«Այն, որ ասում են`կայծակ կամ ամպրոպ պարզ երկնքում, հնարավո՞ր է դա պատկերացնել»
14:22, January 14, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում է: Մինչ այդ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» դիմել էր ՀՀ վարչական դատարան, ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, 2013 թվականի սեպտեմբերի 3-ի` Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, սակայն վարչական դատարանը մերժել էր հայցադիմումի ընդունումը, ուստի գրասենյակը դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
«Այնպես չէ, որ դատական ատյաններից միանգամից կարելի է արդարություն ակնկալել, որ միանգամից կբավարարեն հայցադիմումը: Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, հարցն ԱԺ-ում լսելու եւ քննարկելու տեսանկյունից, մեր ԱԺ-ն, ի տարբերություն ուկրաինական պառլամենտի, անգործության էր մատնված: Այս որոշման վերաբերյալ քաղաքական ուժերը որեւէ պահանջ չներկայացրեցին: Գործադիր իշխանությունն էլ իրականացնում է Ս.Սարգսյանի միանձնյա որոշումից բխող գործողություններ»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, նույնիսկ միջազգային հարաբերություններում երկրի նախագահը ներքին եւ արտաքին քաղաքականության որոշումներում պետք է հաշվետվողականություն ունենա: Պարոն Սաքունցն ասաց, որ առաջին ատյանի վարչական դատարանը ոչ թե որոշում կայացրեց, թե իրենց հայցադիմումը հիմնավոր չէ, այլ, նույնիսկ չհամարձակվեց այն դատաքննության առարկա դարձնել: «Մենք հնարավորություն չունեցանք մեր պահանջները դատարանում բանավոր կերպով ներկայացնել»,-ասաց իրավապաշտպանը:
Ա.Սաքունցը միաժամանակ նշեց, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը պետք է տարբերել Մաքսային միությանն անդամագրվելու համաձայնագրից, քանի որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին, որը պետք է ստորագրվեր Վիլնյուսում, նախորդել է 3,5 տարվա աշխատանք, կառավարությունը դրա վերաբերյալ որոշումներ էր ընդունել` ընթացակարգեր, կազմել ճանապարհային քարտեզ, իսկ հանրությունը դրա վերաբերյալ իրազեկված էր: «Ասում են` այդ փաստաթուղթը գաղտնի էր, հրապարակված չէր, սակայն մենք այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ էինք այն իմաստով, որ «Քաղաքացիական հասարակության ֆորումին» Հայաստանի ՀԿ-ները՝ որպես անդամ, եւս մասնակցում են, մենք ընդգրկված ենք եղել ԵՄ ասոցացման համաձայնագրի չորս աշխատանքային խմբերում, որոնք վերաբերվում էին մարդու իրավունքների, լավ կառավարման, էներգետիկ անվտանգության, տնտեսական, բնապահպանության վերաբերյալ հիմնախնդիրներին»:
Ա.Սաքունցը նշեց, որ ճանապարհային քարտեզի վերաբերյալ մեր ՀԿ-ները դիտարկումներ էին անցկացրել կոնկրետ գործողություններ իրականացնելու համար: «Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում. այն, ինչ-որ նախատեսված էր եւ կանխատեսելի, չի կատարվում, փոխարենը՝ այլ գործընթանցեր են իրականացվում. այն, որ ասում են` կայծակ կամ ամպրոպ պարզ երկնքում, հնարավո՞ր է դա պատկերացնել»:
Իրավապաշտպանին հարցրեցի` ենթադրենք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում իրենց գրասենյակի ներկայացրած հայցադիմումը մերժվի եւ իրենք դիմեն եվրոպական դատարան, որն իրենց համար ցանկալի որոշում կայացնի, այդ դեպքում, եվրոպական դատարանի կայացրած որոշումը մեր իշխանության վրա որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ: «Նախ ասեմ, որ մենք դեռեւս սպասում ենք, թե ինչպես է գնալու քննությունը վերաքննիչ վարչական դատարանում: Եթե ընթացող քննությունն ու դրա արդյունքները մեզ չբավարարեն, մենք կդիմենք դատական ավելի բարձր ատյանների, նաեւ կմտածենք Սահմանադրական դատարան դիմելու մասին, գուցե նաեւ` եվրոպական դատարան: Եթե եվրոպական դատարանի կողմից լինի որոշում, որը մենք ակնկալում ենք, ապա ՀՀ իշխանությունը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ եւ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի ներկայացուցիչ, բնականաբար, պարտավոր է կատարել եվրոպական դատարանի որոշումը»,-եզրափակեց զրուցակիցս:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/en_vor_asumen_kaycak_kam_amprop-hy/