան հարաբերությունները, անդունդ է այստեղ առաջանում: Մեր ընդհանուր սահմանը վերածվում է ռուս-վրացական սահմանի»,-ասաց նա և զարմանքով նշեց, որ նախագահի հայտարարությունից հետո մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարությամբ հայ ժողովրդին չի բացատրվել՝ թե ինչու է Հայաստանն ընտրել հենց այս ճանապարհը:
«Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանն էլ ընդգծեց, որ ՄՄ-ի անդամ երեք երկրները որևէ արժեքային համակարգի վրա հիմնված չեն:
«Այսօր Ռուսաստանում մեծ թափով ընթանում է քարոզչություն ոչ միայն ընդդեմ ԵՄ-ի, այլ նաև մարդու արժեքային համակարգի դեմ: Վերջին երկու ամիսներին շատ ուշադիր եմ հետևում լրատվամիջոցներով տարվող քարոզչությանը՝ դրանք հիշեցնում են խորհրդային «Правда»-ն՝ հայհոյանքներ, պիտակավորումներ ու փաստարկների բացակայություն»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու խնդիրը միայն շղարշն է այն գործընթացի, որը իրականում տեղի է ունենում:
«Հիմա Ռուսաստանի կողմից Հայաստանի զավթում է տեղի ունենում: ՀՀ-ի իշխանություները Ռուսաստանին են տվել են երկրի կառավարման մանդատը: Ընթանում է բռնակցում ռուսական կայսրությանը, իսկ ասում եմ կայսրություն, քանի որ դա հենց Պուտինի գնահատականն է: Եթե այս գործընթացը չդադարեց, որևէ կասկած չունեմ, որ հետևանքներն ավելի ծանր են լինելու Հայաստանի համար, քան օգոստոսյան հետևանքները՝ Վրաստանի համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ ՄՄ-ին չանդամակցելու դեպքում միայն սպառնալիք է սպասվում ՀՀ-ի ներկայիս իշխանությանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ անդրադարձավ ՄՄ-ի անդամ երեք պետություններում՝ Ղազախստանում, Բելառուսում և Ռուսաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մակարդակին: Նա նշեց, որ օրինակ Բելառուսում վերջերս մտցվել է օրենքի մի կետ, ըստ որի, նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալը քրեորեն հետապնդելի արարք է:
«Սրանով ոտնահարվում է մարդու՝ ազատ կարծիքը արտահայտելու իրավունքը: Բելառուսում դեռևս 6 քաղաքական բանտարկյալներ կան, որոնք բանտերում են նախորդ նախագահական ընտրություններից: Այնտեղ դեռևս գործում է մահապատիժ: ՌԴ-ում Պուտինի երկորդ ընտրությունից հետո օրենսդրական փոփոխություններ արվեցին: Ըստ դրանցից մեկի՝ այն կազմակերպությունները, որոնք դրամաշնորհներ կստանան օտարերկրյա հիմնադրամներից, արտասահմանյան գործակալ կհամարվեն՝ այսինքն ժողովրդական լեզվով ասած՝ շպիոն: ՌԴ-ում մտվեց ևս մեկ օրենք, որով քաղաքական գործունեություն է համարվում այնպիսի գործողությունը, որը ուղղված է իշխանության մարմնի իրականացված մոնիտորինգի դեմ»,-ասաց նա:
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ վերջին հոդվածով քաղաքացիական վերահսկողությունը վերացվում է օրենսդրությամբ:
«Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն, բայց մենք գոնե կարողանում ենք նախագահի մասին մեր կարծիքը հայտնել ազատ: Բայց Սերժ Սարգսյանն ընտրեց անվտանգության այն համակարգը, որը ավելի անվտանգ կդարձնի իր սեփական իշխանությունը: Մենք կարող ենք ամրագրել, որ մեր անվտանգության համակարգը տեղափոխվում է մարդու հիմնարար ազատությունների տոտալ սահմանափակման տիրույթ»,-ասաց նա:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/11/12/customs-union/