Շանթ Հարությունյանի մեղադրանքը փոխելով նախաքննական մարմինը փորձում է փրկել իր դեմքը. Իրավապաշտպան
17:46, April 2, 2014 | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքը անհիմն է, քանի որ գործով փաստական նոր հանգամանքներ և նոր ապացույցներ չեն հայտնաբերվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` մեկնաբանելով Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը:
Նշենք, որ նախաքննական մարմինը մարտի 31-ին որոշել էր փոխել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքը. այժմ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության համար իսկ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշենորվ՝ «դիտավորությամբ հասարակական կարգը խախտելը, որը զուգորդվել է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»։ Նկատենք, որ նախկինում Հարությունյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քր. Օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»:
«Նախաքննական մարմինը նման որոշում կայացնելով փորձում է փրկել իր դեմքը, քանի որ 316 հոդվածը առաջադրելու դեպքում պետք է հիմնավորեր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստը: Փաստորեն կատարվածի վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տեսան, որ չեն կարողանում հիմնավորել այդ մեղադրանքը և հիմա փորձել են հանել ու այն փոխարինել խուլիգանության հոդվածով», -մեզ հետ զրույցում նկատեց Սաքունցը:
Հարցին, թե նախաքննական մարմնին կհաջողվի՞ հիմնավորել խուլիգանության մեղադրանքը, Սաքունցը բացասական պատասխան տվեց:
«Դա էլ չի հաջողվելու: Սա ուղղակի մի միտում է` ամեն ձևով պատժել Շանթ Հարությունյանին: Փորձում են գտնել մի պատրվակ ու նրան պահել անազատության մեջ», -հավելեց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով, Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող նման գործողություններով «քաղաքական իշխանությունը իրավապահ համակարգին դնում է շատ ծիծաղելի դրության մեջ»:
Իրավապաշտպանի տեղեկություններով փոխվել են նաև Շանթ Հարությունյանի հետ միասին կալանավորված Վարդան Վարդանյանի, Արմեն Հովհաննիսյանի, Միսակ Առաքելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները:
«Այս շաբաթվա ընթացքում բոլորինն էլ կփոխեն, որովհետև չի կարող մեկինը լինել 316 հոդվածով, իսկ մյուսներինը` 258 հոդվածով», -փոխանցեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://panorama.am/am/law/2014/04/01/sh-harutyunyan/