Վանաձորում փաստաբաններն ու իրավապաշտպանները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի
16:22, April 22, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրերս Եվրոպայի խորհուրդը եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) «Փաստաբանների եւ իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները եւ խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների եւ ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով դասընթաց էին կազմակերպել:
Դասընթացի կազմակերպմանն աջակցում էր ՀՀ փաստաբանների պալատը: «Վերապատրաստման դասընթացն ուղղված է փաստաբանների, իրավապաշտպանների կարողությունների, գիտելիքների ամրապնդմանը «Մարդու իրավունքները եւ խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների եւ ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայի վերաբերյալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ, «Փաստաբանների եւ իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը:
Դասընթացի ընթացքում ներկայացվեց խտրականության արգելքին ուղղված ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի եւ Վերանայված սոցիալական Եվրոպական խարտիայի շրջանակներում սահմանված իրավակարգավորումները եւ դրանց կիրառման մեխանիզմները: Ներկայացվեցին նաեւ ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում առկա իրավական կարգավորումները եւ զարգացման միտումները, դրանց անհրաժեշտությունը:
Դասընթացի ընթացքում առավել մանրամասն անդրադարձ կատարվեց ընտանեկան, հաշմանդամության եւ տարիքային հիմքով խտրականության արգելքի հիմնախնդիրներին: «Դասընթացի նպատակն է մասնակիցներին ընդհանուր գիտելիքեր տալ խտրականություն հասկացության, խտրականության տեսակների վերաբերյալ, թե ինչպես տարբերակել խտրականության դրսեւորումները, եւ թե ինչ ապացուցման չափանիշներ է դնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խտրականության վերաբերյալ գործերով»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԱՎ-ի Շահերի պաշտպանության բաժնի համակարգող, «Փաստաբանների եւ իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի փորձագետ Անահիտ Չիլինգարյանը:
Աղբյուրը՝ www.aravot.am