Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Տիգրան Պետրոսյանի փաստաբանը բացատրում է, թե ինչու են մեղադրանքները փոխվել
14:34, April 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խտրականության արգելում | ՔաղբանտարկյալներՔանի որ նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակից, կալանավորված Տիգրան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է, նրա փաստաբան Արա Զաքարյանը դիմել է դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտայի իրադարձությունների հետևանքով կալանավորվածներից 6-ի մեղադրանքները փոխվել են, բայց նրանց խափանման միջոցները չեն փոխվել։ Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքներով ի սկզբանե կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Արմեն Հովհաննիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սևակ Մնացականյանի ու Հայկ Հարությունյանի գործողությունները որակվել են խուլիգանություն: Հայկ Հարությունյանին խուլիգանությունից բացի առաջադրվել է նաև թմրամիջոցների հափշտակման մեղադրանք։
Փաստաբանը պնդեց, որ ինչպես նախորդ մեղադրանքը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը (Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով), այնպես էլ նորը, անհիմն են։
«Ես մեղադրանքը բացահայտ կամայականություն եմ համարում իմ պաշտպանյալի նկատմամբ՝ քաղաքական հայացքների համար»,- նշեց նա և ավելացրեց, թե Տիգրան Պետրոսյանին առաջադրված նոր մեղադրանքը հասկանալի չէ։
Փաստաբանը խոսելով մեղադրանքի փոփոխության մասին, նշեց, որ նախաքննական մարմինը 5 ամիս քննությունն կատարելով՝ հասկացել է, որ Տիգրան Պետրոսյանի դեմ առաջադրված մեղադրանքը թույլ է և դատարանում չի կարող պաշտպանել, մեղադրանքը փոխեց։ Արա Զաքարյանի խոսքով, սակայն, նոր մեղադրանքն իր անհեթեթությամբ չի զիջում նախորդին։
«Քանի որ մեղադրանքի մեջ չի նշվում, թե ինչ խուլիգանական գործողություն է կատարել, խնդրել ենք պարզաբանում տալ, որից հետո ցանկանում ենք ցուցմունք տալ և հայտնել դիրքորոշումը։ Խնդիրն այն է, որ մեղադրանքը փոխվել է իսկ փոփոխված հանգամանքների մեջ նշվում են այն հանգամանքները, որոնք հերքվում են նախորդ մեղադրանքի մեջ»,- նշեց նա և ավելացրեց,, որ խուլիգանության որակումը մեկ նախադասությամբ է նոր մեղադրանքում ձևակերպված։
«Մեկ նախադասություն է, թե հարվածել է ոստիկան Արա Մարտիրոսյանին և քաշքշել նրան»,-ասաց նա և ավելացրեց, թե դա գործում հերքվել է, ինչն էլ հստակ երևում է տեսանյութում։
«Տեսանյութում հստակ երևում է, որ իմ պաշտպանյալը հանդիսանում է բաժանողի դերում, մի քանի դրվագ կա, երբ երևում է, որ վտանգ կա, որ ուժ կկիրառվի, նա միջամտում է բաժանելու համար։ Մինչև ոստիկան Արա Մարտիրոսյանին հրելը երևում է, թե ինչպես մի քանի ոստիկան Շանթ Հարությունյանի նկատմամբ ուժ են կիրառում, և նա այդ պահին ոստիկան Արա Մարտիրոսյանին հրում է, որպեսզի ուրիշ գործողություն չկատարի»,- նշեց նա։
Բացի այդ, փաստաբանը նկատեց, որ մեղադրանքները փոխեցին խուլիգանության, քանի որ հասկացան, որ նախորդ՝ 316 հոդվածի երկրորդ մասով մեղադրանքն առաջադրելու դեպքում, նախաքննություն կատարելը վերապահված է միայն հատուկ քննչական ծառայությանը։ «Այս առթիվ նախ պետք է քննությամբ հիմնավորվի, որ ոստիկանի գործողությունները եղել են իրավաչափ, որից հետո արդեն անցնեն մեղադրյալների գործողություններին, ինչը չի արվել։ Այսինքն, եթե նախորդ գործը դատարան մտցնեին, ակնհայտ էր դառնալու, որ մի մարմին է նախաքննությունը կատարել, որը իրավունք չուներ»,- նշեց նա։
Աղբյուրը՝ www.tert.am
Այս մասին՝ newsbook.am