Այսօր, առավել քան երբևէ, եկել է ճշմարտության պահը
17:15, March 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին, իսկ Հայաստանը դրան ուղղված միջոցառումների ծրագիրը հաջողությամբ է կատարում:
Այսօր, առավել քան երբևէ, եկել է ճշմարտության պահը, և շատ հարցեր շատ ավելի պարզ են: Պարզ է, որ դիվանագիտություն որպես այդպիսին գոյություն չունի: Եթե Պուտինի՝ ՄՄ ընդլայնման հետ կապված հայտարարությունը լիներ մինչև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան, կունենար բոլորովին այլ իմաստ, այսինքն՝ մենք կգտնվեինք սեպտեմբերի 3-ից հետո իրադարձությունների տրամաբանության մեջ, և խոսքը կարող էր լինել ընդամենը ՄՄ տնտեսական բլոկի ընդլայնման մասին: Կար մեր այն մտահոգությունը, որ ավտորիտար երկրների ակումբին ընդգրկվելը ոչ մի դրական բան չի տալու, բայց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից հետո Պուտինի այս հայտարարությունն այլ իմաստ է ձեռք բերում: Քանի որ այս երկրները ՀԱՊԿ անդամ են, ես Պուտինի այս հայտարարությունը որակում եմ որպես ռազմական նոր բլոկի ձևավորման մասին հայտարարություն: Այս պարագայում Հայաստանը ներքաշվում է նոր ավանտյուրայի մեջ: Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն ՄՄ անդամակցության վերաբերյալ հավաստիացումները Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայից հետո, ապա, ըստ էության, սա կլինի քաղաքական աջակցություն Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին: Այս տեսակետից, Հայաստանի իշխանություններն իրենց բարդ իրավիճակի մեջ են դնելու իրենց: Ոչ մի բան չստանալով՝ Հայաստանը հերթական անգամ ավելի շատ կորցնում է:
Երեւո՞ւմ է որևէ փոփոխության հնարավորություն:
Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես որևէ որոշում կայացնելու ունակ չեն, հրաժարվել են որոշումներ կայացնելուց և սպասում են, թե ինչ որոշումներ են կայացնելու Կրեմլում, որ այդ որոշումների մեջ տեղավորվեն և կրկնելով այն՝ գտնեն հիմավորումներ Հայաստանի հասարակության համար (իհարկե որևէ հիմնավորում կամ բացատրություն չունեն աշխարհի համար):
Տեղի է ունենում Հայաստանի մեկուսացման գործընթաց: Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայից հետո ՄՄ անդամագրման գործընթացը շարունակելը նշանակում է խորացնել Հայաստանի մեկուսացումը աշխարհից: Ավելի խայտառակ կլինի, եթե հանկարծ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը ստորագրի ՄՄ անդամագրման մասին փաստաթուղթը:
Այդ ժամանակ կլինի՞ արդյոք հանրային բուռն արձագանք:
ՄՄ ասվածն ընդամենը դիվանագիտական շղարշ է, իր բուն էությամբ այն Կրեմլի քաղաքականության մեխանիզմներից մեկն է: Հայաստանի հասարակության կողմից Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ կա երկու մոտեցում. ստրկական վախ, ընդ որում՝ դա արտահայտվում է ոչ միայն հասարակության լայն շերտերում, այլ, որ ավելի ցավալի է, քաղաքական շրջանակներում՝ բացառությամբ մեկ-երկու փոքր կուսակցությունների՝ ԱԻՄ, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն: Մնացած ամբողջ քաղաքական դաշտը ստրկական վախ ունի պուտինյան քաղաքականությունից և Ռուսաստանից: Մյուս երևույթը դեռևս չկողմնորոշվածների խավն է, երբ հասկանում են, որ դա իրենից ինչ-որ վտանգ է ներկայացնում, բայց այդ վտանգների ազդեցությունը և կենսական նշանակությունը դեռևս լիովին չի պատկերացվում: Երկրորդ՝ Ռուսաստանը չկարողացավ դիմագրավել միջազգային ճնշմանը, և բավական լուրջ կորուստներ կունենա: ԱՄՆ, ԵՄ գործողությունների մասին հայտարարությունը բավական էր, որ Ռուսաստանը որոշակիորեն զսպի իր ագրեսիվության աստիճանը, բայց այդ նույն երկրները նաև Հայաստանի համար նշանակություն ունեն, ի նկատի ունեմ ներդրումների առումով, ներդրումներ, որ չի կարող Ռուսաստանը տալ: Հայաստանում խորանալու է տնտեսական իրավիճակը, և հասարակության ընկալումը Ռուասաստանի քաղաքականության բացասական հետևանքների վերաբերյալ մեծանալու է:
Այստեղ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ. կլինի՞ արդյոք այն քաղաքական ուժը, որ կկարողանա այդ բացասական հետևանքների վերաբերյալ հստակ քաղաքական դիրքորոշում ներկայացնել: Առայժմ գոյություն ունեցող քաղաքական ուժերը գտնվում են Ռուսաստանի քաղաքականության սպասարկման կամ դրան ենթարկվելու տրամաբանության մեջ: Հիմա Ժառանգությունը, ԱԻՄ-ը և Ազատ դեմոկրատները կկարողանա՞ն հանդիսանալ այդ ռեսուրսը, թե՞ նոր քաղաքական միավոր կառաջանա: Կարևոր հարցեր են, բայց որի պատասխանները չունեմ: Վրաստանի նախագահը այցելեց Հայաստան, բայց այդպես էլ չիմացանք ինչ են քննարկել, որն է եղել խոսակցության էությունը: Միանշանակ է, որ Հայաստանի մեկուսացումը ոչ միայն համաշխարհային գործընթացներից, այլ նաև հարավկովկասյան տարածաշրջանում է խորանալու, որը չի կարող իր բացասական հետևանքը չունենալ:
Չորս ուժերի հնարավոր միացումը փոփոխությունների հնարավորություն կարո՞ղ է առաջացնել:
Նախ, այդ չորս ուժերը ոչ մի բան չեն առաջարկում, այլ ընդամենը մեկ խնդիր են դնում, որ ՄՄ անդամագրման գործընթացում մասնակցեն նաև իրենք, այսինքն՝ ոչ թե Սերժ Սարգսյանը միանձնյա ՀՀԿ-ի հետ միասին իրականացնի ՄՄ անդամակցության գործընթացը, այլ նաև իրենք մասնակցեն դրան: ՀՀ քաղաքացու շահը, նրա անվտանգության շահը, ՀՀ զարգացման շահը, ՀՀ սահմանադրության սկզբունքների պահպանությունը այդ չորս ուժերի և ՀԿԿ-ի օրակարգում չեն, և հայաստանակենտրոն լինելու մասին բոլոր խոսակցությունները որեւէ հիմքեր չունեն: Հայաստանի բուն խնդիրները ընդամենը հանդիսանում են շահարկման հարց իշխանությունը փոխելու և իշխանությունը վերցնելու, բայց իշխանության որակը նույնը պահելու մեջ: Այսինքն՝ մենք ինչո՞վ ենք պակաս Սերժ Սարգսյանից, որ ինքն է իրականացնում ՄՄ անդամագրումը և ոչ թե մենք: Հենց այդ տրամաբանությունն է, որ բերում է Գագիկ Ծառուկյանին հնարավոր քաղաքական լուրջ գործիչ դիտարկելու և նրա հետ համագործակցության ձևակերպմանը:
Հայաստանում փողային կենտրոնները մի քանիսն են, կա Սերժ Սարգսյանի թիմ՝ իր կլանով, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյան գումարած Գագիկ Ծառուկյան: Դաշտում մնացած փող ունեցողները հիմնականում տեղավորված են Սերժ Սարգսյանի թիմում, նկատի ունեմ մարտի 1-ն ուսումնասիրող փաստահավաք խմբի զեկույցի ցուցակում ընդգրկված անձանց: Այդ ցուցակում հենց ֆինանսական ռեսուրսներ ունեցողներն են, որոնք հանդիսանում են ընդամենը Սերժ Սարգսյանի դիրեկտորները առանձին ձեռնարկություններում: Նրանք այդ ձեռնարկություններում ժամանակավորապես դիրեկտորություն են անում, քանի դեռ կատարում են Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերները:
Այսինքն՝ խնդիրն այն է, թե քաղաքական գործընթացներում ով որ ֆինանսական աղբյուրներից է օգտվում: Այսպես, Սերժ Սարգսյանի կլանից կարող են օգտվել միայն որոշակի քաղաքական ուժեր և նրա հաճախորդները (Գեղամյան, Բաբուխանյան և այլն), երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյան գումարած Գագիկ Ծառուկյան, որը հանդիսանում է իբր այլընտրանքային ֆինանսական աղբյուր: Երբ ասում են, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասություն չկա, ու Քոչարյանն էլ համարում է, որ Գագիկ Ծառուկյանի հովանավորն է, զարմանալի է, որ ոմանք Ծառուկյանին համարում են այլընտրանքային ուժ: Այսինքն՝ եթե ասում են, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասություն չկա, դրանով Քոչարյանին ու Ծառուկյանին տեղավորում են Սերժ Սարգսյանի դաշտում: Այսինքն՝ Հայաստանում բոլոր ֆինանսական կենտրոնները գտնվում են ՄՄ դաշտում, և այդ կենտրոնները շատ լավ համագործակցության մեջ են: Որպես փաստ բերեմ անցած տարվա նախագահական ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանի 5-րոպեանոց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որից հետո հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի դնում: Այսինքն՝ ամեն ինչ այնքան կարգավորված է, որ մնացածն ընդամենը խաղեր են: Ցավոք, հասարակությունն այդ խաղերի անատոմիան չի կարողանում ամբողջությամբ ընկալել ու պատկերացնել, թեև ենթագիտակցորեն զգում է իրականությունը: Այդ խաղերի էությունը ֆինանսական ռեսուրսների ձեռքբերումն է՝ սեփական կառույցների գոյությունը քարշ տալու կամ պահպանելու համար: Փոփոխությունների մասին բացարձակապես խոսք չի կարող լինել: Այս պայմաններում իշխանություններին պետք էր ինչ-որ բան սկսել, դրա համար ասպարեզ բերեցին Ռոբերտ Քոչարյանին:
Այս ամենն արվում է հնարավոր Մայդանը կանխելու համա՞ր:
Հայաստանում այսօր Մայդանը շահավետ չէ ինչպես իշխանության՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, այնպես էլ այսպես կոչված ոչ իշխանական ուժերի: Դա ակնհայտորեն երևում է նրանց հրապարակային հայտարարություններից և գործողություններից: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ,ամեն դեպքում, Հայաստանում Մայդանը լինելու է: Այն լինելու է որպես շարժում, որը գալու է ՀՀ անկախության վերականգնման և ինքնիշխանության պահպանման նպատակով, որովհետև ոչ Մաքսային միությունը, ոչ նրա հիմնական կրող պուտինյան Ռուսաստանը, ոչ նրան սպասարկող քաղաքական ուժերը բացարձակապես ոչինչ չունեն առաջարկելու Հայաստանի քաղաքացիներին ոչ գաղափարական, ոչ արժեքային, ոչ էլ ծրագրերի տեսակետից: Ինչ էլ որ խոսում են, ընդամենը դիվանագիտություն են խաղում սեփական քաղաքացիների հետ, որի նպատակը սեփական գոյությունը շարունակելու համար ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելն է, որոնք կենտրոնացված են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ու Մայդանը գալու է, որովհետև այդ քաղաքական ուժերը և այդ ֆինանսական կենտրոնները չեն կարողանալու լուծել այն խնդիրները, որոնց առնչվում է ՀՀ քաղաքացին: Իսկ Մայդանի սաղմերն այսօր գործող քաղաքացիական խմբերն են: Ու պատահական չէ, որ այսօր ողջ իշխանական և այսպես կոչված «ոչ իշխանական ուժերի» ամբողջ քարոզչությունն ուղղված է հենց այդ քաղաքացիական խմբերի դեմ, որպեսզի ինքնուրույն որևէ կառույց չառաջանա:
Որպեսզի որևէ նախաձեռնություն, որը դուրս է վերահսկողությունից, ի հայտ չգա: Սա է ամբողջ ճշմարտությունը, որը ժամանակի ընթացքում ավելի է բացահայտվում: Այդ տեսակետից, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների որպես քաղբանտարկյալ չճանաչելը հանդիսանում է այդ քաղաքական ուժերի բովանդակության բացահայտումը: Իսկ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դրսևորում են ազատ քաղաքացու վարքագիծ, մտածելակերպ, նրանք համարում են իրենց հակառակորդ, որովհետև նրանց գործունեությամբ կարող է բացահայտվել իրենց քաղաքական ուղեգծի և մոտեցումների սնանկությունը: Համոզված եմ՝ իրենց կողմից կիրառվող դիվանագիտական, վերլուծական բառապաշարը չեն փրկելու իրենց, ու Մայդանը լինելու է:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/95969