Քոչարյանը հենց ինքն է «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը գործի գցել. կարծիքներ
07:57, January 14, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ «գազային» պայմանագրերը վավերացնելու համար իշխանություններին քննադատող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հենց ինքն է «գույք՝ պարտքի դիմաց» մեխանիզմը գործի գցել, հետևաբար, նրա քննադատությունն անիմաստ է: «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցները չորակեց որպես իշխանափոխության հայտ, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը «սովորական բան» համարեց այս հրապարակային բանավեճը:
Tert.am-ի հետ զրույցում «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին Արթուր Սաքունցն ասաց. «Սա Ռոբերտ Քոչարյանն արել է ոչ թե ռուսական կողմի պահանջով, ինչպես ինքը ժամանակին արտահայտվել է, այլ հենց իր նախաձեռնությամբ, և մեր ողջ էներգետիկ համակարգը, Հրազդանի ՊՇԵԿ-ը, որը բավականին լուրջ համակարգաստեղծ կառույցներից մեկն է, հանձնվել է ռուսական կողմին»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր Կառավարությանը «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցում, ծայրահեղ խոցելի համարել ռուսական կողմին «գազային» համաձայնագրերով բացառիկ՝ մինչև 2043 թվականը իրավունքների տրամադրումը:
Ռոբերտ Քոչարյանի՝ այսպես կոչված «գազային» համաձայնագրերի քննադատությունը Արթուր Սաքունցը ևս անիմաստ է համարում, քանի որ, ըստ նրա, հիմնական խնդիրը, հիմնական մարտահրավերը ոչ թե այդ պայմանագրերն են, այլ Մաքսային միությունը. «Մաքսային միության անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի կողմնորոշումն է, որին ինքը, ըստ էության, բացարձակապես որևէ կերպ չի անդրադառնում, լռության է մատնում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցները դիտարկում է որպես վերադարձի հայտ, իրավապաշտպանն ասաց. «Քոչարյանը լավ կանի՝ լռի: Ես անիմաստ եմ համարում անդրադառնալ որևէ հարցի Քոչարյանի հետ կապված, թե ինքը ինչ է ասում, տնտեսական քաղաքականության մասին և այլն, ուշադրություն դարձնել, որովհետև մեր հասարակությունը մեկ հարց ունի Քոչարյանին տալու և ոչ միայն տալու, այլև պահանջելու, որ պատասխանատվություն կրի «Մարտի 1-ի» հանցագործության համար, «Հոկտեմբերի 27-ի» հանցագործության համար, բայց ինձ համար առաջնահերթը հենց առաջինն է»:
Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները չորակեց որպես իշխանափոխության հայտ, այլ ընդամենը որպես «մեսիջ», որ վարչապետին պետք է փոխել, որովհետև այդպիսի «վարչապետը շքեղություն է, դեգրադացիա է»:
«Սա է հիմնական կոնֆլիկտը, ըստ որում ՝ բավական կառավարելի կոնֆլիկտ է, որովհետև նախ, երկու կողմերը չեն անցել էթիկայի սահմանը»,-ասաց նա: Իսկ այդ հրապարակային «երկխոսությունը», ըստ «Ժառանգության» անդամի՝ ընդամենը «թամաշա է», որ պատճառը ինչ-ինչ պայմանավորվածությունների խախտումն է:
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը ևս Tert.am-ի հետ զրույցում «սովորական բան» համարեց այս հրապարակային բանավեճը՝ ասելով, որ «հակասությունների լուրջ տարբերակ գոյություն չունի»:
«Ինչ վերաբերում է հարցին, թե սա հա՞յտ է քաղաքականություն վերադառնալու, թե ոչ… ես չեմ ուզում այդպես դիտարկել, որովհետև նման հայտը, այնուամենայնիվ պետք է լինի խորը, պոզիտիվ: Այն պետք է հասարակական պոզիտիվ ալիքի հիման վրա տեղի ունենա»,- ասաց նա: